Գազի Հովոյի պլաններն էլ են խառնվել

Գազի Հովոյի պլաններն էլ են խառնվել

Հովիկ Աբրահամյանի քայլը շատերի խաղաքարտերն է խառնել։ Մինչեւ վերջերս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, իր շրջապատում հայտարարում էր, որն որդին՝ Արթուր Ղազարյանը, որ «Արտաշատ ՋՕԸ»-ի պետն է, առաջադրվելու է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով, այժմ անհասկանալի վիճակում է հայտնվել։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ Արթուր Ղազարյանին այդ պաշտոնում տեղավորել է Գազի Հովոյի երբեմնի ոխերիմ հակառակորդ Հովիկ Աբրահամյանը՝ որպես հատուցում Արտաշատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հայտնած ինքնաբացարկի դիմաց։ Հիշեցնենք, որ 2015-ի հունիսի 7-ին քաղաքապետի ընտրություններում Գազի Հովոն իր թեկնածությունն էր առաջադրել, բայց ինքնաբացարկ հայտնեց, քանի որ լուրեր կային, որ Արգամիչը նրան շահավետ գործարք էր առաջարկել, իսկ երկուսի հաշտեցման «քավորը» եղել էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը ջերմ հարաբերություններ ունի Գազի Հովոյի հետ։



Իսկ մինչ այդ, տարիներ շարունակ Ղազարյաններն Աբրահամյանների գերդաստանի երդվյալ թշնամիներն էին: 5-6 տարի առաջ նրանց միջեւ տեղի ունեցած ընդհարումները «բոեւիկ» ֆիլմեր էին հիշեցնում, որտեղ անգամ Ղազարյանների կանանց չէին խնայում:



Այս թշնամության պատճառով էր, որ մի կարճ շրջան Գազի Հովոն ստիպված եղավ Հայաստանից արտագաղթել: Երեկ Հովհաննես Ղազարյանը ոչ մի կերպ չէր ցանկանում խոսել քաղաքական հարցերի շուրջ, իսկ քաղաքական գործընթացներին իր մասնակցության մասին պատասխանելիս ասաց․ «Չգիտեմ, ժամանակը ցույց կտա, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Եթե պետք լինի, կզբաղվեմ»։ Թե ում պետք է «պետք» լինի, նա չցանկացավ պատասխանել։ Հարցրինք՝ ՀՀԿ-ի՞ն պետք է աջակցի, քանի որ որդին հանրապետական է, ՋՕԸ-ի պետ, եւ խոսակցություններ կային, որ ռեյտինգայինով է առաջադրվելու։ «Չգիտեմ, դեռ չենք որոշել, որդիս արձակուրդում է, կգա՝ կորոշենք»,- պատասխանեց Հովհաննես Ղազարյանը։ Երբ շարունակեցինք հարցեր տալ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու եւ մարզում ստեղծված քաոսային իրավիճակի մասին, Ղազարյանը նյարդայնացած՝ սկսեց բղավել․ «Թողեք հանգիստ ապրենք, էլի, ի՞նչ եք ուզում... Ես չեմ ուզում ոչ մի բանի հետ խառնվեմ, թողեք հանգիստ ապրեմ»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ