Ինքս ինձ էլ եմ կասկածում

Ինքս ինձ էլ եմ կասկածում

Արագածոտնի մարզում խորհրդարանի ընտրությունները հետաքրքիր արդյունքներ գրանցեցին ոչ միայն ՀՀԿ-ի համար, այլեւ «Ծառուկյան դաշինքի»։ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից առաջատարը նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է՝ տխրահռչակ Նաիրի Սահակյանը, թեպետ կանխատեսումներ կային, որ կարկառուն ապարանցի, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ամեն գնով կապահովի իր հովանավորյալ Ռոմիկ Հայրապետյանի հաղթանակը, որն Արագածոտնի գազի վարչության պետի որդին է։ Ոչ հրապարակային զրույցներում Աղվան Գառնիկիչը խոստացել էր այնպիսի ջախջախիչ հաղթանակ ապահովել, որը նաեւ իր հակառակորդ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանին կզրկեր պատգամավորական մանդատից։ Արդյունքում զրկվեցին եւ Խաչատրյանը, եւ Հայրապետյանը, որը երկրորդն է հավաքած ձայների թվով։



Արագածոտնում մոտ 25 հազար քվե ստացած «Ծառուկյան դաշինքի» առաջատարն էլ մինչեւ վերջերս ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանն է՝ «Մաքս գրուպի» սեփականատերը։ Նրա օգտին 5 հազար 686 ընտրող է քվեարկել, Խաչատրյանի համար՝ 5 հազար 325։ Ապարանյան կոլորիտով հայտնի Լյովա Խաչատրյանին հարցրինք՝ եթե ոչ խորհրդարանում, ապա որտե՞ղ ենք տեսնելու նրա գույնը։ «Արագածի լանջերին, որտեղից սկսել եմ»։ Բայց Խաչատրյանն անտրամադիր էր՝ ցանկություն չուներ խոսելու, ասաց, որ պետք է ժամանակ անցնի։ Առանձնապես խանդավառված չէ նաեւ հաղթած թեկնածու Խաչիկ Մանուկյանը։



- Պարոն Մանուկյան, հիմա Դուք եք «Ծառուկյան դաշինքից» անցնելու խորհրդարան, Դուք եք ամենաշատ քվեները հավաքել։ ԲՀԿ քվոտայով այդ ընտրատարածքից մեկ թեկնածու կարող է անցնել խորհրդարան։



- Փաստորեն, ամեն ինչ գիտես, դե, հետեւություն արա։



- Գո՞հ եք Ձեր ստացած ձայներից, ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը։



- Ավելի մեծ ակնկալիքներ ունեինք, քան ստացանք։ ...Հետոյի վերլուծության խնդիր է, թե ինչի այդպես եղավ։



- Խնդիրը Ձե՞ր մեջ էր, թե՞ ընտրակարգի։



- Եվ նա, եւ նա, ընդհանուր վերլուծությունից հետո կարելի է ասել։



- Դաշինքի թեկնածու Նապոլեոն Ազիզյանը մեր զրույցում ասել է, որ իր օգտին քվեաթերթիկները որոշ տեղամասերում միտումնավոր անվավեր են սարքել, Դուք կարողացե՞լ եք պահել Ձեզ տրված քվեն։



- Ազիզյանի ասածից տեղյակ չեմ, բայց իմ դեպքում չգիտեմ․․․ իմ մոտ էլ կասկածներ կան․․․ չգիտեմ․․․ համենայնդեպս այն, ինչին սպասում էի, ինչ ակնկալիք ունեի, չարդարացվեց։



- Այսինքն՝ Ձեզ ավելի շատ են ձայն տվել, բայց չե՞ն հաշվել։



- Եթե չգիտեմ, ո՞նց կարող եմ ասել։



- Վստահված անձինք չե՞ք ունեցել, ի՞նչ են ասում։



- Ունեցել եմ, դե, ասում են՝ ամեն ինչ նորմալ է, բայց ուզում եմ վստահ լինեմ, որ նորմալ է։ Երբ քիչ ձայներ ես հավաքում, ամեն ինչի վրա սկսում ես կասկածել, նույնիսկ ինքս իմ վրա եմ սկսում կասկածել։



- ՀՀԿ-ական պարտված թեկնածուները խոստովանում են, որ ընտրակաշառքը, վարչական լծակներն են խանգարել ավելի շատ քվե ստանալուն։



- Ինձ թվում է՝ ընտրությունների ձեւն էր ամենամեծ խոչընդոտը՝ ռեյտինգային ընտրությունների ժամանակ պարզվեց, որ գաղափարախոսությունները, ծրագրերը դեր չեն խաղում, ավելի շատ դեր խաղացին մարդկանց տեսակը, մոտեցումները, կուսակցական պատկանելությունը եւ այլն։



- Ձեր մարզում ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայներն ստացել է հանրահայտ Նաիրի Սահակյանը, փաստորեն, բոլոր թեկնածուներից, կուսակցություններից, լիդերներից նրա կերպարն է մարզի ընտրողին հոգեհարազատ եղել։



- Դե, եթե ընտրել են, ուրեմն սիրում են։



- Հնարավո՞ր է մինչեւ հաջորդ ընտրություններ Դուք էլ նմանվեք նրան, որպեսզի դուր գաք Ձեր մարզի բնակչությանը։



- Ես ինձ եմ նման։



- «Ծառուկյան դաշինքում» գո՞հ են Ձեր ստացած ձայներից։



- Եթե ընդհանուր դաշինքի ստացած ձայներն սպասվածից քիչ են եղել, պարզ է, որ գոհ չենք, ես ինքս ինձնից գոհ չեմ, իրենք ո՞նց պետք է գոհ լինեն։



- Իսկ կարո՞ղ է այնքան դժգոհ եք, որ չուզենաք խորհրդարան գնալ։



- Չէ, դրա մասին խոսք չկա, դա օրենքն է նախատեսում, ես անզոր եմ բան փոխելու։



- Այսինքն՝ ցանկություն ունե՞ք պատգամավոր դառնալու, թե՞ օրենքի պահանջով հարկադրված պիտի գնաք։



- Դե, տեսնենք։ ․․․Ես չեմ որոշում։



- Իսկ ո՞վ է որոշում։



- Օրենքը։



- Ըստ օրենքի, ինչպես Դուք ասացիք, Ձեզ մանդատ հասնում է։



- Դե, որ հասնում է, ուրեմն հասնում է։



- Հնարավո՞ր է դաշինքում որոշեն, որ ոչ թե Դուք, այլ ուրիշ թեկնածու պիտի գնա ԱԺ։



- Բայց ինչի՞ եք ըտենց հարցեր տալիս։



- Ասում են՝ խորհրդարան գնալու են նրանք, ում Ծառուկյանը նպատակահարմար գտնի։ Նախորդ ընտրությունների ժամանակ այդպես է եղել։



- Նախորդ ընտրությունները ռեյտինգային չէին, էս ընտրությունները լրիվ տարբեր են՝ եւ ձեւով, եւ որակով, եւ ընտրակարգով, լրիվ ուրիշ բաների մասին եք խոսում, բայց եթե նման որոշում կայացվի, ի՞նչ պիտի անեմ՝ ոչ մի բան։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ