Դիմակահանդես. տարեմուտի նիստ կառավարությունում

Դիմակահանդես. տարեմուտի նիստ կառավարությունում

Վարչապետը, նախարարներին գլխին հավաքած, արտահերթ նիստ է անում:



- Տիկնայք եւ պարոնայք, այս տարի մեզ է վստահված «նավագոդնի բալը» կազմակերպելու պատասխանատու գործը: Ես արդեն զանգել եմ Ռուսաստան, «յոլկան» կբերեն, իսկ մնացածը մեր ուժերով պետք է անենք: Ֆիննախ, զեկուցեք` ինչքա՞ն փող կարող ենք հատկացնել:



- Ինչքան ասեք, պարոն վարչապետ:



- Չէ, ես որ ասեմ` քիչ կասեմ, բայց սա նախագահի հանձնարարական է, եւ կծծիություն անելը տեղին չէ: Դե լավ, մինչեւ փողային հարցերին անցնելը, եկեք դերաբաշխում անենք: Այսպես, Ձմեռ պապը կլինի նախագահը: Ձյունանուշի թեկնածու ասեք:



- Տիկին Ռիտան…



- Ոչ, պարոն Մինասյան, տիկին Ռիտան չի կարող Ձյունանուշ լինել: Շատ լավ երեւում է, որ ՀՀԿ համագումարում չեք եղել, այլապես կիմանայիք, որ նախագահը որոշել է բոլորին տեղ ու դերակատարություն հատկացնել մեր քաղաքական կյանքում: Այնպես որ` տնից մի հոգի պետք է ներգրավենք, որ մյուսներին էլ դեր հասնի: Ձյունանուշի թեկնածություն տվեք…



- Ինչո՞ւ եք բոլորդ ինձ նայում,- նեղվեց Արփինե Հովհաննիսյանը: Ես Ձյունանուշ լինելու համար շատ բարձրահասակ եմ:



- Ես կասեի` շատ գեղեցիկ…



- Օ՛, պարոն Աբրահամյան, ուշ-ուշ եք գալիս, բայց ոչ ուշացած, Դուք ներս եք մտնում ճիշտ ժամանակին… Շատ հաճելի է, որ որոշել եք աջակցել մեզ այս դժվար, բայց պատվավոր գործում: Ձյունանուշի թեկնածու ենք փնտրում, կին է պետք:



- Քանի՞ հատ, հենց հիմա զանգեմ խնամուս…



- Ոչ, ոչ, պետք չէ խնամիների զանգել, նախագահն ասել է միայն մեր ուժերով:



- ԵԱՏՄ-ից բերենք,- միջամտեց Վաչե Գաբրիելյանը:



- Վատ միտք չէ, ոսկեգույն կեղծամի համար էլ փող չենք ծախսի: Ես այդ հարցով կխոսեմ Մոսկվայի մեր ընկերների հետ…
Զանգում են վարչապետի ձեռքին:



- Ալո… Ես եմ, բա էլ ո՞վ պետք է լինի… Ո՞վ… Նորից ասա, լավ չի լսվում… Պարոն դեսպանին ասա` վաղը գա, կարեւոր հարց ենք քննարկում: Նորից դիմում է նիստի մասնակիցներին.



- Լավ, տիկնայք եւ պարոնայք, հարցի քննարկումը շարունակում ենք: Քանի որ միջոցառումը կոչվում է «Նավագոդնի պոլիտ-բալ», բնականաբար, քաղաքական ուժեր պետք է հրավիրվեն: Առաջարկում եմ քաղաքական ուժերին հրավիրել ըստ ԱԺ-ում ունեցած տեղերի:



- Իսկ ինչո՞ւ ոչ` ըստ կառավարությունում ունեցած տեղերի: Էս ազիզ օրով Զարուհու եւ Նիկոլի հավեսն ունե՞ք: Էլի պիտի գան` 1000 դրամի համար իրար ուտեն,- ասաց Վիգեն Սարգսյանը:



- Պաշտպանության նախարարը ճիշտ է ասում, պարոն վարչապետ: Ավելի լավ է` մենք մերոնցով հալալ մի կտոր հաց ուտենք,- իր հերթին դժգոհեց Դավիթ Հարությունյանը:



- Չէ, չէ, պարոն Հարությունյան, ոչ մի դեպքում: Նախագահի հանձնարարականն ասում է, որ պետք է լայն կոնսոլիդացիա լինի:



-Ուրեմն թող ԱԺ-ն էլ այդ հարցը կարգավորի:



- Լավ, ի՞նչ մի դժվար բան է, պարոն Հարությունյան, պետք է ընդամենը զանգել եւ հրավիրել բոլորին: Մենք այնպես կանենք, որ սրահում ամեն խմբակցություն իր սեղանն ունենա:



- Իսկ արտախորհրդարանական ուժեր հրավիրելո՞ւ ենք:



- Օրինակ ո՞ւմ, տիկին Հակոբյան:



- Յոժին:



- Еж?, я никаких ежов не знаю…



- Վա՛ա՛ա՛յ, լրիվ նոր կուսակցություն է, դեռ չապականված:



- Չէ, նորերին պետք չէ հրավիրել, չգիտես իրենց ինչպես կպահեն: Ի վերջո, նախագահն է այնտեղ լինելու:



-Անցանք առաջ: Քանի որ սա պարահանդես-դիմակահանդես է լինելու, պետք է բոլոր հրավիրյալներին զգուշացնել, որ գան դիմակներով:



- Կարծում եմ` դա ավելորդ է:



- Ինչո՞ւ, պարոն Աբրահամյան: Դիմակահանդեսի օրենք է` մասնակցել դիմակով:



- Ես էլ դա եմ ասում: Նրանք արդեն դիմակով են: Դուք նրանց իրական դեմքերը չեք տեսել, իսկ ես երկար եմ աշխատել ԱԺ-ում:



- Հա, բայց որ մենք դիմակով գնանք, ԱԺ-ից կասեն` կողմնապահություն եք արել:



- Մենք, ներողություն, կառավարությունն էլ կարող է առանց երկրորդ դիմակի լինել: Պատգամավորների եւ նախարարների միջեւ տարբերությունը մեծ չէ, պարոն Կարապետյան, ես կառավարությունում էլ եմ աշխատել:



- Ըմմմմ, ահա թե ինչ:



- Այո, ահա թե ինչ:



- Պարոն Աբրահամյան, կասե՞ք, թե ինչ տեսք ունի, օրինակ, Շմայսն առանց դիմակի,- փորձեց կառավարության դեմքը փրկել մշակույթի նախարարը:



- Պարոն Ամիրյան, հավատացեք, շատ ավելի համակրելի, նույնիսկ հեռուստահաղորդում կարող է վարել, եթե դիմակը հանի:



- Ընկերներ, ըըըը, պարոնայք, մի մոռացեք, որ նիստը ես եմ վարում, արդեն երկխոսության եք վերածում: Պարոն Լոքյան, ինչպիսի՞ տարածքային բաժանումներ անենք հանդիսասրահում` մանր-մանր սեղաննե՞ր դնենք, թե՞ երկար սեղաններ գցենք` ԱԺ, կառավարություն, նախագահական…



- Կարծում եմ՝ խոշորացված տարբերակն ավելի ընդունելի է: Փոքր-փոքր խմբերով լավ չէ, իրար չեն լսում, ծախսած փողն էլ չի երեւում:



- Ես էլ եմ այդպես կարծում: Կնստենք իշոտնուկների վրա` երկար սեղանների շուրջ: Դա մեզ հնարավորություն կտա մատուցողների թիվը 50 տոկոսով կրճատել… ըըըը… մի 10 հազար դոլար կանի:



- Տակ, տակ… հասանք լրագրողական կորպուսին: «Ձմեռ պապն» ասում էր` բոլորին հրավիրենք, ի՞նչ կասեք:
Լռություն:



- Հասկանալի է: Անցավ միաձայն: Ես առաջարկում եմ լրագրողական կորպուսի սեղանը կառավարության եւ ԱԺ-ի սեղանների արանքում գցել, որպեսզի մասմեդիայի համար իշխանության երկու թեւերն էլ հասանելի լինեն: Կա՞ այլ առաջարկ: Խնդրեմ, պարոն Ասատրյան:



- Մեզ հարցե՞ր են տալու այդ օրը:



- Չեմ կարող ասել, գուցեեւ տան:



- Այդ դեպքում մի թեթեւ սելեկցիան չէր խանգարի:



- Ճիշտ է ասում պարոն Ասատրյանը: Բժշկությունից ինչքան հեռու լրագրող կա, պետք է լցվեն ու սկսեն ծննդկաններից հարցնել:



- Պարոն Ալթունյան, քիչ առաջ ես հարցրի` բոլորի՞ն ենք հրավիրում: Ձայն չհանեցիք, իսկ հիմա խոսում եք, դժգոհում լրագրողներից:



- Ես առաջարկում եմ լրագրողների սեղանին օղին շատ դնել:



- Տիկին Հակոբյան, կարծում եք Քյավառի այդ պապենական հնարքը կանցնի՞:



- Իհարկե կանցնի: Չպետք է մոռանալ` за чужой счет пьют даже трезвенники и язвенники… Սա դեռ կոմսոմոլում բոլորը գիտեին:



- Ֆիննախն ի՞նչ կասի:



- Ոնց կասեք, պարոն վարչապետ, կարող եմ օղու քանակն ավելացնել: Օղին, միեւնույն է, Ձեր եւ նախագահի հյուրասիրությունների տողով ենք դուրս գրելու, իսկ ձեր խմածը ոչ մի տեղ չի գրանցվում:



- Լավ, ուրեմն տիկին Հակոբյանի առաջարկն ընդունում ենք: Դե՞մ` չկա: Անցանք առաջ: Պարոն Առաքելյան, մենյուն Ձեզ վրա: Ի՞նչ ունեք սեղանին դնելու:



- Ե՞ս…



- Չէ, ես… Հայրենիքի ամբարները Ձեր տրամադրության տակ են, իմ տրամադրության տակ չեն: Շատ էլ, թե ես եմ ամեն օր գյուղերն ընկած ման գալիս:



- Մրգի սեղան դնենք, դիետիկ,- գյուղնախարարին օգնության հասավ Արփինե Հովհաննիսյանը:



- Հրաշալի առաջարկ է,- պայծառացավ Հովիկ Աբրահամյանը:



- Դեմ չենք,- ասաց վարչապետը:



- Դե որ շատ եք ուզում մրգի սեղան լինի, թող լինի: Լոռիում թթու դրած կաղամբ ու կարտոֆիլ է մնացել, բերել կտամ…



- Փողո՞վ:



- Չէ, ծանոթ ֆերմեր է, փողը հետո էլ կարող ենք տալ…



- Ի՛ի՛ի՛, բայց կարտոֆիլը միրգ չէ, ոչ էլ թթու դրած կաղամբը:



- Տիկին Հովհաննիսյան, ես էլ գիտեմ, որ միրգ չեն, բայց փոխարենն անվճար են այս պահին: Շնորհակալություն, պարոն Առաքելյան: Զբաղվեք մթերքի փոխադրմամբ: Կասեք, որ բերեն կառավարության պահեստ:



- Տիկնայք եւ պարոնայք, իսկ հիմա պարերի բաժինը: Առաջին պարը լինելու է տանգո, հրավիրելու է Ձմեռ պապը: Մեր խնդիրն է, հատկապես ձեր խնդիրն է, տիկին Հակոբյան եւ տիկին Հովհաննիսյան, որ Ձմեռ պապը պարի հրավիրի կառավարության ներկայացուցչին: ԱԺ սեղանի շուրջ, հասկանալի է, ընտրությունը մեծ է, բայց պատվի հարց է, եւ ամեն ինչ պետք է անել, որ Ձմեռ պապը, չեմ ուզում ասել գայթակղվի, բայց հենց ձեզնից մեկին հրավիրի առաջին պարին: Համապատասխան դրես-կոդ ընտրեք, չգիտեմ, է՞լ ինչ կա դրա համար, մակիյաժ… Տակ, կարծես ավարտեցինք: Հարցեր կա՞ն: Խնդրեմ, պարոն Մինասյան:



- Հրավառության մասին ոչինչ չասվեց:



- Այո, ճիշտ եք: Այդ հարցն իր վրա է վերցրել ՀՀԿ ԳՄ-ն: Կարեն Ավագյանն է զբաղվելու:



- Բա որ պաժառ տա՞:



- Դա էլ են մտածել, սալյուտը դրսում են տալու, Քելբաջարի կողմերը: Դե լավ, տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք դիմակահանդեսում:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ