Արա, դե ամոթ է, էլի, ինչքա՞ն կարելի է նստել այդ աթոռին

Արա, դե ամոթ է, էլի, ինչքա՞ն կարելի է նստել այդ աթոռին

ՀՀ պաշտոնյա լինելու համար մի քանի առանձնահատկություն պետք է ունենաս: Դրանցից են պնդերեսությունը, ականջները միմյանց միացնող դյույմանոց խողովակի առկայությունը, նստելուց չթմրող հետույք եւ, իհարկե, կատվային բնազդ, որ ինչպես նետում ես` չորս ոտքի վրա է վայրէջք կատարում: Եթե այս ամենն ունես, ուրեմն պատրաստի ՀՀ պաշտոնյա ես, եւ մնում է մի տեղ խցկվել: Իսկ որ խցկվեցիր` էլ վերջացավ, դուրս գալ չկա, մինչեւ չհանեն, կամ չորոշես գնալ վերին Երուսաղեմ:



Չեմ վարանի ասել, որ սա անխտիր վերաբերում է բոլոր պաշտոնյաներին: Մենք արդեն իսկ ականատես եղանք, թե նոր վարչապետի գալուց հետո ինչքան պաշտոնյայի հանեցին: Լսե՞լ եք, որ մեկը բողոքեր, թե իրեն հանիրավի են հանել: Չէ: Իսկ դա նշանակում է, որ նրանցից ոչ մեկը որեւէ արգումենտ չի ունեցել պաշտոնը տարիներ շարունակ զբաղեցնելու համար: Բայց զբաղեցրել են առանց օֆ ասելու, որպես քար` տարիներ շարունակ ընկած մնացել այն մարդկանց ճանապարհին, ովքեր, եթե նրանց հնարավորություն տային գործ անելու, գուցեեւ կանեին ու բան կփոխեին երկրում: Մինչդեռ այդ մարդիկ անտեսվել են, որովհետեւ չեն համապատասխանել ՀՀ պաշտոնյայի վերը թվարկված չափորոշիչներին:



Պաշտոնյաները մամուլի թիվ մեկ, հակառակորդը չասեմ, հետաքրքրության օբյեկտ են: Այդպես է ամբողջ աշխարհում, այդպես է նաեւ Հայաստանում: Եվ որքան խոշոր է պաշտոնյան, այնքան մեծ է նրա նկատմամբ հետաքրքրասիրությունը: Չնայած այս հանգամանքին` ՀՀ նույնիսկ խոշոր պաշտոնյաներից ոչինչ ավելին չի պահանջվում, քան մանրերից: Չափորոշիչները նույնն են` պնդերեսություն, մի ականջից մտածը մյուս ականջից դուրս թողնելու ունակություն, չհոգնող հետույք եւ կատվի բնազդ: Այս ուղղությամբ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ պաշտոնյաներին ուղղված ընդհանրական քննադատությունը որեւէ առանձին վերցված պաշտոնյայի վրա աննշան ազդեցություն անգամ չի գործում: Այլ խոսքով` ոչ ոք իր վրա չի վերցնում քննադատությունը: Թեկուզ մեջտեղից կիսվիր, գոռա` հերիք է, մի կողմ քաշվեք, սերնդափոխություն է պետք երկրին, նոր արյուն: Լսող չկա: ՀՀ պաշտոնյաների ականջներն իրար միացնող դյույմանոց խողովակը հենց նման դեպքերի համար է: Այս քննադատությունն իրենց միջով այնպես է անցնում, ինչպես Mercedes-S 600-ը Սեւանի մայրուղով: Բայց դու փորձիր անուն տալ: Այ, այդ ժամանակ սկսվում է ամենահետաքրքիրը: Հետեւում է մի փոքր կարճ միացում, եւ սկսում են գործել մյուս չափորոշիչները` պնդերեսությունը, աթոռին ձուլվելու եւ միշտ ոտքի վրա մնալու բնազդները: Փորձի համար ապտակեք ՀՀ պաշտոնյային: Նա ոչ թե դեմքը կպաշտպանի, այլ երկու ձեռքով կկառչի աթոռից: Այդ պահին նրա կարծում է, թե ուզում ես աթոռը քաշել իր տակից, իրեն գծերից գցել եւ այսպիսի բաներ:



Եվ ինչ են անում, երբ մամուլն իրենց մասին, որպես առանձնյակի, քննադատական նյութ է հրապարակում: Քննադատության չափն ու բնույթն էական չեն: Թող որ դա լինի բարեկամաբար արված քննադատություն կամ թեթեւակի կսմիթ, ՀՀ պաշտոնյայի մոտ նույն ռեֆլեկտորներն են աշխատում: Ուրեմն, թերթը դեռ կրպակ չհասած, ՀՀ պաշտոնյայի մամուլի խոսնակը կամ խորհրդականն սկսում է հակաթույն ներարկել այլ լրատվամիջոցների եւ քննադատություն հրապարակած թերթին կամ կայքին մեղադրել ինտրիգներ հրահրելու, տվյալ պաշտոնյայի հակառակորդներին ծախվելու եւ բազմաթիվ այլ երկրային ու երկնային մեղքերի մեջ:



Դեռ չի եղել մի դեպք, որ ՀՀ պաշտոնյան մամուլի «ոչ հաճելի» հրապարակման կապակցությամբ կանգնի հայելու առջեւ եւ զննի ինքզինքը` գուցե ճի՞շտ է գրել թերթը: Էլ չենք խոսում իր ներքին էությունը գոնե մեկ անգամ սքանավորելու մասին, որ հասկանա, թե ինչու է լրատվամիջոցն իր մասին այդպիսի բան գրել:



Համոզված ենք, որ այս հոդվածը, որ բոլոր ՀՀ պաշտոնյաների մասին է, կմնա անարձագանք, որովհետեւ անուններ չենք նշել: Մինչդեռ «Հրապարակի» փոքրիկ ակնարկը` ուղղված մի կոնկրետ պաշտոնյայի, երկու օր առաջ ասելիք էր դարձել: Մենք այնքան միամիտ չենք, իհարկե, որ մտածենք, թե պաշտոնյան ազդվել է դրանից: Նույնիսկ գիտեինք, թե ինչ է լինելու այդ հրապարակումից հետո: Այնպես որ՝ խոսնակին երգացնելու պրիմիտիվ հնարքով «Հրապարակին» զարմացնելը շատ դժվար է: Մենք հիմա միայն հույսով ենք ապրում, որ սերնդափոխության անհրաժեշտության մասին մեր ելույթները գոնե այնքան ազդեցություն կունենան, որ ՀՀ պաշտոնյաները հասկանան վերջապես` արա, դե ամոթ է, էլի, ինչքա՞ն կարելի է նստել այս անիծված աթոռին, հո ոտքերս առաջ չե՞ն տանելու այստեղից:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ