Լրագրողները բոյկոտեցին Ռուբիկ Հակոբյանի հրավիրած ասուլիսը

Լրագրողները բոյկոտեցին Ռուբիկ Հակոբյանի հրավիրած ասուլիսը

Այսօր պետք է կայանար ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ասուլիսը։ «Այսօր՝ դեկտեմբերի 13-ին ժ.13.00 ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա իմ մամլո ասուլիսը: Հրավիրում եմ հավատարմագրված բոլոր լրագրողներին»,- ասվում էր Ռուբիկ Հակոբյանի հայտարարության մեջ: Ասուլիսի գաղափարը հավանաբար պատկանում էր ԱԺ
Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին, որն այն քչերից էր, որը պաշտպանում էր Ռուբիկ Հակոբյանին՝ ընդդեմ լրագրողի։ Նա վաղ առավոտյան հայտարարություն էր տարածել․«Դեկտեմբերի 13-ին` ժամը 13:30-ին, Ազգային ժողովի 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի լրագրողի հետ կապված վերջին օրերին տեղի ունեցած միջադեպին»: Խոսքը, հիշեցնենք, մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին էր, որի ժամանակ պատգամավորը «Հրապարակի» լրագրող Վահե Մակարյանին հեռացրել էր մարդկանց տեսադաշտից, տարել մի հարկ ներքեւ, որտեղ տեսախցիկներ չկան տեղադրված, եւ բռունցքներով հարձակվել նրա վրա։ Ապա երբ մամուլը աղմուկ բարձրացրեց, հաջորդ օրն խորհրդարանի ամբիոնից ներողություն էր խնդրել Ազգային ժողովից եւ վիրավորական արտահայտություններ արել լրագրողի հասցեին, ինչն ավելի է վրդովվեցրել լրագրողական համայնքին։   



Վաղ առավոտյան ստանալով լուրը, որ պատգամավորը պատրաստվում է նորից արծարծել այս թեման եւ ասուլիսի է հրավիրել, որպեսզի շարունակի լրագրողին ու լատվամիջոցը վարկաբեկելու իր ծրագիրը, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները որոշեցին, որ ոչ ոք չպետք է ներկայանա այդ ասուլիսին։ Հայաստանում բոյկոտները սովորաբար ձախողվում են եւ քիչ հավանական էր, որ այս պարագայում կհաջողվեր, սակայն, պարզվեց, լրագրողներն այս հարցում շատ միասնական են եւ բոյկոտն այնքան էլ պասիվ պայքարի միջոց չէ։ Դեպի 334 սենյակ շտապող պատգամավորը ճեղքեց եւ անցավ բազմաթիվ տեսախցիկների եւ լրագրողների միջով, սակայն նրա ետեւից ոչ մի լրագրող չշտապեց դեպի ասուլիսի դահլիճ։ Եւ չնայած լուրեր կային, որ որոշ խմբագիրներ պահանջել են, որ իրենց լրագրողները մասնակցեն ասուլիսին, սակայն լրագրողները միասնաբար բոյկոտեցին այն, ինչի արդյունքում ասուլիսին մասնակցեցին միայն ԱԺ լրատվական ծառայության լրագրողները։



Տեսանյութը Hraparak.am-ի