Գողականն էնտեղ «սուչիտ» եղավ, ժողովուրդը՝ էնդի

Գողականն էնտեղ «սուչիտ» եղավ, ժողովուրդը՝ էնդի

Հարցազրույց արձակագիր Լեւոն Ջավախյանի հետ․



Լեւոն Ջավախյանին ընտրության հաջորդ օրը հանդիպեցի աշխատանքի գնալիս, Վերնիսաժում։ Ալեկոծված, անհամբեր էր։ Ասաց՝ ուզում եմ խոսել ու էսօր։



- Հետեւել եք, երեւի, ընտրությանը։ Երեկ ի՞նչ տրամադրություն ունեիք, ինչպե՞ս անցկացրեցիք, ո՞ւր գնացիք։



- Իմ տեղը չէի գտնում։ Այն քիչ օրերից էր, որ ես իմ հետ չէի, ընտրությունների հետ էի։ Ինչ-որ տեղ տագնապած, շփոթված, անհամբեր, թե ինչ է լինելու, ոնց է լինելու։



- Ու ի՞նչ եղավ։



- Ես սպասում էի, որ Հանրապետականը ձեն կհավաքի, բայց որ էսքան շատ ձեն կհավաքի, լրիվ անսպասելի էր։



- Իսկ ո՞նց եղավ, որ էդպես եղավ։



- Առաջինը՝ գործեց վարչական ռեսուրսը։ ՀՀԿ-ն միակ կուսակցությունն էր, որի ընտրողին ոչ ոք չփախցրեց, որը լրիվ տիրապետում էր իր ընտրազանգվածին։ Միայն, այսպես կոչված, կեղծ ու անկեղծ ընդդիմությունն էր, որ փախեփախ իրարից ընտրող էին տանում։



Իսկ Հանրապետականի ընտրազանգվածը կոնկրետ իր հետ էր։ Նրա հետ էին, նախ՝ ադմինիստրատիվ, վարչական աշխատողները, նրա հետ էին բանակը եւ ոստիկանությունը, եւ երրորդը՝ նրա հետ էր ամենազորեղը՝ Ավետիք Իսահակյանը, «տասհազարնոցը»։ Ֆրիտյոֆ Նանսենը մի դար առաջ ասել է, որ էս ժողովուրդը խաբված ժողովուրդ է։ Երեք հանրապետություն հետո պարզվեց, որ ոչ թե խաբված, այլ ծախված ժողովուրդ է։ Ես հիասթափված եմ մեր ժողովրդից։ Մի գործոն էլ՝ իշխանությունների հնարամտությունն աշխատեց «от и до»։ Ո՞րն էր իրենց տեխնոլոգիան։ Ով որ արատավորված էր, հետ կանգնեցին, նահանջեցին, չերեւացին սկի, իրավունք էլ չունեին էդ ընտրարշավում լինել։ Ձեւականորեն երեք հոգի էին, բայց ամբողջն իր վրա վերցրեց Կարեն Կարապետյանը՝ իր դրայվով հանդերձ։ Վերջում նրա դրայվն էլ չէր հերիքում, մարտկոցները ոնց որ նստել էին, ձայնն էլ բարակել էր, իր բախտից ֆինիշին էր հասել։



- Ի՞նչ արեցին նրանք՝ ՀՀԿ-ն, իշխանությունը։



- «Խաթաբալա» կինոն բոլորը տեսած կլինեն։ Երեսանց ցույց տվեցին Նատալի, իսկ տակից դեմ տվին Մարքրիտին, ու էս ծախված ժողովուրդն ստացավ այն, ինչ ստացավ։



- Ստացվում է, ժողովրդի մեծ, համարյա 50 տոկոսը ծախվա՞ծ է, գուցե սա՞ չէ մեր ժողովուրդը։



- Դժբախտաբար, մեր ժողովուրդն է։ Ես բազմիցս եմ գրել՝ ժողովուրդներն էլ ծառի նման, բնության նման ծերանում են, չորանում են, փշոտվում, ծռմռվում են։ Եթե հիմա նայես, Հունաստանում էլ ժողովուրդն էն ժողովուրդը չէ, որ քաղաքակրթություն է բերել մարդկությանը։ Հույների, հրեաների նման մենք էլ շիտակ չենք գնացել։ Տեսեք, ռուսների բերյոզան՝ կեչին, սիրուն, սպիտակ, սեւ խալերով, պուտ-պուտ ծառ է, իսկ մեր ծառերը, ակացիան, օրինակ, փշոտ է, անհասկանալի։ Էդպես էլ մենք ենք։ Մեզ կտրել են, ոչնչացրել են, ընձյուղներ են դուրս եկել, հույս ենք դրել էդ երիտասարդ ընձյուղների վրա, որ խելքի գանք, հարատեւենք, ու կարողացել ենք հարատեւել։



- Բայց Դուք հիասթափվա՞ծ եք, փիլիսոփայական հայացքով դեռ չե՞ք կարող նայել ընտրություններին, չհասա՞ք հանդարտության, էլի՞ պետք է էմոցիաների տրվեք։



- Իմ հիասթափությունը կամ սովորելն ի՞նչ կապ ունի։ Ես կրթված մարդ եմ, լավից-վատից՝ գրող եմ, հասարակական կյանքում ակտիվ մարդ։ Բա որ ժողովուրդը մեր կեսի չափ քաղաքական մտածողություն ունենա, կեցվածք ունենա, ժողովրդի վիճակն է՞ս կլինի։ Եթե ժողովուրդը դառնա այնպիսի մակարդակի, որ գործի շամպայնի պրոբկի օրենքը, երբ որ զանգվածի գազն այնքան է, որ տալիս պրոբկան թռցնում է, ոչ մի պրոբկա ժողովրդի գլխին չի կարա նստի։ Բայց, այնուամենայնիվ, էս ժողովուրդը, Թումանյանի ասած, «խալխի» է վերածված, իր ընտրությունն ապագան չէ, վաղվա կյանքը չէ։



- Իսկ գուցե մե՞նք ենք էս ժողովրդի մեջ «խալխ», էն փոքր տոկոսը, որը խոսում է ազատությունից, արժանապատվությունից։



- Մտավորականությա՞նը նկատի ունեք։ Շատ վաղուց էս խոսքն ասել եմ, էլի պիտի ասեմ։ Մածունը որ կա, ավելի յուղալի է լինում, երբ որ ընդհանուր զանգվածն է յուղալի։ Հիմա մեր ժողովրդի ընդհանուր կարգավիճակը, քաղաքական գիտակցությունն էդքան է, սերուցքն էլ էդքան է։ Մտավորականներին ՖԲ ում տեսնում ենք, ինչ-որ կզած վիճակում, իշխանությունների առաջ պար գալիս ենք տեսնում՝ բեմերի վրա, կերակրատաշտին մոտենալու համար ճկված։ Հատուկենտ մարդիկ չեն ճկվում։ Իմ խորին համոզմամբ, մարդ ծնված օրից իր հնարավորություններով թագավոր է։ Օրինակ, ես Վերնիսաժում կանգնած եմ ոչ որպես չարչի, այլ որպես թագավոր։ Կողքիս կանգնած ընկերն ասում է՝ այ Լեւոն, դու ի՞նչ չարչի, դու թագավոր ես՝ չարչու կերպարանքով։ Որովհետեւ իմ արժանապատվությունն էնպես է, որ ցանկացածը, ով էլ գա, վարչապետ լինի, նախագահ լինի, ինձ հետ հավասարը հավասարի մարդ է։ Վերնիսաժի վաճառողներից մեկն էլ մի բանից էր զարմացել։ Ասում է․ «Արա, էդ գողականից էլ գլուխ չեմ հանում․․․ իրենց հիմնական գործը թողած, ընկել են ընտրությունների ետեւից․․․ Տո, փող բաժանելն ի՞նչ իրենց խելքի բանն է»։ Գողականն էնտեղ «սուչիտ» եղավ, ժողովուրդը՝ էնդի։ Ես մի անգամ եմ ծնվել ու մի անգամ ծնվելով, պատրաստ չեմ ստրուկ լինելու։ Բայց հիմնական ժողովրդի դերը կատարում է պլեբսը։ «Պլեբսավարի» էլ գնում է փողի հետեւից։



- Հիմա ի՞նչ անենք։ Եկել ենք Վոլտերի ասածի՞ն, որ ամեն մարդ իր այգին մշակի, հա՞, դա՞ է մնում։



- Վոլտերից ավելի ուժեղ Փանջունին է ասել՝ Օտյանի հերոսը՝ ազգովի փրկված ենք։ Մնում է ամեն մարդ իր գլուխը պրծացնի։ Բայց, ախր, սրանք իրենց գլուխն էլ չեն պրծացնում։ Սրանց գլուխն ուրիշի ջեբումն է։ Էդ ջեբի մեջ էլ ապրում են։ Լավ սահմանադրության տող է՝ ամեն մարդ իր գլուխը պետք է պրծացնի ու ձեռքի հետ բարգավաճի։ Այլ կերպ ի վիճակի չեն։ Վարչապետն էլ կտրված ձենով սրանց փող աշխատել է սովորեցնում։ Բայց դե, դրանք ուրիշ մարդ են դառնում, ոչ թե բիզնեսմեն, արդար վաստակով փող աշխատող, այլ հակված են սրիկա դառնալու։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ