Իմ քվեներն անվավեր են դարձրել

Իմ քվեներն անվավեր են դարձրել

«Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածու, «Միլլար» ՍՊԸ տնօրեն Նապոլեոն Ազիզյանը երեկ մեզ հետ զրույցում աղմկահարույց հայտարարություն արեց՝ ասելով, որ իր ընտրատարածքում, մասնավորապես՝ Կոնդի մի քանի տեղամասերում, ձայների հաշվարկի ժամանակ իր եւ դաշինքի օգտին քվեարկած թերթիկները միտումնավոր անվավեր են դարձրել, ծրարից հանելով քվեաթերթիկները, ինքնասոսնձվող գունավոր փոքրիկ թղթեր են կպցրել դրանց վրա, հետո ասել, որ քվեաթերթիկն անվավեր է։ «Կարծեմ 9/28-ում է եղել, քվեաթերթիկը հանողը կարծեմ նախագահն է եղել, երեւում է՝ ձեռը էդ բաներն է ունեցել, կարդացել է Նապոլեոն Ազիզյան կամ «Ծառուկյան դաշինք», ինչքան հասցրել է, կպցրել է դրանք տակը»,- ասաց Ազիզյանը։ Հիշեցնենք, որ նա առաջադրվել էր Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում, որտեղ ԾԴ-ից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն է՝ 4 հազար 332 ձայն։ Մեր հարցին՝ իսկ այդ մասին իր վստահված անձն ահազանգե՞լ է, բողոքարկման դիմում ներկայացրե՞լ են, Ազիզյանը պարզաբանեց․ «Չէ, էդտեղ բոլորը տեղյակ են, տարածքայինի ղեկավարությունն է գնացել, որ պարզի՝ դրանից տեղյա՞կ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ես այդ ժամանակ բոլորին զանգահարել եմ, ասել եմ՝ մի հատ գնացեք-տեսեք՝ էդ ի՞նչ է կատարվում, ոչ մի բացատրություն էլ չեն տվել ինձ, անվավեր են ճանաչել»։ Ազիզյանն ասաց, որ կոնկրետ այդ մի տեղամասում պաշտոնական թվով 35 անվավեր է գրանցվել, սակայն կասկածներ է հայտնել, որ իրականում ավելի շատ են եղել փչացրած քվեաթերթիկները։ 



Մեր հարցին, թե ակնհայտ երեւացե՞լ է, որ իրենց ձայները չեն ցանկացել հաշվել, Ազիզյանը պատասխանեց․ «Դե, երեւի, ես այնտեղ չեմ եղել, իմ վստահված անձը շատ կիրթ տղա էր, առանց կատակի եմ ասում՝ լացելով ասում էր, որ ոչ մի բան չեմ կարում անեմ, էդ ի՞նչ են անում։ Հետո զանգել բոլորին տեղյակ եմ պահել, որ նման բան է կատարվում։ Ես ի՞նչ կապ ունեմ, որ իմ ձայները վերցնում են, որպես ի՞նչ են վերցնում, բա՝ հեսա կզբաղվենք, հաշվարկների ժամանակ է, ոչ մեկին ներս չեն թողնում, էս է, էն է․.. մի խոսքով»։ Ազիզյանը չկոնկրետացրեց, թե ովքեր են իրեն նման պատասխան տվել․ «Ես դիմել եմ մեր տարածքայինի ղեկավարին, ԿԸՀ, վերջը ոչ մի արդյունք չեղավ, ըտենց էլ անվավեր գրեցին»։ Ազիզյանն ասաց նաեւ, որ իր թիմը չի բողոքարկել այդ փաստը։
Ընտրություններից մեկ շաբաթ առաջ մենք լուր էինք տպել այն մասին, որ տեղեկություններ են պտտվում, թե ՀՀԿ-ն թույլ չի տալու «Ծառուկյան դաշինքին» տեր կանգնել իր քվեներին։ Նման հրահանգ է իջեցվել մարզային ընտրական հանձնաժողովների անդամներին՝ այնպես անել, որ «Ծառուկյան դաշինքի» քվեները չգերազանցեն 25-30 տոկոսը։



Ի դեպ, ընտրություններից հետո դաշինքի թեկնածուներից ոմանք հնարավոր է չգնան Ազգային ժողով՝ նրանցից ոմանք ինքնաբացարկի դիմումներ են գրել, եւ հիմա դաշինքի առաջնորդն է որոշում՝ ով է գնալու խորհրդարան, ով՝ ոչ։ Նապոլեոն Ազիզյանը, սակայն, մեզ վստահեցրեց, որ ինքը ոչ մի դիմում էլ չի գրել ու կդառնա ԱԺ պատգամավոր։ «Ավելին ասեմ, կտեսնեք, թե ինչքան ակտիվ պատգամավոր եմ լինելու»,- ասաց 70-ն անց թեկնածուն։



 Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ