ՀՅԴ ճաշկերույթ-դրամահավաքին ներկա է եղել Էդվարդ Նալբանդյանը

ՀՅԴ ճաշկերույթ-դրամահավաքին ներկա է եղել Էդվարդ Նալբանդյանը

Դեկտեմբերի 10-ին Փարիզում կայացել է Հայ դատի գրասենյակների ֆինանսավորման հերթական ճաշկերույթը։ Բավականին մեծ գումար է հավաքվել՝ մոտ 4,5 մլն․ դոլար։ Ճաշկերույթին ներկա են եղել անհատներ, կազմակերպություններ Հայաստանից եւ Սփյուռքից։ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը մեզ հաղորդեց, որ ներկաների թվում են եղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Վեհափառը, որը միշտ նեցուկ է կանգնում նման նախաձեռնություններին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահն ու պատվավոր նախագահը։ «Սա չորրորդ դրամահավաքն է, որ տեղի ունեցավ, եւ հավաքված գումարը մեր ակնկալածի սահմանների մեջ է։ Հիմա մնում է խոստացված գումարներն ստանալ եւ անցնել մեր ծրագրերի իրականացմանը»,- ասաց Պետո Դեմիրճյանը։



- Փաստորեն, մեծ վստահություն կա Ձեր ծրագրերի նկատմամբ։ Որո՞նք են դրանք։ Թեեւ գիտեմ, որ ոչ ամեն ինչ եք հրապարակում, բայց թույլատրելի չափով։



- Տեսեք, վերջին դրամահավաքը տեղի ունեցած էր 2009-ին, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մեր ծրագրերին վստահություն կար, քանի որ նվիրված եւ անխափան աշխատանք իրագործած ենք անցյալ յոթ տարիների ընթացքում։ Հայ դատի գրասենյակներում եւ հանձնախմբերում աշխարհասփյուռ ցանցը գիշեր ու ցերեկ անընդհատ աշխատած է եւ կաշխատի Հայաստանի եւ Արցախի մեր զույգ հանրապետություններին օժանդակելու համար, հայկական ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցերը միշտ օրակարգի վրա պահելով, Ադրբեջանի հակահայ քայլերուն դեմ դնելով եւ միջազգային բեմերու վրա հայամետ դիրքեր ապահովելով: Այս բոլոր աշխատանքներն ակնհայտ են եւ վստահություն կներշնչեն յուրաքանչյուրին։ Դրամահավաքի ընթացքում հաշվետվություն ներկայացվեց նախորդ տարիների կատարած ծախսերի համար։ Կրնամ հստակ ըսել, որ յուրաքանչյուրի ծախսած դոլարի դիմաց անհամեմատ ավելի աշխատանք տարված է: Մեր նվիրատուները եւ աջակիցները գիտեն, կտեսնեն: Նույն եւ ավելի թափով շարունակելու ենք առաջ մղել Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, Հայաստանի պետականության հզորացումը, հայկական ցեղասպանության հարցը, սփյուռքահայերի իրավունքները եւ քաղաքականացումը:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ