Նորմալ պայմանններում որոշ պաշտոնյաներ կենթարկվեին քրեական հետապնդման․ Կարեն Անդրեասյան

Նորմալ պայմանններում որոշ պաշտոնյաներ կենթարկվեին քրեական հետապնդման․ Կարեն Անդրեասյան

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահը ցնցել է ակտիվ, քաղաքացիական գիտակցություն ունեցող հանրությանը, որը ամիսներ շարունակ հետեւում էր «Սասնա ծռեր»-ի գործողություններին եւ դրանց հաջորդած իրադարձություններին։ Հաց բերողի առողջական վիճակի եւ բանտային պայմաններում դրա անհամատեղելիության, նրա հայտարարած եւ չընդհատվող հացադուլի մասին ահազանգում էին նրա փաստաբանները, որը մնում էր ձայն բարբառո հանապատի։ 



Հիմա Հաց բերողը չկա։ Եվ մարդիկ իրենց վրդովմունքը, մեղավորներին գտնելու եւ պատասխանատվության ենթարկելու կոչեր են անում սոցիալական ցանցերում։
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հիշեցնում է, որ դեռ փետրվարի 15-ին ինքը ՖԲ-ում գրառում էր արել եւ հայտարարել, որ Հաց բերողի երկրորդ կալանավորումը վերջին շրջանում տեղի ունեցած ամենամեծ անարդարությունն էր։



«Հիմա կարող եմ ասել, որ, որպես մարդ, անկեղծորեն վշտացած եմ։ Իրավական իմաստով , կարծում եմ, որ Հաց բերողի մահը կապված էր նրա հացադուլի հետ։ Բոլոր այն պաշտոնյաները, որոնք անարդարացիորեն հրաման են տվել եւ մասնակցել են նրա երկրորդ կալանավորմանը, առնվազն պետք է հրաժարական տան, իսկ դրանից հետո ենթարկվեն խիստ իրավական պատասխանատվության»,- ասաց Կարեն Անդրեասյանը։
Նկատեցինք, որ սոցիալական ցանցերում ավելի շատ շրջանառվում է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի անունը, որը պատասխանատու է այդ համակարգի համար։



«Միակ պատասխանատվությունը, որ ունի արդարադատության նախարարը, դա այն է, որ իրեն են ենթարկվում քրեակատարողական հիմնարկները․ բոլորը միջնորդում էին եւ պնդում, որ Հաց բերողի առողջության հետ կապված լինի այլ վերաբերմունք։ Այդտեղ կա նաեւ ՔԿՀ-ի պատասխանատվությունը։ Նա պետք է այն ժամանակ շտապ տեղափոխվեր քաղաքացիական հիվանդանոց։ Ես ծանոթ չեմ բուն մանրամասներին, բայց եթե պարզվի, որ այդ անմարդկային խոշտանգումը Հաց բերողի նկատմամբ եղել է նաեւ ՔԿՀ-ի մեղքով, ապա այդտեղ իր մեղքի բաժինն ունի նաեւ արդարադատության նախարարը»,- ասաց Կարեն Անդրեասյանը։



Մարդու իրավունքների նախկին պաշտպանին հիշեցրինք, որ Հաց բերողի փաստաբաններն ահազանգում էին, որ իրենց պաշտպանյալը տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, ինչն էլ անհամատեղելի էր բանտային պայմանների հետ։



«Միանշանակ է, որ ծանր առողջական վիճակով մարդկային այդ խոշտանգումը, որ տեղի ունեցավ Հաց բերողի հետ, արդարադատության ողջ համակարգի մեղքն է, եւ նորմալ պայմաններում նվազագույնը տասը պաշտոնյա հետայդու կհեռացվեին աշխատանքից, իսկ որոշների նկատմամբ կլիներ քրեական հետապնդում»,- արձագանքեց Կարեն Անդրեասյանը։



Թագուհի Հակոբյան