Ես Ծառուկյանի հետ շփվում եմ միշտ

Ես Ծառուկյանի հետ շփվում եմ միշտ

ՀԱԿ համագումարին ներկա էր գործարար, ժամանակին նույնիսկ օլիգարխ համարվող Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, որը 2008 թվականից մինչ այսօր ՀԱԿ անդամ է։ Իշխանության կողմից գործադրված ճնշումները, ունեցվածքի կորուստը՝ ոչինչ չազդեց նրա վրա։ Այնուամենայնիվ, Հակոբ Հակոբյանը հազվադեպ է հայտնվում հանրությանը եւ չի սիրում լրագրողների հարցերին պատասխանել։ «Ի՞նչ եք անում, պարոն Հակոբյան։ «7-ի գործից» հետո համարյա չեք երեւացել»,- հարցով մոտեցանք նրան։ 



- Ոչ մի բան չեմ անում։



- Բիզնե՞ս էլ չունեք։



- Չէ։



- Իսկ քաղաքականությամբ զբաղվո՞ւմ եք։



- Հեսա, մասնակցում եմ Կոնգրեսի միջոցառումներին։ Բոլոր միջոցառումներին մասնակցել եմ, միշտ իրենց հետ եմ։



- Ընդդիմության վիճակից ի՞նչ կասեք, իրարից կտրված, ցրված ընդդիմության։



- Լավ կլինի։ Որ սենց ցրված են, ոչինչ։ Կամաց-կամաց կմիանան։ Օրը կգա, իրենք ստիպված կլինեն իրար միանալու։



- Իսկ շո՞ւտ կգա այդ օրը։



- Հա, մոտ է արդեն։



- Ծառուկյանի վերադարձի մասին ի՞նչ կասեք։ Կարո՞ղ է էլի ինչ-որ համագործակցություն լինի նրա հետ, թե՞ չէ։



- Հնարավոր է, ես այդպես եմ մտածում, չի բացառվում։ Ինքն ինձ շատ մոտ, շատ հարազատ մարդ է, ես նրա հետ շփվում եմ միշտ, հնարավոր է նա էլ մեզ միանա։
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանին հարցրինք, թե Ծառուկյանի հետ հնարավոր համագործակցության մասին Հակոբ Հակոբյանի կանխատեսումը որքանով է համընկնում ՀԱԿ մարտավարության հետ։ «Քաղաքական այլ ուժերի հետ համագործակցության հարցում հստակեցումներ կարվեն առաջիկայում»,- պատասխանեց Մուսինյանը:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ