Եթե ռեյտինգային թեկնածու ես

Եթե ռեյտինգային թեկնածու ես

Շատ ռեյտինգային թեկնածուներ, իրենց առավելությունները գործող պատգամավորների, մասնավորապես «չխոսկանների» նկատմամբ ընդգծելու համար, ֆեյսբուքյան էջերում սկսել են տեղադրել չխոսկանների նկարներն ու արձանագրել 5 տարում նրանց չարածը: Նրանք չեն խոսել, հարցեր չեն տվել, նախաձեռնություններ չունեն եւ այլն, եւ այլն: Մենք որ գանք` ամբիոնից չենք իջնելու, կառավարությանը հարցախեղդ ենք անելու, նիստերից չենք բացակայելու. այսպիսի բաներ են գրում իրենց մասին ակտիվ ռեյտինգայինները:
Հասարակ քաղաքացիների համար դժվար կլինի նրանց հետ չհամաձայնելը, բայց նրանք, ովքեր փոքրիշատե գիտեն, թե ինչ է խորհրդարանական աշխատանքը, եւ խորհրդարանում ինչ աշխատանք են տանում մանդատավոր չխոսկանները (հիմնականում` գործարարներ, մեծահարուստներ, քֆուրչիներ, փչացած բարձրախոսով խանութպաններ եւ այլն), կասեն, որ այդ մարդկանց պասիվությունը միայն երեւութական է: Իրականում գումարումից գումարում այդ մարդիկ խորհրդարանում քրտնաջան աշխատանքով են զբաղված, որ կարելի է բնութագրել որպես օրենքներն իրենց բիզնեսներին ու շահերին հարմարեցնելու աշխատանք: Այլ աշխատանք, ռեալ արդյունքով, մեր խորհրդարանում չկա:



Հակառակ կողմից նայենք հարցին: ՀՀ ԱԺ-ում կան նաեւ շատախոս պատգամավորներ, հային-չէին ամբիոնին թառողներ, ՀՀԿ-ի թասիբին կանգնողներ, ճղճղան ընդդիմադիրներ, պոպուլիզմի կարկառուն դեմքեր, դոշ ճղողներ, կուրծք ծեծողներ: Հավատացեք, այս բոլորը միասին անցած տարիներին չեն արել իրենց օլիգարխ ու չխոսկան գործընկերների արածի կեսի կեսը: Վերջնահաշվում` անկապ կոճակ սեղմողները չաչանակներն են եւ ոչ թե չխոսկանները: Շատախոսները վերջում քվեարկում են, կառավարության բերած, ենթադրենք, Սամվել Ալեքսանյանի եւ Գագիկ Ծառուկյանի շահերն սպասարկող օրենքի օգտին կամ դեմ, որից հետո օրենքն անցնում է, եւ վերջ: Դե եկեք որոշենք` Սամվել Ալեքսանյանն ու Գագիկ Ծառուկյա՞նն են լավ աշխատում, թե՞ պառլամենտի սոխակներ Հեղինե Բիշարյանն ու Մարգարիտ Եսայանը, Շմա՞յսն է լավ աշխատում, թե՞ Կարեն Ավագյանը, ՍԱՍ-ի Արտա՞կը, թե՞ ՀՀԿ-ի շալակը ելած տրիոն` Արտաշես Գեղամյան-Խոսրով Հարությունյան-Հայկ Բաբուխանյան տեսքով:



Ուրեմն, հարգելի ռեյտինգայիններ, մի փորձեք էժան գովազդվել չխոսկանների ֆոնին: Շատ ավելի ճիշտ կլինի ասել, որ դուք գնում եք խորհրդարան` աշխատելու եւ ոչ թե անկապ խոսելու, ամբիոնը գրկելու, կառավարությանը շարականի նմանվող հարցեր տալու եւ կառավարության պատասխանը չլսելու: Խորհրդարանը, այո, օլիգարխների տեղը չէ: Գործընթացները պետք է հանգեցնել նրան, որ փողատերերի ազդեցությունն օրենքների ընդունման վրա հասցվի նվազագույնի կամ, որ ամենաիդեալականը կլինի, ընդհանրապես բացառվի: Այդ դեպքում միայն պետությունն իր օրենքներով կհայտնվի քաղաքացու կողքին, կանկախանա բիզնեսից ու օլիգարխներից: Դա վերջապես կնպաստի մարզերում պետության կողմից պաշտպանվող բիզնեսի զարգացմանն ու կյանքի աշխուժացմանը: Տեսեք` ինչ է կատարվում: Ենթադրենք՝ որոշում են գյուղատնտեսությամբ զբաղվող մարդուն վարկ տալ, օգնել, որ նա բարիք արտադրի:



Բայց գալիս է, դարձյալ ենթադրենք՝ Սամվել Ալեքսանյանը եւ ասում` ի՞նչ լոլիկ, ի՞նչ կարտոֆիլ, ի՞նչ բան, մինչեւ վարեն, մինչեւ ցանեն, կարկուտն էլ ջարդի, ես այդ ամենն անվտանգ կներմուծեմ, էլի: Եվ այսպես՝ շատ ոլորտներում: Իսկ եթե Սամվել Ալեքսանյանն ազդեցություն չունենա օրենքի վրա, նա էլ, գուցե, ներդրումներ անի, մարզերում մշակությամբ սկսի զբաղվել, ֆերմաներ հիմնի, աշխատատեղեր բացի: Սա է ողջ խնդիրը եւ ոչ թե Սամվել Ալեքսանյանի` խորհրդարանում ակտիվ չլինելը:



Ռեյտինգային ցուցակների նոր դեմքերին խորհուրդ կտայի առհասարակ չգայթակղվել փնովելու մարտավարությամբ: Նրանք պետք միշտ հիշեն, որ հաճախ ներկայացնում են այնպիսի քաղաքական ուժեր եւ այնպիսի լիդերների, որոնց կաշին ժողովուրդը դաբաղխանից գիտի: Ժողովուրդն ակնկալում է ճիշտ խոսք, ռեալ ծրագիր, քայլերի հաջորդականություն: Երբեք մի ասեք` հեսա տեսեք ինչ ենք անելու խորհրդարանում: Խորհրդարանում պետք է ընդամենը աշխատել: Ավելին ոչ ոք չի պահանջում ձեզնից:



Խորհրդարանը նաեւ մի տեղ է, որտեղ շատ գայթակղություններ կան` սկսած 5 տարով երաշխավորված ոչ ցածր աշխատավարձից, վերջացրած կյանքի մյուս հաճույքներով` ծառայողական մեքենա, արտասահմանյան ուղեւորություններ, ախպերություն հարց լուծող ամենակարողների հետ, բնակարան նորակառույցում եւ այլն, եւ այլն: Այս ամենը հաճախ հնարավոր է լինում ունենալ հենց այն օրենքներին քվեարկելու արդյունքում, որոնք դեմ է տալիս համակարգը: Պատրա՞ստ եք հրաժարվել այդ ամենից եւ աշխատել պատգամավորի չոր ռոճիկով: Մի շտապեք երդվել` այո, հեծանիվով եմ գործի գնալու եւ այսպիսի բաներ: Չեն հավատա ձեզ, մարդիկ առաջվանը չեն:



Չարժե զարկ տալ նաեւ այն խոսակցություններին, թե համատարած փող են բաժանում եւ վերցնում: Այդ խոսակցությունները մեկ նպատակով են տարածվում` որպեսզի փող չունեցող թեկնածուները հուսահատվեն, իսկ հետո էլ արդարանան, թե ինչու քվե չստացան: Չկա նման բան: Մեզանում քիչ չեն այն մարդիկ, ովքեր ընտրակաշառք առաջարկողին ասում են` էդ փողը մտցրու համապատասխան տեղդ եւ, մեղմ ասած, գնա այստեղից: Մեր ընդդիմադիրները, փոխանակ այս մարդկանց օրինակով դաստիարակելու հասարակությանը, փոխանակ այս մարդկանց նկարելու եւ իրենց կայքերում տեսանյութեր տեղադրելու, փող ուզողներին են նկարում` ակամա տարածելով այն թյուր կարծիքը, որ խորհրդարան անցնելու շանս ունեն միայն փողատերերը: Հասարակ լոգիկա է` եթե դու չես կարողանում կաշառք տվողի եւ առնողի ձեռքը բռնել, պախարակել երեւույթը, ապա ինչպե՞ս ես աշխատելու խորհրդարանում:



Նոր Սահմանադրությունը եւ նոր ԸՕ-ն, գաղտնիք չէ, զգալիորեն մեծացրել են ընտրությունների իրական մասնակիցների թիվը: Ռեյտինգային թեկնածուներն ամեն ինչ անելու են, որպեսզի ընտրությունների օրը տանը նստած մարդ չմնա: Մինչ այս ընտրություններից զզված, անտարբեր հատվածը շարժի է ենթարկվելու, իսկ դա փոքր թիվ չէ, եթե հաշվի առնենք մեռյալների եւ բացակաների` քվեարկությանը մասնակցելու հնարավորությունների նվազումը: Որքան մեծ է իրական մասնակիցների թիվը, այնքան մեծ է քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխելու շանսը, այնքան մեկ ուժի համար փոքր է բացարձակ մեծամասնություն ստանալու հավանականությունը: Այս հանգամանքն ամբողջությամբ աշխատում է նոր անունների, խելացի թեկնածուների օգտին: Մնում է ճիշտ ներկայանալ ընտրողին, որպես կենդանի մարդ եւ ոչ թե որպես մեծադիր նկար կամ սուր ստատուսչիկ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ