Պետք է արձակուրդ վերցնեմ ու քարոզչություն անեմ

Պետք է արձակուրդ վերցնեմ ու քարոզչություն անեմ

Մինչ Արարատի մարզում նախընտրական կրքերն անկառավարելի են դարձել, ու նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը ՀՀԿ-ի օգտին քարոզչություն չանելու պատճառով փետրվարի 8-ին հեռացրել է Արտաշատի պոլիկլինիկայի փոխտնօրեն Սերինե Հայրապետյանին, տարածքային կառավարման նախարար դաշնակցական Դավիթ Լոքյանը մեր լրագրողի հետ ճեպազրույցում կարծիք է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերջին տարիներին անցկացված ընտրություններից լավագույնն են լինելու։ «Կարողանալո՞ւ է դաշնակցական նախարարն ահազանգել կոալիցիոն գործընկերների լծակների չարաշահման մասին, ի վերջո, ընտրություններին ՀՀԿ-ն ՀՅԴ-ի մրցակիցն է լինելու» մեր լրագրողի հարցին Լոքյանը պատասխանել է․ «Իմ տեղեկացվածությամբ ասեմ, որ այս ընտրությունները լավագույններից են լինելու մեր ժամանակների ընտրություններում, եւ շատ քիչ միջամտության հնարավորություններ ունեն մարզպետները, նույն իշխանավորները։ Այդ միջամտությունը միայն պետք է լինի ժողովրդի հետ զրուցելով, ծրագիր ներկայացնելով»։ Իսկ վարչական ռեսուրսի կիրառում, բյուջեից գումարների բաշխում կարծում եք չի՞ լինի։ «Չի կարող այդպիսի բան լինել»,- ՀՀԿ-ի անունից գրեթե երդվել է Դավիթ Լոքյանը։ Արամայիս Գրիգորյանի թարմ օրինակի մասին էլ Լոքյանն ասել է, որ դեռ մանրամասներին չի տիրապետում․ «Ես պետք է տեղեկանամ` մարզպետը հիմնավորվա՞ծ է տվյալ բանն արել, փոխտնօրենին օրինակա՞ն է ազատել աշխատանքից, թե՞ ոչ: Մարզպետը տվյալ մարզում ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակով իրավասու է տնօրինել առողջապահության ոլորտը, ինքն է նշանակում, ինքն է ազատում: Եթե դա արվել է օրենքի շրջանակներում... Թույլ տվեք մանրամասներին տեղեկանալ, նոր պատասխանել Ձեր հարցերին: Հիմա բացարձակապես մանրամասները չգիտեմ»: Կարողանալո՞ւ է մարզերի «կուրատորը» հարազատ կուսակցության ցածր վարկանիշը բարձրացնել ու ընտրություններին անցողիկ շեմ ապահովել։ «Ես չեմ կարծում, որ Դաշնակցությունը ցածր ցուցանիշներով է մտնում ընտրական պրոցես, առանձնապես բարձր ցուցանիշ ունեցող կուսակցություններ էլ չկան, ես համոզված եմ, որ ՀՅԴ-ն լավագույն արդյունքներով է դուրս գալիս ընտրական պրոցեսներին, բնականաբար՝ պետք է ակտիվ աշխատենք, պետք է արձակուրդ վերցնեմ ու ակտիվ քարոզչություն անեմ, թե Դաշնակցությունն ինչ է անելու այս երկրում»,- ասել է նա։ Անցողիկ շեմի ակնկալիքո՞վ, թե՞ ավելին։ «Մենք 5 տոկոսի շեմը հաղթահարել ենք, երբ ընդդիմություն ենք եղել, իսկ 2008-ին տասնքանի տոկոս հավաքել ենք, երբ իշխանություն ենք եղել»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ