Իշխանությունը վախենում է ՕՐՕ-ից, բայց նրա մրցակիցը Ծառուկյանն է

Իշխանությունը վախենում է ՕՐՕ-ից, բայց նրա մրցակիցը Ծառուկյանն է

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երեկ հրապարակվեցին առաջին սոցհարցման արդյունքները, որոնք «բարի» չէին իշխանության համար։



Մինչդեռ պատվիրված ու կեղծ սոցիոլոգիական հարցումներն անցած բոլոր համապետական ընտրությունների բաղկացուցիչ մասն են կազմել։ Քարոզարշավի սկզբում, որպես կանոն, իշխանությունն ապավինում էր տեղական «արտադրության» տարբեր սոցիոլոգների ու մերձիշխանական կազմակերպությունների ծառայություններին, որոնց հետազոտությունների արդյունքները Գյուլնազ տատի հեքիաթների կարգի էին։ Հետո ասպարեզը տրվում էր «միջազգային հեղինակավոր» կազմակերպություններին, որոնք էլ իրենց հերթին էին իշխանության օգտին թվանկարչություն անում։ Երեկվա հարցումների արդյունքները ճիշտ հակառակ պատկերն են ներկայացնում։



Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը փետրվարի 23-ից մարտի 2-ը Երեւանում եւ ՀՀ մարզերում իրականացրել է «դեմ առ դեմ» 1146 հարցում, համաձայն արդյունքների՝ 4-5 կուսակցություն է անցնելու խորհրդարան:



Դրանք են «Ծառուկյան դաշինքը», ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ելք»-ը եւ «Ազատ դեմոկրատներ»-ը: Հարցին՝ «առաջիկա կիրակի եթե լինեն ընտրություններ, ո՞ւմ կընտրեք», հարցման մասնակիցների պատասխանները բաշխվել են այսպես. «26.4 տոկոսը նշել է «Ծառուկյան դաշինք»-ը, 22.8 տոկոսը՝ ՀՀԿ-ն, ՀՎԿ՝ 2.7 տոկոս, «Ելք»՝ 4.3 տոկոս, ՀՅԴ՝ 3.9 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»՝ 3.4 տոկոս, Կոնգրես-ՀԺԿ՝ 2.6 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք»՝ 1.8 տոկոս, ՀԿԿ՝ 1.0 տոկոս»։



Այս արդյունքները ներկայացրել է Gallup-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։ Հարցման մասնակիցների 59.9 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 7.1 տոկոսը՝ «միանշանակ՝ ոչ»: Նավասարդյանը վստահեցնում է, որ հարցումն իրականացրել են սեփական միջոցների հաշվին, ու որեւէ ուժի օգտին կամ դեմ աշխատանքներ չեն տարվել։ Ընտրանքային սխալը 3 տոկոս է:



Վարչապետի եւ Կարեն Կարապետյանի կառավարության գործելաոճի վերաբերյալ էլ են հարցեր տրվել: Համաձայն հարցումների արդյունքների՝ Կարեն Կարապետյանի գործելաոճը 81 տոկոսը դրական է գնահատում, մինչդեռ նոյեմբերին 84 տոկոսն էր դրական գնահատել՝ մինչեւ ՀՀԿ-ին Կարեն Կարապետյանի անդամակցումը:



Նախընտրական շրջանում իշխանության սոցհարցումների «թվանկարչությունը» դեռ շատ կտեսնենք. բոլորի համար անակնկալ կերպով կբացահայտվի, որ մեր երկրում ամենաբարձր վարկանիշը ՀՀԿ-ինն է։ Սակայն մինչ այդ մենք դիմեցինք իշխանությունների ամենասիրելի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին, ով ՀՀԿ-ի համար միշտ բարձր տոկոսներ է «խփել»։ Ադիբեկյանը «Գելափ»-ի վերջին հարցման արդյունքները գնահատելու փոխարեն առաջարկեց աչքի անցկացնել նույն կազմակերպության 2012-ի ընտրությունների հարցումները, որոնք այնքան էլ մոտ չէին ընտրությունների արդյունքներին։



Ադիբեկյանը հիշում է․ ՀՀԿ-ն, նրանց արդյունքներով, մոտ 20 տոկոս ուներ, իսկ ընտրությունների արդյունքում այդ ցուցանիշը հասավ 43-ի, «ԲՀԿ-ին էլ 17 էր տվել, բայց հասավ 34-ի։ Այնպես որ, դուք տեսեք, թե ինչ հարցումներ են»։ Ադիբեկյանն ասում է, որ բոլորն էլ կարող են հարցումներ անել, բայց հաշվարկ քչերի մոտ է ստացվում․ «Դրա համար ամենակարեւորը հասկանալն է, թե որքան մարդ կմասնակցի ընտրություններին ու ինչպես կքվեարկի։ Մենք հիմա հարցում ենք անցկացնում՝ հենց այդ ցուցանիշը ճշտելու, եկող շաբաթ, ամենայն հավանականությամբ, կհրապարակենք»։ Ադիբեկյանի պատվիրատուները չորսն են, թե ովքեր են՝ չի բացահայտում, կանխում է մեր հարցադրումները՝ ասելով, որ ինքը չի կաշառվում, պարզապես պատվիրատուներն ուզում են իր հարցումների արդյունքներն ունենալ, որոնց սխալվելու հավանականությունը, իր խոսքով, 3 տոկոս է։



Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, քարոզարշավի սկզբում սոցհարցումների արդյունքները միշտ էլ «խաբուսիկ» են եղել։ «Հետեւաբար, պետք չէ շտապել,- ասում է նա՝ հիշեցնելով։- Մենք մինչեւ քարոզարշավի մեկնարկը քարոզչությամբ չենք զբաղվել, հավանաբար, դա է եղել»։ Մտահոգություններ չունե՞ն՝ ԲՀԿ-ի բարձր վարկանիշով պայմանավորված։ Հարցին Բաղդասարյանը պատասխանեց, որ ցանկացած հարց ՀՀԿ-ին մտահոգում է, սակայն իրենք առաջ են շարժվում «կայուն քայլերով»․ «Մենք որեւէ քաղաքական ուժի չենք թերագնահատում, բոլորին համարում ենք լուրջ եւ կայացած քաղաքական ուժեր, քարոզարշավն էլ տանելու ենք այդ ոճով, իսկ վերջում գնահատականը կտա հանրությունը»։



Հարցրինք՝ ինչո՞ւ են վստահ, որ քարոզարշավը պետք է բարձրացնի ՀՀԿ-ի վարկանիշը, որովհետեւ մեկնարկն արդեն իսկ խոստումնալից չէ, էլ չենք խոսում, որ քարոզչության բեռն ակնհայտորեն դրվում է Կարեն Կարապետյանի ուսերին, ով ընտրական ցուցակում չէ։ «Ցուցակում չկան եւ վարչապետը, եւ ՀՀ նախագահը, եւ շատ ու շատ դեմքեր, բայց մենք ունենք մեր մարտավարությունը, ամեն բան չէ, որ պետք է բացահայտենք»։ Այդուհանդերձ, ինչպե՞ս ստացվեց, որ «Ծառուկյան դաշինքը» շարունակում է մնալ հանրության սիրելին, ու մարդիկ չեն հիասթափվել ԲՀԿ առաջնորդից, ով երկու տարի առաջ թողեց պայքարի հրապարակը՝ հարցրինք քաղաքագետ Լեւոն Շիրինյանին։ «Այո, կարող էր այդ ամենը հիասթափություն առաջացնել, բայց դուք մի անտեսեք, որ ՀՀԿ-ի վարկանիշն է նաեւ ընկնում։ Իսկ հեռանալու համար Ծառուկյանը բացատրություն է տալիս, մեր անվտանգության հարցն է եղել, սա էլ իր ազդեցությունն է թողնում հայ մարդու վրա»,- բացատրեց քաղաքագետը։



«Եթե Ծառուկյանը կարողանա շեշտը դրած պահել արդյունաբերության, մշակույթի, գիտության եւ այլ ոլորտի վրա, ապա այս տարբերությունը ՀՀԿ-ի հետ մինչեւ ընտրություններ շատ կմեծանա»,- կարծում է Շիրինյանը, ում համոզմամբ, եթե «խարդախություններ» չլինեն, բազային թվերն էական փոփոխությունների չեն ենթարկվի։ Եթե անգամ Հանրապետակա՞նն էլ քարոզչության կենտրոնում պահի Կարեն Կարապետյանին։ «Կարապետյանի վարկանիշն արդեն անկում է ապրում՝ նույն այդ հարցումներով, բացի դա, անհատական վարկանիշ է ու չի նույնականացվում։ Իսկ եթե դրան գումարենք, որ ոչ մեկը, բացի գեղեցիկ ժպիտից եւ եվրոպական կամ ռուսական հագնվածքից ու պահվածքից, ոչինչ չի տեսել, ապա ընտրություններին այդ վարկանիշը դեր չի խաղա։ Հակառակը՝ մեկ ուրիշ ՀՀԿ-ական՝ էլի Կարեն Կարապետյան, այնքան տաղանդ ունի, որ, կուսակցական լինելով, քննադատեց ՀՀԿ-ին»։



Նկատեցինք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդուհանդերձ, քննադատությունների թիրախում են պահում ՕՐՕ դաշինքը, կարծես թե վերջինիս ընդունելով որպես լուրջ մրցակից։ «Ոչ, նրանք վախենում են ընդամենը բացահայտումներից, այնտեղ երեք նախարար կա, սրանք ներսից գիտեն ամեն ինչ, իրենց պարագան ուրիշ է, իշխանություններին ձեռնտու չէ, որ ՕՐՕ-ն խոսի, կա նաեւ վրեժխնդրության գործոնը, որ՝ մենք քեզ պահել ենք, հիմա դու ընդդիմադիր ես»։ Քաղաքագետի կարծիքով, եթե ՕՐՕ-ն, տրվելով սադրանքներին, ռադիկալ մոտեցումներ չցուցաբերի, կկորցնի նաեւ նվազ վարկանիշը։ Իսկ «Ելք»-ի վարկանիշը, մեր զրուցակցի կարծիքով, աճելու է․ «Ներկայանում են քաղաքակիրթ տեսքով»։



«ՀՎԿ-ն․․․ սրանք խոսքի վարպետ են, մեկ էլ տեսար՝ թռան առաջ, իսկ Կոնգրեսը հինգերորդ շարասյուն է՝ պիտի վերանա, խաղաղությամբ բան ուզելն ամենավտանգավորն է»,- ասում է Շիրինյանը։ Մնացյալը, ըստ քաղաքագետի, ակտիվ դերակատարներ չեն։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ