Դրական, բացասական, բարեհամբույր, ապաքաղաքական․ քարոզարշավի ընթացքը՝ ըստ ուժերի

Դրական, բացասական, բարեհամբույր, ապաքաղաքական․ քարոզարշավի ընթացքը՝ ըստ ուժերի

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտեցավ վերջնահանգրվանին, ինչո՞վ էր տարբերվում դեպի պառլամենտական կառավարում տանող ընտրությունների քարոզչությունը նախորդներից, ի՞նչ ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա։ Այս առնչությամբ լսեցինք մասնակից քաղաքական ուժերի գնահատականները։



ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր, պառլամենտական համակարգի ջատագով Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Արսեն Համբարձումյանի փոխանցմամբ, կուսակցությունը «բավարարված» է քարոզարշավի ընթացքով։ «Մենք կարողացել ենք իրականացնել մեր քարոզարշավը բոլոր մարզերում, բոլոր մեծ համայնքներում եւ հասցնել մեր ասելիքը,- իրենց գոհունակությունը հիմնավորեց դաշնակցականը՝ շարունակելով։- Կարծում եմ՝ ընտրություններին մասնակից բոլոր ուժերն անխտիր հնարավորություն են ունեցել լիարժեք մասնակցություն բերել ընտրարշավին, յուրաքանչյուրը իր պատկերացրած ձեւաչափով ու մեխանիզմներով։



Կարծում եմ՝ այս առումով քարոզարշավը ծառայել է իր նպատակին»։ Համբարձումյանի գնահատմամբ, քարոզարշավի միակ առանձնահատկությունը հետեւյալն է․ «Վարկանիշային թեկնածուների առաջադրման պարագան, կարծում եմ, էական ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքների վրա։ Այդ առումով այս ընտրությունները դժվար կանխատեսելի են, ու միայն քվեարկության արդյունքների ամփոփումից պարզ կլինի, թե իրական պատկերն ինչպիսին է»։



Քարոզարշավի ընթացքից դժգոհ չէ նաեւ «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը։ Գեղարքունիքի ընտրատարածքի վարկանիշային թեկնածուն շեշտում է, որ գուցե իր գնահատականը «մասնակի» կարող է հնչել, բայց այն շատ չի տարբերվում ընդհանուր պատկերացումից․ «Իմ ընտրատարածքում այնքան բարեհամբույր, ընկալված մթնոլորտ է տիրել, որ ես, այո, միայն կարող եմ դրական գնահատել։ Ընդհանուր առմամբ, բոլոր տեղերում է եղել շատ մեծ ընկալողականություն»։



Հիշեցրինք քարոզարշավի մեկնարկին իր թիմակիցների հայտարարությունները մի քանի միջադեպերի առիթով, սակայն պարոն Բոստանջյանն անդրդվելի մնաց․ «Սա մեծ գործընթաց է, եւ գրեթե բացառված է, որ այդպիսի միջադեպեր չլինեն, բայց մենք ինքներս տեսանք, որ այդ միջադեպերը չունեցան էական ազդեցություն քարոզարշավի վրա»։
Բոստանջյանին, որպես դաշինքի թեկնածու, բարեհամբույր են ընդունել նույնիսկ «բողոքավոր» մարդիկ․ «Մարդիկ շնչահեղձ սպասում են այդ հարցերի լուծմանը, իսկ մեր նկատմամբ նրանց բարեհամբուրությունը, անշուշտ, պայմանավորված է «Ծառուկյան դաշինքի» նկատմամբ հավատով»։



Մինչդեռ ՕՐՕ դաշինքի ղեկավար կազմի ներկայացուցիչ, համամասնական ցուցակի երկրորդ տեղն զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը խիստ բացասական է գնահատում քարոզչության ընթացքը․ «Երբեւիցե այսքան բռնություն ընդդիմադիր ուժի ու թեկնածուների նկատմամբ չէր եղել, եւ այսքան ուղղորդված սեւ փիառ նույնպես չէր եղել կոնկրետ ՕՐՕ-ի դեմ»։ Արմեն Մարտիրոսյանը վկայակոչեց նաեւ ՀՀԿ տնօրենների մասնակցությամբ հայտնի «բացահայտումը», որը, ըստ նրա, վարչական լծակների կիրառման ցայտուն օրինակ է․ «Սրանով ակնհայտ դարձավ, որ ընտրական գործընթացն օրենքի սահմաններից արդեն իսկ դուրս է եկել, հիմա մնում է մեկ խնդիր, թե քվեարկության օրն ինչպիսին կլինի։ Դա էլ կերեւա երկու օրից»։ Մարտիրոսյանը շեշտեց, որ այս ամենն իր ազդեցությունն է ունենալու ընտրությունների արդյունքների վրա, թե ինչ չափով, դեռեւս չեն կարող ասել։ Ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին նա ասաց, որ կխոսեն ապրիլի 2-ից հետո։



«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքից ռեյտինգային թեկնածություն առաջադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի գնահատմամբ, իշխանությունն ամեն ինչ արեց՝ փոխելու ընտրությունների տրամաբանությունը՝ համամասնականը ներկայացնելով մեծամասնականի ներքո՝ ի դեմս ռեյտինգային թեկնածուների․ «Փորձում են մեծամասնական ընտրություն ներկայացնել՝ կարեւորելով բարեգործությունն ու օգնություն տրամադրելը, մինչդեռ սա կարեւորագույն ընտրություն է, որովհետեւ այլեւս նախագահ չենք ընտրելու, եւ խորհրդարանն է լինելու գլխավոր մարմինը»։ «Ելք»-ի ներկայացուցիչները, ըստ Հարությունյանի, փորձել են փոխել այդ տրամադրությունները, կհաջողվի, թե ոչ՝ ցույց կտան ընտրությունների արդյունքները։



«Մենք ակտիվ քարոզչություն ենք իրականացրել, իմ թիմը մոտ 12 հազար բնակարան է մտել, զրուցել մարդկանց հետ, անձամբ ես մոտ երկու հազար բնակարան եմ մտել։ Եթե քարոզարշավի սկզբում հիասթափությունը շատ էր, անհանգստությունը՝ մեծ, ապա երկրորդ հատվածում մեզ ավելի ճանաչում էին, ավելի պատրաստակամ էին լսելու մեր մասին՝ ակնհայտ դարձնելով, որ «Ելք»-ի շուրջ դրական մեծ մթնոլորտ կա»։ Ճնշումների, խոչընդոտների, արգելքների մասին հարցին «Ելք»-ի ներկայացուցիչը պատասխանեց. «Այս իշխանությունները բովանդակային իմաստով ամեն ինչ արեցին, որպեսզի կարեւորագույն քաղաքական միջոցառումը լինի ապաքաղաքական։



ՀՀԿ-ականները, բացի իրենց ստատուսներից, այլ պոլեմիկայի մեջ չմտան ընդդիմադիր ուժերի հետ, հրաժարվեցին բանավեճերից, արհեստական խոչընդոտներ ստեղծեցին բանավիճելու համար, մասնավորապես Հ1-ի բանավիճային հաղորդաշարից հրաժարվեցին՝ փաստարկելով, թե իբր ընդդիմադիրներից ոչ բոլորն են համաձայնել»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ