ԱԺ-ից դուրս մնացած կուսակցությունները դեպրեսիայի մեջ են

ԱԺ-ից դուրս մնացած կուսակցությունները դեպրեսիայի մեջ են

Եթե ԱԺ վերջին ընտրությունների մասին դատենք ԿԸՀ ներկայացված բողոքների քանակով, ապա կարող է թվալ, թե իդեալական ընտրություն ենք ունեցել՝ ընդամենը 12 տեղամասերում վերահաշվարկի դիմումներ եւ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ «զրո» դիմում։ Ապրիլի 4-ին, 11։00-ին լրացավ վերահաշվարկի եւ ընտրության արդյունքն անվավեր ճանաչելու վերաբերյալ բողոքների ներկայացման ժամկետը, իսկ ապրիլի 5-ին, ժամը 11։00-ին լրանում էր այլ անձի փոխարեն ստորագրելու վերաբերյալ դիմումների ժամկետը։ 



«Մյուս խնդիրներով դիմումների համար հստակ սահմանված ժամկետներ չկան, այս պահին էլ դեռ ընտրական հանձնաժողովները կարող են դրանք ընդունել, այս պահին դրանց վերաբերյալ վիճակագրական տեղեկատվություն չունենք»,- երեկ ասաց ԿԸՀ մամուլի պատասխանատու Հերմինե Հարությունյանը։ Մինչդեռ ընտրության օրը լրահոսը պայթում էր խախտումների մասին տվյալներից, դիտորդական կազմակերպությունները րոպեն մեկ ահազանգեր էին տեղադրում համացանցում եւ «Քաղաքացի դիտորդի» ինտերակտիվ քարտեզում։ Ներկա պահին էլ այս կազմակերպության գրասենյակում աշխատանքը եռում է։ Ապրիլի 4-ի դրությամբ կազմակերպության իրավաբանների խումբը 31 բողոք էր ստացել, որոնցից 28-ն օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների մասին են վկայում, ընդ որում՝ յուրաքանչյուր դիմումի մեջ բազմաթիվ դեպքեր են նկարագրված։ Մոտ 500-ից ավելի տեղամասերում, որը դրանց ընդհանուր թվի մոտ 33 տոկոսն է, խախտումներ են արձանագրվել։



«Քաղաքացի դիտորդի» անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը բացակաների փոխարեն ստորագրության մոտ 800 դեպք է բացահայտել։ Այս օրերին նա գիշերում է գրասենյակում։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնում է, որ շուտով կներկայացնի ընտրակեղծիքների պատկերը։ Ընտրակեղծիքների մասին հավաստի տեղեկությունները գնալով շատանում են։ Մինչեւ երեկ ուշ երեկո իրավաբանների թիմն աշխատում էր բողոքների վրա, դրանք ուղարկվում են տարածքային հանձնաժողովներ՝ նիստերին ներկայացնելու, որից հետո ԿԸՀ-ն պետք է ընթացք տա վարչական ընթացակարգերով բողոքարկումներին։



Մինչ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ները ծանրաբեռնված աշխատում են, պաշտպանելով ՀՀ քաղաքացիների արդար ընտրության իրավունքը, ԱԺ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, կարելի է ասել, հիմնականում ձեռքները ծալած նստած են կամ էլ «գալոչկա» են դնում՝ անպտուղ, հերթապահ հայտարարություններ անելով։



Մենք կապվեցինք ընտրության արդյունքներից դժգոհ 5 քաղաքական ուժերի գրասենյակներ՝ պարզելու համար, թե արդյոք նրանք մասնակցո՞ւմ են հետընտրական բողոքարկումների գործընթացին։ Միայն ՕՐՕ դաշինքն է պնդում, որ շարունակելու է պայքարը։ «Ստուգում ենք ընտրած քաղաքացիների ցուցակները, թե արդյոք արտասահմանում գտնվող մեր ազգականների, հարեւանների, բարեկամների փոխարեն քվեարկե՞լ են: Հայտնաբերված կեղծիքների մասին խնդրում ենք հայտնել մեզ մեր այս էջի մասնավոր չատով»,- հայտարարում է ՕՐՕ-ն, իսկ ընտրության հաջորդ օրը դաշինքը դիմեց ԿԸՀ՝ պահանջելով ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն, քանի որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում մատնահետքերի միասնական ստուգման հնարավորությունը մեկ ցանցով․․․ Այսպիսով, ԿԸՀ-ն թույլ է տվել նման կրկնաքվեարկության հնարավորություն՝ չձեւավորելով մատնահետքերը նույնականացնող սարքերից ստացվող տեղեկատվության միասնական բազա ամբողջ հանրապետության տարածքում»,- փաստում է ՕՐՕ-ն։ Սակայն, դատելով մամուլի պատասխանատուի խոսքից, դաշինքում մեծ հույսեր չեն կապում այս գործընթացի հետ։ «Բողոքարկումներ չենք անում, միայն ԿԸՀ ենք դիմել, իմաստ չունի»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։



ՀՎԿ անդամ, հասարակության հետ կապերի պատասխանատու Էդգար Առաքելյանն էլ նույնը պատասխանեց․ «Մենք հայտարարություն ենք տարածել, որում ասում ենք, որ չենք վիճարկում ընտրության արդյունքները։ Որքան գիտեմ, մի երկու տեղամասում վերահաշվարկի բողոքներ կան, խախտումներ արձանագրել ենք, բայց գլոբալ առումով դրանք չեն կարող օգնել»։



ՀԱԿ գրասենյակում նույնպես գտնում են, որ բողոքարկումն իմաստ չունի։ Եվ անգամ ընտրողների քվեարկված ցուցակների ուսումնասիրությամբ չեն զբաղվում։ Մինչդեռ Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ պնդում էին, որ ցուցակների հրապարակումը մեծ ձեռքբերում է, իշխանության կողմից հսկայական զիջում։ Կոմունիստները նույնպես որեւէ իրավական գործընթաց չեն ձեռնարկելու։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության առաջնորդ Վազգեն Սաֆարյանն այսպես պատասխանեց․ «Բողոքներ չենք ներկայացրել, ի՞նչը պետք է փոխվի։ Մեր վստահված անձինք չեն արձանագրել խախտումներ»։ Գուցե պատճառն այն է, որ քի՞չ վստահված անձինք ունեիք։ «Այնքան էլ քիչ չէին։ Երեւանը համարյա ծածկել ենք»,- պատասխանեց Սաֆարյանը։



«Ազատ դեմոկրատներն» էլ են անմասն բողոքարկման պրոցեսներում։ «Իմաստ չենք տեսնում բողոքարկման գործընթացներին մասնակցելու»,- ասաց նախկին թեկնածու, կուսակցության մամուլի պատասխանատու Անժելա Խաչատրյանը։ Դաշինքից առաջադրված թեկնածու Ստյոպա Սաֆարյանը, որը բոցաշունչ ելույթներ էր ունենում ընտրությունից առաջ, ասաց, որ բացարձակապես տեղյակ չէ բողոքարկման պրոցեսներից։



Փաստորեն, կարելի է փաստել, որ քաղաքական կուսակցություններն այս ընտրություններում հուսահատված են, դեպրեսիայի մեջ են եւ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը պաշտպանելու որեւէ մտադրություն չունեն։ Անգամ նրանք, ովքեր Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ կոկորդ էին պատռում, ցուցակների հրապարակում էին պահանջում, քննադատում էին իշխանությանը, պայքարում էին օրենքի փոփոխության համար, հետընտրական շրջանում պասիվ են։ Նրանց ձայնին այսօր փաստացի տեր են կանգնում ՀԿ սեկտորը, դիտորդական կազմակերպությունները, որոնք սա անում են կամավոր հիմունքներով։ Հետեւապես, կարելի է եզրակացնել, որ քաղաքական ուժերը, ովքեր հրաժարվում են քաղաքացու ընտրական իրավունքն ընտրության օրվանից հետո պաշտպանելուց եւ գոնե իրենց արձանագրած խախտումները տեղ չեն հասցնում, դեռ պատրաստ չեն փոխարինելու ներկայիս իշխանություններին։ ՀՀ ընտրազանգվածը միայն ծախվածներից ու կաշառակերներից չէ կազմված, կան նաեւ ակտիվ, պայքարող ընտրողներ, որոնք դեռ հուսահատված չեն, եւ որոնց կուսակցությունները պարզապես դավաճանում են իրենց պասիվ, հուսահատ կեցվածքով։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ