15 տոկոսանոց ընդդիմությո՞ւն լինեմ, ի՞նչ անեմ

15 տոկոսանոց ընդդիմությո՞ւն լինեմ, ի՞նչ անեմ

Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը կրկին քաղաքական եւ քաղաքացիական սեկտորների արանքում է հայտնվել։ Օրերս համառ լուրեր էին տարածվել, թե նա պատգամավոր է ուզում դառնալ եւ «ԳԱԼԱ» կուսակցության կողմից հայտնվելու է եռյակ դաշինքի՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Հանրապետության», «Լուսավոր Հայաստանի» համատեղ ցուցակում։ Բարսեղյանը, սակայն, իրեն հատուկ կեսկատակ ոճով հերքեց այդ տվյալը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «ԶԼՄ-ներից իմացա, որ ԱԺ պատգամավորության թեկնածու եմ, մասնակցում եմ քաղաքական բանակցությունների… Մի խնդրանք ունեմ, հենց «Պագանի Զոնդա» առա, ինձ տեղեկացրեք, հետո գրեք էդ մասին, շատ կխնդրեմ»։ Բարսեղյանին մի քանի հարց տվեցինք։ 



- Հիմա Դուք Գյումրու ավագանու անդամ եք, այնպես չէ՞։



- Ասում են, որ մանդատ ունենք, բայց չեմ վերցրել։ Ես դեռ չեմ ճանաչում էդ մանդատը: Երեք կուսակցությունները որոշել են չմասնակցել նիստերի, մինչեւ դատական ատյանները սպառեն։



- Հիմա էլ, ասում են, պատգամավոր եք ուզում դառնալ՝ «ԳԱԼԱ»-ի կողմից։ Ինչո՞ւ են նման լուրեր տարածվում, ի՞նչ եք կարծում։



- Ես որեւէ նման մտադրություն չեմ հայտնել, չեմ խոսել, որեւէ մեկի հետ չեմ բանակցել: Սերժիկները զոնդաժ են անում իրենց փչոցներով։ Երեւի թեկնածու լինելս խաղաքարտեր է խառնում, ուզում են լավ դասավորվել։



- Դուք էլ ջղայնացեք ու մտեք ցուցակ։



- Շատ կլինի:



- Դուք «ԳԱԼԱ»-ի հետ հիմա կապ ունե՞ք․ դաշինք, միավորում, նախաձեռնություն չե՞ք կազմելու։



- Ոչ մի նման խոսակցության մեջ չկամ: «ԳԱԼԱ»-ի հետ բարեւ-բարլուս հարաբերություններ են միայն։



- Բայց Ձեր գրառումների մեկնաբանություններից երեւում է, որ շատերը կուզեին Ձեզ ԱԺ-ում տեսնել։



- Հա, բայց բազմապատիկ շատերը կգնան եւ Սերժիկին կընտրեն, ինչպես Գյումրիում եղավ։ Գնամ այնտեղ ամբիոնի՞ խաթեր, դե, ստեղ էլ ինչ ուզում, ասում եմ։ Գնամ այնտեղ, 15 տոկոսանոց ընդդիմություն լինեմ, ի՞նչ անեմ, աշխատավարձի՞ համար:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ