Եկեք հասկացեք, որ խաղի կանոն է փոխվել, և էդ կանոնը ես եմ ֆիքսում

Եկեք հասկացեք, որ խաղի կանոն է փոխվել, և էդ կանոնը ես եմ ֆիքսում

ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց իր ղեկավարած կառույցում տեղի ունեցող ակտիվ կադրային փոփոխություններից, որի արդյունքում Պետեկամուտների կոմիտեն հենց իր՝ Հարությունյանի մարդկանցով է համալրվում։



ՊԵԿ նախագահը չժխտեց․«Իմ մարդկանցով է համալրվում, համալրվում է պրոֆեսիոնալ մարդկանցով, և էլի են կատարվելու։ Էն մարդիկ, որոնք իմ կողմից դրված խնդիրները չեն կարողանալու կատարել, իրականացնել, միանշանակ լքելու են կառույցը»,-ասաց նա։
Այսինքն՝ նախորդները պրոֆեսիոնա՞լ չէին։ «Պրոֆեսիոնալ էին, բայց բան է փոխվել, եկեք հասկացեք, որ բան է փոխվել, խաղի կանոն է փոխվել, և էդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում։ Ես ունեմ իմ ֆիքսած խաղի կանոնը, և պետք է աշխատեմ իմ թիմի հետ այդ կանոնով»,-ասաց Հարությունյանը՝ չմանրամասնելով, թե ինչ խաղի կանոնի մասին է խոսքը։



Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան անդրադառնալով հարկահավաքությանը՝ պարոն Հարությունյանն ասաց․ «Մենք պետության ներկայացուցիչն ենք յուրաքանչյուր բացած բիզնեսի մեջ՝ հարկերի տեսքով։ Պետությունը հանդիսանում է փայատեր ցանկացած բացած բիզնեսում, և էդ բիզնեսում բացված փայի ներկայացուցիչը հարկային մարմիններն են։ Եթե բիզնեսմենը պարկեշտ և առանց խաբելու պետության փայաբաժինը վճարում է, մենք պետք է ուղղակի խթանենք էդ բիզնեսի զարգացմանը։ Իսկ եթե կլինեն բիզնեսմեններ, որոնք կփորձեն թաքցնել, պայքարելու ենք նաև էդ բիզնեսմենների դեմ»։



Hraparak.am-ը նկատեց նաև, թե մաքսայինում հսկիչ գների հետ կապված խնդիրներ կան, դժգոհում են շատերը, բացի այդ՝ շատ տնտեսվարողներ դժգոհում են, որ հարկային տեսուչները գնում միայն իրենց հատուկ մեթոդներով էժան մի բան են գնում խանութներից, որ մեկը հանկարծ ՀԴՄ կտրոն չխփի, որ հետո հազարներով տուգանեն։ Այս ամենի ուղղությամբ ի՞նչ է պատրաստվում անել։



«Էրեխեք ջան, էդ բոլոր պրոբլեմներից տեղյակ եմ, ժամանակ տվեք՝ շտկեմ»,-ի պատասխան «էրեխեքի» հարցին՝ ասաց ՊԵԿ նորանշանակ նախագահը, հետո ավելացրեց․ «Խնդրում եմ, եթե կլինեն բողոքներ, ինձ օգնեք, դուռս բաց է»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ