Երկու նախագահներն էլ պնդել են, որ լինի անկեղծ զրույց

Երկու նախագահներն էլ պնդել են, որ լինի անկեղծ զրույց

Դեկտեմբերի 8-11-ը աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանից Արցախ այցելած մշակույթի գործիչների հետ: Նման հանդիպում ունենալու պատրաստակամություն նախագահը հայտնել էր դեռ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Ստեփանակերտում նախագահի հետ կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մշակույթի նախարարներ Արմեն Ամիրյանն ու Նարինե Աղաբալյանը: 



Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի գնահատմամբ՝ սա կարեւոր ուղեւորություն էր, որի կարեւորությունն ու իմաստը կերեւան մոտ ապագայում, երբ յուրաքանչյուրն իր կարողությունների սահմանում փորձի իրագործել այն, ինչի կարիքը տեսան Արցախում։ Ռուբեն Բաբայանն ասում է՝ 2 շաբաթ առաջ էլ, երբ Արցախում էր՝ ՊՆ-ի կազմակերպած այցելության շրջանակներում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ թատրոնը մեծ հյուրախաղերով գարնանը հանդես գա ոչ միայն ԼՂՀ մարզային կենտրոններում, այլ նաեւ զորամասերում. «Ամենատպավորիչը, իհարկե, հանդիպումն էր զինվորականների հետ, եւ չգիտեմ, թե այդ հանդիպումներից ով է ավելի շատ շահում, կարծում եմ՝ մենք։ Թղթի վրա դա մի ձեւով է երեւում՝ գրաված տարածքներ, ազատագրված տարածքներ, երբ այնտեղ ես գտնվում ու տեսնում ես մարդկանց, հասկանում ես, որ խոսքը գնում է հայրենիքի մասին։ Սա մի քիչ ուրիշ հասկացողություն է, ոչ թե իրավաբանական, այլ իրականում շատ ավելի ամուր եւ պարտադրող»։



Բաբայանի կարծիքով՝ այս հանդիպումից հետո պետք է անցնեն կոնկրետ գործողությունների՝ ամեն մեկն իր ոլորտում, եւ դա արվի ոչ թե որպես PR ակցիա, այլ որպես ամենօրյա անհրաժեշտ աշխատանք. «Երբ զգում ես անհրաժեշտությունդ քո հայրենի հողում, առավել եւս, երբ դա կապված է մշակութային կրթության հետ, որովհետեւ դրա պակասը մենք բոլոր դեպքերում զգում ենք՝ կենցաղից մինչեւ քաղաքականություն, հասկանում ես, որ այս ամեն ինչը մշակութային կրթության պակաս է։ Գուցե յուրաքանչյուրս փորձենք այդ տեսանկյունից լրացնել նաեւ այդ բացը։ Համենայնդեպս, շատ ուրախ եմ այս հանդիպման համար, հիմա չեմ կարող միանգամից ամեն ինչ ասել, որովհետեւ պետք է մարսել եւ փորձել մշակել որոշակի ծրագիր եւ հեռու մնալ PR ակցիաներից։ Ավելի կարեւոր են գործնական քայլերը»։



Թե նախագահն ինչ էր ուզում ասել եւ ինչ էր ուզում լսել մտավորականներից, Բաբայանը նկատում է. «Չգիտեմ, ճիշտն ասած, ինչ էր ուզում ասել կամ լսել։ Մեզ, իհարկե՝ բոլորիս, հետաքրքրում էր իր՝ արդեն երկար ժամանակ Ղարաբաղում գտնվելու պատճառը, քանի որ հանդիպումներ է ունենում զորամասերում, առաջնագծում, խորհրդակցություններ ունենում։ Բոլոր դեպքերում հետաքրքիր էր, թե ինչով է դա պատճառաբանված։ Նա ասաց, որ դա հերթական ամեն տարվա ստուգայցն է։ Խոսք գնաց նաեւ ապրիլյան պատերազմի որոշակի արդյունքների, գնահատականների մասին, թե ինչպես ենք պատրաստվում, եթե հանկարծ եւս մեկ անգամ լինի նման ոտնձգություն։ Դրանք այն բոլոր հարցերն են, որ մտահոգում են բոլորիս եւ ոչ միայն այդ խմբի անդամներին»։



Նախագահի հետ հանդիպման ընթացքում Ռուբեն Բաբայանը բարձրաձայնել է բռնության այն գաղափարախոսությունը, որ տիրում է Հայաստանում հասարակական բոլոր շերտերի մոտ. «Ասացի նախագահին, որ բռնության այդ գաղափարախոսության դեմ կարելի է պայքարել միայն մշակույթով, կարելի է ոստիկանության քանակը կրկնակի ավելացնել, քարոզչությունով զբաղվել տարբեր ամբիոններից, թե ինչ վատ բան է բռնությունը, կամ փորձել բացատրություններ տալ, որ սոցիալական վիճակն է բերում դրան։ Բայց մենք շատ լավ հիշում ենք, որ պատերազմական տարիներին սոցիալական վիճակը երեւի ավելի վատ էր, քան հիմա, բայց բռնության նման դրսեւորումներ չկային։ Ուրեմն խոսքը վերաբերում է նրան, որ մեր երկրում իսպառ բացակայում է մշակութային կրթությունը։ Եվ դա գալիս է նրանից, որ պատկան մարմինները՝ նախագահից սկսած, ընկալում են մշակութային կրթությունը զուտ որպես ժամանց, մի խոսքով՝ թատրոն գնալը, դասական երաժշտություն լսելը կամ պատկերասրահ, թանգարան այցելելը չեն տարբերակվում, ասենք, կարուսել նստելուց։ Նախագահն ուշադիր լսում էր բոլորիս առաջարկները, նաեւ իր հակափաստարկներն էր բերում, ասում էր, որ որոշակի բաներ կան, որոնց հետ ինքը միգուցե համաձայն չէ, գուցե բաներ կան, որ պետք է վերանայել ու նորից մոտենալ։ Գիտեք, էլի, կյանքը ցույց կտա, վերջիվերջո, ամեն մեկը կատարում է իր դերը, մեկի գործն այդ հարցը բարձրաձայնելն է, մյուսի գործը՝ այդ հարցը լուծելը»։



Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը գոհ է այցելությունից։ Ասում է, որ երկու նախագահներն էլ հանդիպման ընթացքում պնդել են, որ լինի անկեղծ զրույց. «Մնում է, որ մշակույթի գործիչները դրսեւորվեին նույնքան անկեղծ, որքան կուզեին իրենք կամ ցանկանում էին։ Իմ կարծիքով՝ անկաշկանդ հանդիպումներ էին, եւ բարձրացվել են թե քաղաքական, թե տնտեսական վիճակին վերաբերող հարցեր։ Մշակույթի գործիչներից յուրաքանչյուրն իր ոլորտին վերաբերող հարցեր է բարձրաձայնել»։ Նիկողոսյանի դիտարկմամբ՝ մշակույթի նախարարների հետ հանդիպելու առիթներ ավելի հաճախ են լինում, եւ գոնե նախարար Ամիրյանի վերջին ամսվա կեցվածքն այնպիսին է, որ թվում է՝ լավ շարունակություն պետք է ունենան նրա նախաձեռնությունները. «Իսկ նախագահի մոտ բարձրացվել են տարբեր խնդիրներ, դրանցից մեկը՝ ժամանակակից արվեստի մեծ թանգարան ունենալու հարցը, որը, ըստ նախագահի, ընթացքի մեջ է, պարզապես ապրիլյան դեպքերից հետո առկախվել է այդ հարցը, բայց անպայման կունենանք ժամանակակից պահանջներին համապատասխանող արվեստի թանգարան»։



Ինչ վերաբերում է գրահրատարակչության ոլորտին, ապա այս ոլորտին առնչվող հարցերից մեկն ինքն է հնչեցրել, բայց դա առնչվել է ոչ այնքան գիրք տպագրելու, որքան ստեղծվող արժեքների իրացման եւ գնահատման խնդրին. «Իսկ դա, իմ կարծիքով, կապված է մեր երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի, արդարության գիտակցության հետ։ Ես ինքս նման խնդիր եմ բարձրաձայնել, թե ինչպես անենք, որ մեր երկրում այդ արժեքները գիտակցվեն եւ գնահատվեն։ Բարձրացվել է սերիալներին վերաբերող հարց, որ դեգրադացնում են հասարակությանը, եւ այս դեպքում, որպես հակափաստարկ, բերվել է այն հանգմանքը, որ դրանք պահանջված են, գովազդներ են ապահովում, եւ պետությունը, իշխանությունը իրավունք չունի մասնավոր հեռուստաընկերությունների դեպքում միջամտել, եւ հիմնական վերահսկողությունը Հ1-ի վրա է, որն էլ պետք է ծառայի որպես հակակշիռ, որպեսզի այդ սերիալները քիչ նայվեն։ Մենք սովորաբար սիրում ենք ամեն ինչ պետության ղեկավարների, իշխանության վրա գցել, բայց այդ հանդիպումների ընթացքում, կարծում եմ, մի շատ կարեւոր հարց բարձրացվեց, թե արվեստագետներից, մշակույթի գործիչներից յուրաքանչյուրն ինչով է պատրաստ օգտակար լինել Արցախին, եւ, ինչպես Բակո Սահակյանն էր ասում, մի ուրիշ զորամիավորում էլ սա է։ Այսինքն՝ այդ օգտակար լինելն արտացոլվի ոչ միայն այցելություններով, զինվորներին տեսակցություններով, այլեւ կոնկրետ գործով, եւ դա կարող է լինել ոչ միայն արվեստի գործերի ստեղծում, այլեւ հատկապես մեր խոշոր անհատականությունները, օգտագործելով իրենց հեղինակությունը, Արցախի խնդիրը բարձրաձայնեն տարբեր տեղերում եւ դրան տան բարձր հնչեղություն»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ