Պատգամավորի փեսային բերման են ենթարկել

Պատգամավորի փեսային բերման են ենթարկել

Այսօր՝ ժամեր առաջ Արտաշատի մարզային վարչություն են բերման ենթարկել
«Ծառուկյան դաշինքի» թեկնածու Արգամ Աբրահամյանի բարեկամին՝ Խաչիկ Հովհաննիսյանին, վերջինը Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռ, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի փեսան է։ Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը, Հովիկ Աբրահամյանի քային հետեւելով, եւս լքեց ՀՀԿ-ն եւ հիմա «Ծառուկյան դաշինքի» ցուցակի երկրորդ տասնյակում է։



«Մի քանի ոստիկանության մեքենաներով բերման են ենթարկել փեսային, իբր մի քանի օր առաջ կտրել է մարզային ոստիկանապետի մեքենայի առջեւ։ Ես համոզված եմ, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, որի հետեւում, պաշտոնապես հայտարարում եմ, որ կանգնած է մարզային ոստիկանության վարչության պետ Սեւան Քոչարյանը; Ինչ է թե նա Արգամ Աբրահամյանի ընկերն է եւ կարող է ակտիվություն դրսեւորել», -ասաց Կարինե Պողոսյանը, ապա հավելեց նաեւ, որ բերման ենթարկողները «միամտաբար» ասել են նաեւ, որ հրահանգ են կատարել. «Ավելին ասեմ, վերջին ժամանակներս «Ծառուկյան դաշինքի» թեկնածուների աջակիցների շրջանում նմանատիպ բազում դեպքեր են գրանցվում, այսօր արդեն համբերության բաժակը լցվել է։ Նախկինում էլ դաշինքի ակտիվիստներին են բերման ենթարկում, վախացնում, պետական համակարգում աշխատողներին են հեռացնում եւ այլ շատ դեպքեր, որոնց մասին կխոսեմ առաջիկայում»։



Հետաքրքրվեցինք` որպես պատգամավոր՝ Պողոսյանը պարզաբանում պահանջե՞լ է Սեւան Քոչարյանից․«Ոչ, չեմ հասցրել, բայց այսօր պիտի խնդրեմ մեր ոստիկանապետ Գասպարյան Վովային, որին շատ հարգում եմ, որ ուշադրություն դարձնի Արարատի մարզին, որտեղ տիրում է մի ուրիշ կարգի գործելաոճ։ Գասպարյանի մարզային խորհրդակցությունից հետո այստեղ համապատասխան հետեւություններ չարեցին, եթե չասեմ, որ հակառակը փոխեցին իրենց գործելաոճը։ Մարզային ոստիկանապետը ցուցաբերում է հայ ոստիկանին ոչ հարիր պահվածք»։



Պողոսյանը հայտնեց, որ փեսային մի քանի ժամ ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո ազատ են արձակել․«Արձանագրություն են կազմել մարդու վրա չեղած բանի համար եւ ասում են հրահանգ ենք կատարել»: