Օհանյանի դաշինքը չկազմավորված՝ փլուզվում է

Օհանյանի դաշինքը չկազմավորված՝ փլուզվում է

Նախընտրական դաշինքները դեռ չձեւավորված՝ փլուզվում են։ Երեկ տեղեկացրել էինք, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է խմբագրել իր դաշինքի կազմում միավորվելիք ուժերի ցանկը, որոնց անունները լրատվամիջոցներին հայտնի էին դարձել դեռեւս շաբաթներ առաջ, անգամ այդ կուսակցությունների ղեկավարները հասցրել էին հայտարարություններ անել։ Առաջին բոթն ստացավ Հակոբ Ավետիքյանի ՌԱԿ-ը, Ծառուկյանը դադարեցրեց նրա հետ համագործակցությունը, քանի որ սփյուռքյան ռամկավարները դեմ են։ Այժմ հերթը Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի, Արամ Գասպարի Սարգսյանի կուսակցությունների դաշինքինն է, որի համակարգումն ստանձնել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 



Պարզվում է՝ դաշինքաստեղծման գործում Սեյրան Օհանյանի գործընկեր Սամվել Բաբայանն այլ տեսակետ ունի։ Արցախի բանակի նախկին հրամանատար, ամիսներ առաջ Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանը վերջին ամիսներին թեեւ պարբերաբար հայտարարում էր, որ չի խառնվում քաղաքական պրոցեսներին, սակայն, մեզ հասած տեղեկություններով, տարբեր կուսակցությունների հետ «Օհանյան դաշինքին» միանալու բանակցություններն անձամբ է վարում: Նա այս օրերին այցելում է դաշինքի անդամ կուսակցությունների գրասենյակներ ու փորձում կուսակցապետերի հետ համաձայնեցնել դաշինքի նախընտրական ցուցակը: Եվ քանի որ բոլորն իրենց պատկերացնում են ցուցակի առաջնակարգ հորիզոնականներում, ուստի դժգոհությունն աճում է, եւ «բոթն» իրենց փոխանցողի նկատմամբ բացասական վերաբերմունքը՝ մեծանում։ Դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարներից ոմանք անգամ մտածում են դադարեցնել համագործակցությունը դաշինքի հետ: Նրանք տրամադրվել են Սամվել Բաբայանի դեմ եւ կարծում են, որ դաշինքի չկայանալու մեղքը նրանն է։ Սամվել Բաբայանն էլ փորձում է հանդարտեցնել իրավիճակը եւ լրացուցիչ փաստարկներ է մեջտեղ բերում։ Այն, որ իրեն հատուկ ուղարկել են Մոսկվայից, որպեսզի օգնի Օհանյանին՝ երկրում հեղաշրջում իրականացնելու, քանի որ ռուսները «խաչ են քաշել» Սերժ Սարգսյանի վրա, եւ ցանկացած՝ թույլատրելի ու անթույլատրելի մեթոդով հարկավոր է նրան տապալել, իսկ Օհանյանը թույլ խառնվածքի տեր անձնավորություն է եւ չի կարողանա այդ գործը միայնակ գլուխ բերել, նրան հարկավոր է թիկունք կանգնել, եւ ինքն է այդ թիկունքը: Ի դեպ, լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ այս խառնաշփոթի արդյունքում կարող են սկանդալային բացահայտումներ լինել, եւ անգամ կարող է քրեական գործ հարուցվել, որպեսզի Բաբայանն ու Օհանյանը նահանջեն։



Մեր տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանն առաջարկում է հերթականության դասական կանոնը կիրառել․ առաջին հորիզոնականներում կլինեն դաշինքի մաս կազմող կուսակցությունների ղեկավարները, նրանց հերթականությունն էլ կլինի փոխպայմանավորվածությամբ կամ ընտրության եղանակով, ապա, ըստ հաջորդականության, կձեւավորվեն հաջորդ հորիզոնականները։ Սակայն գործը գլուխ չի գալիս, քանի որ Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո այդ ուժերի ղեկավարների հետ հանդիպելով՝ Սամվել Բաբայանը ներկայացրել է իր տարբերակը, որը տարբերվում է Սեյրան Օհանյանի առաջարկից։ Մեր տեղեկություններով՝ Բաբայանի տարբերակում ցուցակի առաջին հորիզոնականները պետք է զբաղեցնեն առավելապես Օսկանյանի թիմակիցները, որոնք պարտադիր չէ, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեն։ Այդ մարդկանց թվում են իր վաղեմի զինակից Անդրանիկ Թեւանյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը։ Սակայն դաշինքի մյուս ներկայացուցիչները դեմ են սրան, հատկապես այն բանին, որ լինեն արտոնյալներ, որոնք չառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով, այլ միայն ցուցակում տեղ զբաղեցնեն, որովհետեւ եթե նույնիսկ ԱԺ պատգամավորներն են վախենում ռեյտինգային քվեարկությունից, ապա ովքե՞ր պետք է ձայն բերեն։



Երեկ մենք զրուցեցինք Սամվել Բաբայանի հետ, նա մեզ կրկին հիշեցրեց քաղաքականությամբ չզբաղվելու իր հայտարարության մասին, փորձեց վստահեցնել, որ Օհանյանի դաշինքի ներսում ինքը բանակցություններ չի վարում, որ իր անունից եւս որեւէ մեկը չի կարող բանակցություններ վարել։



«Այլ հարց է, որ լյուբոյ քաղաքական գործիչ ուզում է իմ հետ հանդիպի, կիսվի, ես իրավունք չունե՞մ հանդիպեմ՝ մենակ նրա համար, որ ասեն բանակցո՞ւմ եմ։ Մարդ է՝ կարող է ուզում է իմ տեսակետը լսի, ես իմ տեսակետը հայտնում եմ, բայց որեւիցե մեկի հետ ես բանակցություններ չեմ վարում։ Հանդիպում բոլոր շերտերի հետ էլ լինում է, կարող է մի հատ չոբանի հետ էլ հանդիպեմ, կարող է քաղաքական գործչի էլ»,- ասաց Արցախի ազգային հերոսը։ Սակայն նա հրաժարվեց գաղտնազերծել, թե որ ուժերի հետ է հանդիպել։ Սեյրան Օհանյանի հետ կապի, նրա քաղաքական ծրագրերին աջակցության մասին մեր հարցին էլ Բաբայանը պատասխանեց․ «Սեյրան Օհանյանի հետ, այո, շփվում եմ, բայց հլա նման մտադրություն չկա»։



Պնդեցինք, որ հավաստի տեղեկություններ ունենք, որ Բաբայանն անձամբ է ղեկավարում Օհանյանի դաշինքի ցուցակի կազմման գործընթացը։ «Ոչ, ես ոչ ցուցակից եմ խաբար, ոչ էլ կազմելուց։ Ընդհանրապես, եթե ցուցակից եք խոսում, այն հրապարակվի, դուք կտեսնեք, եթե իմ մատն էդ ցուցակի մեջը լինի, էդ ժողովրդի առաջին տասնյակը մեջը չի լինի»,- խոստովանեց Բաբայանը։ Հարցրինք, թե ո՞ր «ժողովրդի» մասին է խոսքը, եթե չկա ցուցակ, ու տասնյակի մասին էլ որեւէ մեկին ոչինչ հայտնի չէ։ «Օրինակ, որ ցուցակը հրապարակեն, տեսնեք, կկողմնորոշվեք արդեն»։ Իսկ Դուք տեսե՞լ եք՝ ովքե՞ր կան, ովքե՞ր չեն լինի։ «Եկեք թողնենք, հա՞․․․ ես Ձեզ ասեցի՝ որեւիցե բանակցությունների չեմ մասնակցում»։



Հիշեցնենք, որ այս դաշինքին միանալու մասին երկու շաբաթ առաջ հայտարարել էր նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով երեկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հնարավոր է լքի դաշինքը։ Ըստ ԱԻՄ նախագահի՝ Օհանյան-Օսկանյան դաշինքում տեղերի գզվռտոց է գնում, Հայրիկյանը փորձել է «օգնության ձեռք» մեկնել՝ առաջարկելով աշխարհում դաշինքների ցուցակագրման ընդունված կարգը, որի մասին նշել ենք արդեն, բայց ապարդյուն։ «Երբ կա դիկտատուրա, ավելի հեշտ է տեղերի հարցը լուծել, իսկ ժողովրդավարական կառույցներում մի քիչ դժվար է: Գզվռտոց է սկսվել տեղերի համար, բայց եթե դու գնում ես հաղթելու, ուզում ես երկրում ինչ-որ բան փոխել, այդ ի՞նչ կարեւոր է, թե ցուցակի որ տեղում կլինես՝ առաջի՞ն, թե՞ տասներորդ: Այդ գզվռտոցին ԱԻՄ-ը չի մասնակցի, քանի որ ես արդեն հայտարարել եմ, որ համաձայն եմ լինել տասներորդ տեղում»,-ասել էր Պարույր Հայրիկյանը՝ հույս հայտնելով, որ դաշինքին, այնուամենայնիվ, կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ ցուցակների հարցում: Մեզ հետ զրույցում Հայրիկյանը նկատեց նաեւ, որ 3 օր շարունակ փոխանակ «գործնական հարցերի մասին մտածեն, մտածում են չգիտես ինչի մասին»։



Պարզեցինք նաեւ, որ Հայրիկյանն անձամբ չի մասնակցել քննարկումներին։ «Բայց ես կապի մեջ եմ բոլորի հետ, նամակներ եմ նաեւ իրենց գրում»,- ասաց նա։ Խոսքը ֆեյսբուքյան բաց նամակների մասին է։ Հայրիկյանի վերջին նամակը երկու օր առաջ է հայտնվել իր էջում, հասցեատերերը չորսն են՝ Սեյրան Օհանյանը, Վիկտոր Դալլաքյանը, Վարդան Օսկանյանը եւ Արամ Սարգսյանը։



ԱԻՄ առաջնորդը նամակով հայտնել է, որ երկու օր առաջ Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում է «զգացել», որ ինչ-որ լուրջ խնդիրներ են ասպարեզ եկել, եւ այդ խնդիրները կապված են նախընտրական ցուցակի հետ։ Հայրիկյանը ներկայացրել է նաեւ իր աջակցության ու մեծահոգաբար ցուցակի 10-րդը լինելու պատրաստակամության մասին՝ նույնը կոչ անելով նաեւ նամակի հասցեատերերին։ Մեր հարցին, թե հատկապես ով է առարկում, գզվռտոցն ում պատճառով է առաջացել, Հայրիկյանը չցանկացավ անուններ տալ․ «Ես «ով»-երով չեմ հետաքրքրվում, ես հետաքրքրվում եմ երեւույթներով: Երեւույթն է ինձ համար քննադատելի, ես քննադատում եմ հրապարակավ»։ Հարցրինք Սամվել Բաբայանի՝ դաշինքում ունեցած դերակատարության մասին։ «Ես այդ մարդու մասին չգիտեմ, դա պիտի լինի Սեյրան Օհանյանի թիմի մարդ կամ մեկնումեկի թիմում։ Մեզ առանձին կուսակցությունների անհատները չեն հետաքրքրում»։



ՀԳ․ Մեզ չհաջողվեց դաշինքի մաս կազմող այլ ուժերի ներկայացուցիչների հետ խոսել, մի քանիսը տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ