Ինչեր չես անի, հանուն վերևից ասված անբիծ ընտրությունների

Ինչեր չես անի, հանուն վերևից ասված անբիծ ընտրությունների

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե պետք է 2017-ին անբիծ ընտրություններ կազմակերպել, նշել է, որ միայն «սիրուն» օրենքը բավարար չէ անբիծ ընտրություններ անցկացնելու համար: Եվ որպես իր վերոնշյալ մտքի ապացույց՝ մի շատ խելացի բան է ասել․ «Մենք հորդորում ենք, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, բոլոր ընտրատարածքներում հանձնաժողովի անդամներ նշանակեն, տեղերը չվաճառեն, վստահված անձեր նշանակեն, որ կարողանան այդ վերահսկողությունը դիտորդների հետ կազմակերպված ձեւով անցկացնել»: Այսինքն, ընդդիմությունից է կախված՝ անբիծ ընտրություններ կունենա՞նք, թե՞ չենք ունենա: Հետաքրքիր մոտեցում է:



Բայց մենք հարցին նայենք վերևից: Վերևից նախագահն ասել է, որ պետք է լինեն անբիծ ընտրություններ: Վահրամ Բաղդասարյանն էլ ասում է՝ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նախագահի ասածը լինի, բայց որ այդ ընդդիմությունը տեղերը ծախում է, մենք ի՞նչ անենք: Եթե ապրիլի 1-ը լիներ, կարգին կխնդայինք, բայց օրացույցին հունվարի 8-ն է, և ստիպված ես մտածել, որ մարդիկ դեռևս «պախմելյայի» մեջ են ու դեռ լրիվ ուշքի չեն եկել: Հարգելի պատճառ է, որոշ չափով, բայց, ամեն դեպքում մի հարց տանք Վահրամ Բաղդասարյանին՝ տեսնես ո՞վ է ընդդիմությունից գնում հանձանաժողովի տեղերը: Դա, պատահաբար, ՀՀԿ-ն չէ՞:



Ըստ էության Վահրամ Բաղդասարյանը կոռուպցիայի բույն է մատնացույց անում, կոռուպցիա՝ ՀՀԿ-ի մասնակցությամբ, որ ենթադրում է քրեական պատասխանատվություն, ինչպես հանձնաժողովում տեղ վաճառողի, այնպես էլ այն գնողի համար:



Իմաստ չունի ժամանակից առաջ ընկնելը, բայց ընդդիմադիրներից, օրինակ, «Ժառանգությունը» հայտարարել է, որ հազիվ թե մասնակցի առաջիկա ԱԺ ընտրություններին: Եթե հենց այդպես էլ լինի, «Ժառանգությունը», բնականաբար, ընտրական հանձնաժողովներում իր տեղերը ատամներով պահելու անհրաժեշտություն չի ունենա, հետևաբար նաև, շատ ավելի հակված կլինի այդ իրավիճակից որոշակի օգուտ քաղելու, քան էշ նահատակ դառնալու: Իսկ գնորդներ կճարվեն, չենք էլ կասկածում:



Պատկերացրեք մի տեղամասային ընտրական հանձնաժողով, որտեղ Սարգիսը, Զառան, Վարդուշ տոտան և Նիկոլայը ներկայացնում են համապատասխանաբար՝ ՀԱԿ-ը, ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», բայց իրենց օրում այդ կուսակցությունների տեղն էլ չեն իմացել: Խեղճ օտարերկրացի դիտորդ, դե եկ ու գլուխ հանիր, թե, օրինակ, «ժառանգական» Նիկոլայը Րաֆֆի Հովհաննիսանի որերորդ պորտում է ժառանգական եղել:



Սա այն դեպքում, եթե, իհարկե, ՀՀԿ-ն տեղերն առնի: Իսկ ՀՀԿ-ն կառնի: Ինչեր չես անի, հանուն անբիծ ընտրությունների:



Էդիկ Անդրեասյան