Կարեն Կարապետյանը չի կարողանում կատարել խոստումը

Կարեն Կարապետյանը չի կարողանում կատարել խոստումը

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզչության շրջանում հայտարարեց, որ պատրաստվում է էժանացնել հիպոթեքային վարկերը երիտասարդների համար: Հունվարի վերջի նիստերից մեկում նա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարեց վերանայել «Մատչելի բնակարան» ծրագրի պայմանները, այն ավելի մատչելի դարձնելուն ուղղված առաջարկներ մշակել ֆինանսների նախարարության եւ Կենտրոնական բանկի հետ։ Նախատեսվում էր ավելացնել ձեռք բերվող բնակարանների արժեքի շեմը, նվազեցնել վարկի տոկոսն ու, ամենակարեւորը` կանխավճարի շեմը, որն անհաղթահարելի է միջին եւ անգամ միջինից բարձր` մոտ 200-250 հազար դրամ աշխատավարձ ունեցող ազնիվ ընտանիքների զավակների համար: Բնակարանի կարիք ունեցող երիտասարդների շրջանում լուրեր էին տարածվում, որ կառավարությունը 30 տոկոս կանխավճարը կիջեցնի մինչեւ ձեռք բերվող գույքի 15 տոկոսը: Նշվում էր, որ երկու-երեք շաբաթում ֆինանսների նախարարությունն ու ԿԲ-ն ծրագրի պատասխանատու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ կլուծեն վիճելի հարցերը ու համաձայնության կգան, որից հետո բաղձալի փոփոխությունները կառավարության որոշման տեսք կստանան: Բայց անցել է մոտ 3 ամիս, եւ վարչապետի խոստումը չի կատարվում: Մեր տեղեկություններով, գործընթացն արգելակում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:



Հինգշաբթի, կառավարության նիստից հետո, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրինք, թե ինչ եղավ այդ ծրագիրը, արդյոք այդքան դժվա՞ր է երեք գերատեսչություններին համաձայնության գալ: Նա պատասխանեց, որ գումարը քիչ է, բայց իրենք դեռ աշխատում են նախագծի վրա: Վարդան Արամյանի հետ զրույցից եզրակացրինք, որ վարչապետն ուղղակի չմտածված հայտարարություն է արել, որի տակից չի կարողանում դուրս գալ:



- Բանկե՞րն են պրոբլեմը, որ նախագիծը ձգվում է:



- Ոչ: Ուղղակի պետք է որոշում կայացնել, թե որ հարցը պետք է առաջ մղել, իսկ որը` մի փոքր հետաձգել: Երիտասարդների հարցը մեզ համար պրիորիտետ է, բայց ավելի մեծ պրիորիտետ է տնտեսական աճը, որովհետեւ, եթե մենք ունենանք տնտեսական աճ, ավելի բարձր հարկային եկամուտներ կունենանք եւ կարող ենք ավելի շատ սոցիալական խնդիրներ լուծել:



- Այսինքն՝ հիմա այս ծրագիրը չի՞ ստացվի:



- Ես չեմ ասում, որ չի ստացվի: Հիմա մենք տարբեր սցենարներ ենք քննարկում: Ցանկացած ծրագիր, որ անում ես, չպետք է նայես միայն 2017 թվականին: Դա ծախս կպահանջի նաեւ 2018-ին, 2019-ին, 20-ին:



- Ժամկետների հե՞տ է կապված խնդիրը։



- Չէ, տոկոսադրույքների փոխհատուցումը սոցիալական հարց է: Մենք ասում ենք, որ մեր երիտասարդությունն ունակ չէ բարձր տոկոսով վերցնել վարկը, բերեք մենք մի մասը փոխհատուցենք: Բայց դա բյուջետային հնարավորությունների հարց է, կախված է նրանից, թե ինչքան է մեր բյուջեի թողունակությունը: Հիմա մենք տարբեր օպերացիաներ ենք անում, վարժություններ, որ հասկանանք, թե որն է մեր ներուժը։ Ամենամեծ պրոբլեմը, երբ որ դու որոշում ես կայացնում, բայց չունես տեսլականն առաջիկա 5-10 տարիների համար: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մեր թիմի առավելությունն այն է, որ մենք չենք նայում 1-2 տարով, այլ նայում ենք, թե 5, 10 տարի հետո ինչ է լինելու, որպեսզի այն մարդը, որը գալու է Արամյանին փոխարինելու, նա արդեն ոչ թե սխալներն ուղղի, այլ նորն ստեղծի:



- Հիմա այդ փոփոխությունը շո՞ւտ է լինելու, այդ մարդը շո՞ւտ է գալու Ձեզ փոխարինելու:



- Ես օրինակ եմ բերում, ես չեմ կարծում, որ բոլորս հավերժ ենք պետական համակարգում:



- Փաստորեն, կարծում եք, որ երիտասարդ ընտանիքների ծրագրի մասին վարչապետի հայտարարությունը շուտ էր, նա շտապե՞ց դա անելով:



- Չեմ կարծում, դա մշտապես եղել է մեր օրակարգում:



- Այդ դեպքում կիմանաք՝ ի՞նչ բեռ կպահանջվի, բյուջեի վրա ինչքա՞ն կնստի, եթե հիմա երիտասարդ ընտանիքների համար թեթեւացնեք հիպոթեքի պայմանները:



- Դա կախված է, թե ինչ տոկոսադրույք ենք մենք փոխհատուցում՝ մեկ տոկոսային կետ, երկու։ Գումարած այդ ամենին՝ նաեւ պետք է հաշվի առնենք, թե շահառուների շրջանակն ինչքան է ընդլայնվելու այս ծրագրով:



- Ասում էին՝ կանխավճարը 30 տոկոսից կիջնի 15, սա իրատեսակա՞ն է:



- Չեմ կարծում, դա բավականին բարձր բեռ կլինի բյուջեի վրա:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ