«ՕՐՕ»-ի վարքի դինամիկան

«ՕՐՕ»-ի վարքի դինամիկան

Մեր նախորդ հրապարակումներից մեկում լրագրողական հանրությանը խնդրել էինք միառժամանակ մոռանալ «ՕՐՕ»-ին, քիչ գրել դաշինքի մասին, առանձնապես չքննադատել, մինչեւ որ նրա առաջնորդներն ու շարքերը հարմարվեն ընդդիմադիր դաշտին, ու իրենց չթվա, թե իրենք են, որ կան: Իմ երկօրյա լռությունը, փաստորեն, ոչ միայն չի վնասել «ՕՐՕ»-ին, այլեւ դրական է ազդել: Անկեղծ ասեմ` ուրախ եմ:



Իսկ «ՕՐՕ»-ի առողջացման դրական դինամիկան հնարավոր չէ չնկատել: Նրանք, ուրեմն, մի երկու օր առաջ հայտարարում էին, թե բոլորն իրենց դեմ են, բոլորը Բաղրամյան 26-ի հաճախորդ են, բոլոր լրատվամիջոցները ծախված են եւ այլն: Այսօր արդեն «ՕՐՕ»-ն ուրիշ երգ է երգում, համեմատաբար ավելի մեղմ, ավելի հուսադրող այն առումով, որ ընդդիմության դաշտում իրենց հայտնվելով՝ կյանքը չի ավարտվում: Փառքդ շատ, տեր Աստված, արդեն գրում են, որ, բացի իրենցից, կեղծ ընդդիմադիրների, իշխանությունների եւ լրատվամիջոցների թիրախում է նաեւ «Ծառուկյան դաշինքը»: Այսինքն` իրենք մենակ չեն «վշտի» մեջ. «Ինչ վերաբերում է «ՕՐՕ»-ին եւ «Ծառուկյան դաշինքին», ապա իշխանամետ գործիքակազմի եւ «անկախ» լրատվամիջոցների գործունեությունը ցույց է տալիս, որ Բ 26-ը հիմնականում այս ուղղությամբ է հակաքարոզչություն իրականացնում եւ աշխատում այս ուժերի դեմ»։



Մինչեւ վերջնական եզրակացության գալը նշենք, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի կատարած պտույտների մասին շատ է խոսվել: Դա եղել է դեռեւս շատ լայն դաշինքներ կազմելու հայտարարությունների օրերին: Չեմ կարող ասել, թե ինչ է անցել-դարձել այդ օրերին, բայց փաստն այն է, որ մեկի տեղ 2 դաշինք ստեղծվեց` «Ծառուկյան» եւ «ՕՐՕ»: Եվ հիմա, երբ «ՕՐՕ»-ն նման գորովանքով է խոսում «Ծառուկյան դաշինքի» մասին, վերջինիս տեղ տալիս ընդդիմադիր դաշտում, ակամա մտածում ես, որ սերը, եթե այն նույնիսկ քաղաքական է, չի մեռնում եւ ամեն պահի կարող է բորբոքվել: Նույնիսկ թերթերն էին գրել, որ Սեյրան Օհանյանը հիասթափվել է ու ասել՝ եթե իմանար, որ Ծառուկյանն իրենց չի միանալու, քաղաքականություն չէր մտնի:



Բայց հանգիստ թողնենք «ՕՐՕ»-ին: Հանկարծակի սրացումները դեռ լրիվ չեն անցել: Նրանք շարունակում են մնալ այն կարծիքին, որ մյուս ուժերը («Ծառուկյան» եւ «ՕՐՕ» դաշինքներից բացի) թեեւ ունեն իշխանությունների աջակցությունը, սակայն չունեն իշխանություն ձեւավորելու հնարավորություն: Ըստ «ՕՐՕ»-ի քանքարավոր մեկնաբանի` այդպիսի հնարավորություն ունի երեք մարդ` Սեյրան Օհանյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը (հենց այս հերթականությամբ էլ նկար են սարքել): Աչքիս` սրանք Սերժ Սարգսյանին էլ են ուզում իրենց ջրերը գցել` Ազատիչ ջան, ի՞նչ գործ ունես խառը բաների հետ, եկ՝ երեքով իշխանություն ձեւավորենք, վերջացնենք: Եվ նախագահին հուշում են, որ մյուս ուժերն ընդամենը ձայն փախցնող են կամ մասնակցում են միայն մասնակցելու համար:



Ինչո՞ւ է այդպես անում «ՕՐՕ»-ն: Բանն այն է, որ այդ դաշինքի ռեյտինգային ցուցակում քիչ չեն «Ժառանգության» ներկայացուցիչները, որոնք, չնայած կուսակցության այսօրվա վիճակին, բոլոր շանսերն ունեն ՕՕ-ականներից ավելի շատ ձայներ հավաքելու եւ նրանց ամոթով թողնելու: Մյուս կողմից էլ հայտնի է, որ «Ժառանգությունը» մեծ դժվարությամբ ՕՕ-ի հետ դաշինք է կազմել նաեւ այն պատճառով, որ Ծառուկյանը չի եղել այդ դաշինքում: Դժվար է ասել, թե ինչ կանի «Ժառանգությունը»` զգալով ՕՕ-ի վերահաս ջերմացումը ԲՀԿ-ի հանդեպ, ինչպես նաեւ ոչ միանշանակ ակնարկները`ուղղված իշխող կուսակցությանը: Չի բացառվում, չէ՞, որ «Ժառանգությունը» չդիմանա այս ամենին եւ պայթի էքսցենտրիզմի հայր Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական տեսաուղերձով:
Բայց «Ժառանգության» պայթյունն «ՕՐՕ»-ի համար չարյաց փոքրագույնը կարող է լինել: Արդեն իսկ լրջագույն հակամարտություն կա հավասարազոր «Օ»-երի միջեւ:



«Համախմբում» կուսակցության ակտիվիստները, չարաշահելով Օսկանյանի համեստությունը, Օհանյանին են հռչակել դաշինքի լիդեր եւ ընդդիմության առաջնորդ: Օսկանյանն առնվազն կարող է չհանդուրժել նման կարգավիճակն այս դաշինքում եւ հայտարարել, որ դուրս է գալիս ոչ միայն դաշինքից, այլեւ «Համախմբումից»: Այդ ժամանակ արդեն տակը կմնա մեկ հատ «Օ», իսկ դա արդեն ոչ այլ ինչ է, եթե ոչ «дырка от бублика»: Քաղաքականության մեջ այդպես լինում է միշտ, երբ մարդը, առանց ծանրութեթեւ անելու տվյալ բնագավառի իր համեստ հնարավորությունները, առանց իր խոցելիության աստիճանը գնահատելու, մեկ էլ թուրը հանում է ու գոռում` առաջ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ