Հետընտրական զարգացումները ոչ թե քաղաքական ուժերը պետք է անեն, այլ ժողովուրդը

Հետընտրական զարգացումները ոչ թե քաղաքական ուժերը պետք է անեն, այլ ժողովուրդը

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի վարկանիշային թեկնածուներից էր՝ Արագածոտնի մարզից։ Նա ստացել է 2 հազար 59 ձայն ու հայտարարում է, որ ընտրություն «չկար»։ «Ընտրություն չկար, որ ես էլ գնահատական տամ։ Եվ եթե նորմալ հասարակություն չկա, արդարադատություն չկա, մենք ո՞նց բողոքարկենք, այդ բողոքարկումն ի՞նչ էր տալու»,- մեր զրույցում հռետորական հարցադրում արեց ազատամարտիկը։ Ապրիլի 4-ին, հիշեցնենք, ՕՐՕ դաշինքը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ իր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կա՞ մատնահետքերի համընկնում, թե՞ ոչ։ «Այ, ուրիշ խնդիր է, որ այդ բազան միավորվի, եւ կտեսնեն, որ այս ընտրություններին 5-6 հարյուր հազար մարդ կրկնակի, եռակի քվեարկություն է արել»։



- Ես պարզ ասում եմ՝ Հայաստանում մաքսիմում կարող էր 8-9 հարյուր հազար ընտրող մասնակցել, դրանից ավել մասնակցությունը կրկնաքվեարկություն է, եթե համաձայն չեն այս թվերին, թող բերեն տվյալների բազան ու համադրեն։ Սա, իշխանական ռեսուրսները, ռեյտինգային համակարգը, որն ավելի շատ անհատների պայքար էր, եւ կաշառքն է եղել իշխանությունների հաղթաթուղթը։



-Մինչեւ ապրիլի 2-ի ընտրությունները դաշինքի բազում ներկայացուցիչներ, կարելի է ասել, սպառնում էին հետընտրական զարգացումներով, ասում էին՝ եթե ընտրությունները կեղծվեն, պայքարը կտեղափոխվի փողոց, ինչո՞ւ հիմա փողոց դուրս չեք գալիս, ինչո՞ւ հետ կանգնեցիք ժողովրդին հրապարակ հանելու, մոբիլիզացնելու մտքից։



- Հետընտրական զարգացումները ոչ թե դաշինքներն ու քաղաքական ուժերը պետք է անեն, այլ ժողովուրդը, իսկ ժողովուրդը կարծես հարմարվել է այդ ընտրությունների արդյունքների հետ։ Այսինքն՝ գումարը տվել են, մարդիկ էլ քվեարկել են, տեղամասերում որեւէ արտառոց բան չի երեւացել, տեղամասերը եթե միացված լինեին ընդհանուր ցանցին, կրկնաքվեարկությունները բացառվեին, կմնային միայն մնացած խնդիրները, բայց վստահ եմ, որ չէր լինի այն պատկերը, ինչն ունենք այսօր։



- Գուցե ժողովուրդն ընդդիմության հետ այլեւս հույս չի՞ կապում։



- Հեսա ժողովրդի գումարները կպրծնեն, նոր կհասկանան, թե ինչ է եղել։ Շատ շատերը չեն հասկացել, որ, ընտրելով թեկնածուներին, իրենք չեն էլ հասկացել, որ ՀՀԿ-ն է դրանց թիկունքում, հիմա, երբ կտեսնեն պառլամենտում ովքեր են հայտնվել, կզգան, որ իրենք խաբվել են։ Այդ ժամանակ, ինձ թվում է, զարգացումներ կլինեն։



- Բոլոր դեպքերում, որպես ընդդիմադիր դաշինք, քննարկե՞լ եք, ձեր մեղքը տեսնո՞ւմ եք, որտե՞ղ եք թերացել։



- Իհարկե, ես անձամբ իմ մեղքն էլ ունեմ այստեղ, ես անձամբ փորձում էի քաղաքական պայքար տանել, գաղափարական պայքար տանել, դրա համար էլ այդպես ստացվեց։ Մենք ազնիվ պայքարի կողմնակից էինք, ես վստահ էի, որ այն ատելությունը, որ կա իշխանությունների հանդեպ, արտացոլվելու է ընտրություններում, բայց արկղերը բացելուց հետո պարզվեց, որ ժողովրդի ուշքը գնում է այս իշխանությունների համար։



- Գուցե սխա՞լ մարտավարություն եք տարել։



- Հնարավոր է, որովհետեւ մենք հիմնական շեշտը դնում էինք նրա վրա, որ պետք է գաղափարական պայքար տանել, այսօր հնարավորություն կա քաղաքական ճանապարհով բան փոխել։



- Լուրեր կան, որ դաշինքը վստահված անձինք չի ունեցել բազում տեղամասերում, որ քարոզչության համար նախատեսված բյուջեն դաշինքում սխալ է բաշխվել, ավելի շատ տրամադրվել է ձեր մատնանշած, այսպես կոչված, գաղափարական պայքար տանողներին, քան այն մարդկանց, որոնք պետք է աշխատեին տեղերում, վստահված մարդիկ ունենային ընտրատեղամասերում։ Կարճ ասած՝ սխալ մարտավարություն է տարվել։



- Չգիտեմ՝ ում մոտ ոնց են եղել այդ ֆինանսական հատկացումները, բայց մեզ մոտ դա տեղի ունենալ չէր կարող, որովհետեւ մենք մեր մարդկանց գումար չենք հատկացրել, մեզ մոտ ավելի շատ հավաքվել են գաղափարական հողի վրա, եկել ու կանգնել են մեր կողքին, կոնկրետ իմ կողքին ազատամարտիկներ են եղել, զոհվածների ընտանիքներ, որդիներ ու նաեւ մարդիկ, որոնք ինձ հետ ճանապարհ են անցել։ Մենք գյուղ առ գյուղ հանդիպումներ ենք ունեցել ու ներկայացրել իշխանությունների բացթողումները։ Այո, ուրիշների մոտ աշխատել է գումարի պահը, իշխանական ազդեցությունը, գումարի ու արժեքների միջեւ ժողովուրդն ընտրեց գումարը, ի՞նչ կարող եմ ասել։



- Իսկ դաշինքի հետագա գործունեությունն ինչպե՞ս եք պատկերացնում։



- Դա արդեն քաղաքական գործիչների խնդիրն է, ես քաղաքական անդամ չեմ, ազատամարտիկ եմ, իմ խնդիրն էր, որ մեր երկրում նորմալ, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն լիներ, եթե որեւէ մեկն ընդունում է, որ այս իշխանությունը ժողովրդի կողմից ընտրվել է, ուրեմն նորմալ է։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ