Շիրակում ՀՀԿ-ն «ընդդիմություն» էր, վարչական լծակները ՀՅԴ-ի համար էին աշխատում

Շիրակում ՀՀԿ-ն «ընդդիմություն» էր, վարչական լծակները ՀՅԴ-ի համար էին աշխատում

Շիրակի մարզից ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածություն առաջադրած նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը ոչ միայն «ծանր» չի տանում ընտրությունների արդյունքները, այլեւ կարծում է, որ բարելավել է իր նախկին ցուցանիշները․ «Հաշվի առեք, որ ռեյտինգային համակարգ է, եթե նախկինում 3-4 մրցակիցներով ենք պայքարել, այս ընտրություններին 120 հոգով ենք մասնակցել, ՀՀԿ-ից մենակ 13 թեկնածու կար, իսկ 26 հազար ընտրողից (նկատի ունի Արթիկի նախկին վարչական շրջանի ընտրողների թիվը) 9 հազար ձայն ստանալը շատ լավ է»։ Պետոյանն ստացած ձայներով չորրորդն է, զիջում է Արման Սահակյանին, Ֆելիքս Ցոլակյանին եւ Մարտուն Գրիգորյանին։ Նրա «տարածքն» Արթիկ քաղաքն ու հարակից գյուղերն են, որտեղ պայքարել է ոխերիմ հակառակորդների՝ Վարագյան եղբայրների դեմ։ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ՀՀԿ-ական լինելով հանդերձ, պաշտպանել է ՀՅԴ-ական փոխմարզպետ եղբոր՝ Խաչատուրի թեկնածությունը, որը մարզից հազարից ավելի ձայն է բերել Դաշնակցությանը։



- Պարոն Պետոյան, Շիրակի ընտրատարածքում Դուք չորրորդն եք ՀՀԿ-ի ռեյտինգայինների շարքում ու, փաստորեն, խորհրդարան անցնելու շանս չունեք։ Ինչո՞վ եք բացատրում Ձեր պարտությունը։



- Բայց ո՞վ ասաց, որ ես պարտվել եմ, ես շատ լավ եմ գնահատում ու գոհ եմ իմ արդյունքներից, միանշանակ՝ շաաատ գոհ եմ։



- Բայց պատգամավոր դառնալու հնարավորություն չունեք, չէ՞։



- Ամեն ինչ հնարավոր է էս կյանքում, ոչ մի բան պետք չէ բացառել, նայած ով գործադիր կգնա, ով ուր կգնա։ Հետո՝ ինձ համար գերնպատակ չէ, էլի, պատգամավոր դառնալը։



- Իսկ ինչո՞ւ էիք առաջադրվել պատգամավորության թեկնածու։



- Որպեսզի սատար կանգնեմ մեր պետության, տարածաշրջանի առաջընթացին եւ զարգացմանը, մեր ժողովրդի համար առաջընթաց ապահովեմ։



- Իշխանության համար քվե ապահովելո՞վ։



- Էդ թվարկված հանգամանքներով, ինչպես նաեւ մեր նախագահի կողքը կանգնելու նպատակով։



- Ձեր թիմակիցներից շատերն ընտրություններից հետո անկեղծորեն խոստովանում են, որ դժգոհ են ռեյտինգային ընտրակարգից, Դուք զրույցի սկզբում հակառակը պնդեցիք, կհիմնավորե՞ք, թե ինչու։



- Նորմալ է ամեն ինչ, մենք առաջընթաց ենք արձանագրում։ Իհարկե, լրիվ չափով չեմ կարող ասել, որ շատ բարձր մակարդակ է, բայց միշտ էլ հնարավորություն կա, որ հաջորդ անգամ ավելի առաջընթաց կլինի, նոր տարբերակներ կլինեն, ինչի՞ մասին է խոսքը, հո չի՞ կարելի միշտ նույն ձեւով մասնակցել։



- Եթե Արթիկի քաղաքային իշխանությունները Ձեզ աջակցեին, այդ աջակցությունը որքա՞ն նկատելի կլիներ Ձեր ստացած ձայների վրա։



- Իհարկե, եթե սատարեր, ավելի բարձր կլինեին իմ ձայները, բայց ես արթիկցիներից գոհ եմ, իմ մոտ 9 հազար ձայներից 3 հազար 500-ն Արթիկից են տվել։



- Փաստորեն, ի տարբերություն ՀՀԿ-ի, ՀՅԴ-ն վարչական ռեսուրսը չի ծառայեցրել իր թեկնածուների օգտին, ինչի մասին վկայում են ընտրությունների արդյունքները։



- Չէ, չէ, մեր կողմից նման բան չի եղել, հավատացեք, ստեղ կարեւորը մարդիկ են՝ ում են հավատում, ում են վստահում։ Իսկ Վարագյանները կիրառել են վարչական ռեսուրս՝ ի օգուտ Դաշնակցության, բայց էդ ռեսուրսն էն աստիճանի չի կարող աշխատել, եթե քեզ վստահում են։ Հա, կարամ ասեմ, որ էս տարածքում ՀՀԿ-ն դարձել էր ընդդիմություն, ոնց որ ընդդիմադիր դաշտից առաջադրված լինեի, որովհետեւ իշխանական լծակներն աշխատում էին ի օգուտ Դաշնակցության։ Այսինքն, ես երբեւէ իշխանության թեկնածու չեղա, չստացվեց (ծիծաղում է)։



- Եթե ԱԺ չանցնեք, ինչո՞վ եք զբաղվելու։



- Լինելու եմ իմ ժողովրդի, իմ պետության եւ երկրի նախագահի կողքին։



- Իսկ չե՞ք փոշմանել, որ ՀՀԿ-ից առաջադրվեցիք, այլ ոչ թե, օրինակ, նախկին թիմից։



- Չէ, չէ, չէ, ինձ համար կարեւորը մեր պետության առաջընթացը, մեր իշխանությունների, մեր երկրի ճիշտ զարգացումն է, մեկ այլ դեպքում նման բան չէր լինի, ես բառիս բուն իմաստով նայում եմ մեր պետության առաջընթացի, զարգացման եւ անվտանգության համար։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ