ԿԸՀ նիստը տեխնիկական պատճառներով չի հեռարձակվում

ԿԸՀ նիստը տեխնիկական պատճառներով չի հեռարձակվում

ԿԸՀ-ն այսօր քննարկում է տարածքային ընտրական հանձնաժողովների որոշման բողոքարկման վերաբերյալ Քաղաքացի դիտորդ նախաձեռնության անդամ –կազմակերպությունների դիմումը, ինչպես նաև ՕՐՕ դաշինքի դիմումը ընտրախախտումների մասին: Բայց ԿԸՀ նիստի առցանց հեռարձակումը ընթանում է խափանումներով: Նիստը սկսվել է այսօր, ժամը 18.00, իսկ հինգ րոպե անց կորել է ձայնը, ապա նաև պատկերը:



Այս պահին ԿԸՀ ուղիղ հեռարձակման պատուհանում Մալևիչի «Սև քառակուսին» է: Հետևել, թե ինչ է կատարվում ԿԸՀ-ում, հնարավոր չէ:



ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը բացատրում է . «Տեխնիկական խնդիրներ ունենք»: Փաստորեն, ամենակարևոր պահերին տեխնիկան «փրկում» է ԿԸՀ-ին: Ընտրության օրը ընտրատեղամասերում տեսախցիկները չէին աշխատում: Մինչև ժամը մեկը ուղիղ հեռարձակում ընտրատեղամասերից չէր կատարվում, իսկ մեկից հետո միայն պատկերն էր երևում, առանց ձայնի: Ընտրության հաջորդ օրն էլ ընտրողների ստորագրած ցուցակները չէին բացվում: Դրանք անհասանելի դարձան մի ամբողջ օր: Հիմա էլ նիստերը չեն հեռարձակվում: Սա այն մարմինն է, որին միլիոններ են տրամադրել ընտրությունների տեխնիկական ապահովման ու սպասարկման համար: Կամ ԿԸՀ-ն օդ է նետել այս գումարները, կամ նպատակին չի ծառայեցրել, կամ էլ դիտավորյալ տեխնիկական պատճառներ է բեմադրում: 



Սյուզան Սիմոնյան