Հետցնցում կամ նոր ցնցում մայիսի 14-ին

Հետցնցում կամ նոր ցնցում մայիսի 14-ին

Խորհրդարանական ընտրությունների շոկը չհաղթահարած, պետք է նոր հետցնցումային իրավիճակի պատրաստ լինել։ Մայիսի 14-ին Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների մեկնարկն արդեն տրված է։ Ապրիլի 9-ին լրացավ Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումների համար ԿԸՀ սահմանած վերջնաժամկետը: Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է 3 քաղաքական ուժ․ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, նախընտրական շտաբի պետը, ինչպես 2013-ին, Էդուարդ Շարմազանովը, իսկ ավագանու ցանկը համալրված է իշխանությունների «դամը» պահող արվեստագետներով, մտավորականներով՝ Մարտին Վարդազարյան, Աստղիկ Գեւորգյան, Միքայել Պողոսյան, Լեւոն Իգիթյան եւ այլք։



Մասնակցության հայտ ներկայացրած մյուս երկու ուժերն են ընդդիմադիր «Ելք» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շտաբի պետը դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է, եւ նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Հետաքրքիր է, որ կուսակցության գրանցումը տեղի ունեցավ վերջին պահին՝ ուրբաթ երեկոյան, հակառակ դեպքում «Երկիր ծիրանին» չէր կարողանա մասնակցել ավագանու ընտրություններին։



Նախընտրական քարոզչությունն սկսվում է ապրիլի 21-ին, ավարտվում մայիսի 12-ին: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ Երեւանում ընտրողների թիվը 841 հազար 937 է: Ինչպես հայտնի է, 65 անդամից բաղկացած Երեւանի ավագանին պետք է ընտրվի համամասնական ընտրակարգով։ Այսինքն` երեւանցիներն ընտրելու են ավագանու անդամներ, իսկ ավագանին՝ իր կազմից Երեւանի քաղաքապետ։ Ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների ծառայողները, ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովի անդամները: Ընտրական նոր օրենսգրքով փոփոխության է ենթարկվել ընտրությունների անցողիկ շեմը՝ նախկին 7 տոկոսի փոխարեն այժմ 6 է, իսկ կուսակցությունների դաշինքների համար` 9-ի փոխարեն 8 տոկոս։ Եվ օրենքում այնպիսի փոփոխություններ են կատարվել, որ անգամ չնչին ձայներ ստացած ուժը՝ 3 մասնակցի դեպքում, կանցնի ավագանի։ Այսինքն՝ մայիսի 14-ի ընտրություններին մասնակից 3 ուժերն էլ քաղաքապետարանի ավագանու կազմում ներկայացուցիչներ կունենան։
Եթե մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) մեկն ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին)․ սա հայտնի բոնուսն է։ Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում է երկու կուսակցություն (կուսակցությունների դաշինք), սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որն ստացել է առավել թվով մանդատներ: Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ: Եթե Երեւանի ավագանու ընտրություններում որեւէ կուսակցություն 50 տոկոս եւ ավելի քվե է ստանում, ապա նրա համամասնական ցուցակի առաջին համարի թեկնածուն մեխանիկորեն համարվում է մայրաքաղաքի ընտրված քաղաքապետ։



ՊԱՐՏՎԵԼՈՒ ՄՏԱՎԱԽՈՒԹՅԱՄԲ ԲՈՅԿՈՏԵՑԻՆ



Երեւանի ավագանու նախորդ ընտրությունները՝ 2013-ի մայիսի 5-ին, աչքի ընկան մասնակիցների առատությամբ։ Դրանք յոթն էին՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Բարեւ, Երեւան» դաշինքը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ երիտասարդների «Առաքելություն» կուսակցությունը։ Ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերից 4-ը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ «Առաքելություն»-ը, չհաղթահարեցին 6 տոկոսի շեմը: Երեւանի ավագանու կազմում ընդգրկվեցին ՀՀԿ-ն՝ ավագանու 42 անդամով, ԲՀԿ-ն՝ 17, «Բարեւ, Երեւան» դաշինքը՝ 6 անդամով։ Հիշեցնենք, որ 2013-ին ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում էր նախկին արտգործնախարար, այն ժամանակ դեռեւս ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, դրանից առաջ՝ Հարություն Քուշկյանը, ՀՅԴ-ինը՝ Արմեն Ռուստամյանը, իսկ 2009-ին՝ Արծվիկ Մինասյանը։ ՀԱԿ-ի ցուցակի առաջին հորիզոնականում 2013-ին նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էր, ՕԵԿ-ի առաջամարտիկը երջանկահիշատակ Արմեն Երիցյանն էր, «Բարեւ, Երեւանինը»՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ «Առաքելությունը» ներկայացնում էր Մեսրոպ Առաքելյանը։



Ինչո՞ւ Երեւանի ավագանու ընտրությունները հայրենի ընդդիմադիրների կողմից այս անգամ արհամարհվեցին։ Տարբեր վարկածներ կան։ Ուշագրավը հատկապես խորհրդարան անցած երկու ուժերի բոյկոտն է՝ «Ծառուկյան դաշինքի» եւ ՀՅԴ-ի։ Եթե խորհրդարանական ընտրություններում ձախողված մյուս ուժերը ցանկություն չեն հայտնել մաս դառնալ «ոչ քաղաքական» պայքարի՝ վախենալով հերթական ձախողումից, ապա ընտրություններում հաղթած այս երկուսի դիրքորոշումը մի փոքր անտրամաբանական է։ «Ծառուկյան դաշինքում» այս հարցով ակտիվ քննարկումներ են եղել եւ ռեալ գնահատել Երեւանում իրենց հաղթելու նվազ շանսերը։ Այստեղից հայտարարեցին, որ ««Ծառուկյան դաշինքը» կազմավորվել էր ԱԺ ընտրությունների նախաշեմին, հանրությանը ներկայացել գրագետ մշակված ծրագրով եւ առաջարկությունների փաթեթով, ուստի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այս կարճ ժամանակահատվածում, գործնականում անհնար էր երեւանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր եւ պատշաճ ծրագիր»: Ինչ վերաբերում է իշխող ՀՅԴ-ին, ապա նրանք եւս հայտարարեցին, թե Երեւանում մեծ թվեր չեն ստացել, ուստի նպատակահարմար չեն գտնում մասնակցել ավագանու ընտրություններին։ Այսինքն՝ երկուսի դեպքում էլ անցողիկ շեմը չհաղթահարելու մտավախությունն է: ՕՐՕ-ն, «Ազատ դեմոկրատները», ՀԱԿ-ը նույնպես զուսպ հայտարարություն են արել, որ չեն մասնակցելու։ Առավել զարմանալի էր Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցության բացատրությունը։ ՀՎԿ-ն, որը խորհրդարանական ընտրություններից հետո առաջին ուժն էր, որ հայտարարեց, թե ընդունում է ընտրությունների արդյունքները, օրեր անց ավագանու ընտրություններին չմասնակցելը հիմնավորում է բոլորովին այլ կերպ․ «Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ եւ թաղային խմբավորումների, համատարած ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունն ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ վարչությունը որոշում կայացրեց չմասնակցել սույն թվականի մայիսի 14-ին տեղի ունենալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին»:



Էլի՞ ելք կա



Ընտրարշավի մեկնարկից առաջ քաղաքական ուժերն զբաղված են մարտավարություն մշակելով ու չեն բացում փակագծերը, թե ինչպես են ներկայանալու երեւանցիներին, որոնց դժվար է պոպուլիստական ելույթներով խաբելը։ «Ելք»-ի ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ դեռ քննարկում են մարտավարության հարցը։ Նա կարծում է, որ խորհրդարանական ընտրություններին կիրառված մարտավարությունն արդյունավետ է․ «Բայց, անշուշտ, պետք է տեքստերի, ասելիքի փոփոխություն արվի, հարմարեցվի առաջիկա ընտրություններին, բայց գործիքները կարող են նույնը մնալ կամ, թերեւս, ավելացվեն»։ Տանիքներ մագլցել ու «ելք կա» բացականչությո՞ւնն էլ կմնա։ «Ճիշտ է, դեռ չենք քննարկել, բայց կարծում եմ՝ այդ տարբերակով չենք էլ զզվեցրել քաղաքացիներին»,- ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ վերջնական մարտավարության հարցը կորոշվի առաջիկա օրերին։ Բնական է, որ այս անգամ «Ելք»-ականներն ավելի լուրջ կպատրաստվեն, քանի որ նրանց մրցակից է նաեւ ընդդիմության սիմվոլ Զարուհի Փոստանջյանը, ով մարտական է տրամադրված բոլորի հանդեպ, եւ այդ մասին վկայում են «Ելք»-ի լիդերների հասցեին կոշտ գնահատականները, որոնք նա հնչեցրեց երեկ՝ դատապարտելով իրենց վերջին հանդիպման մանրամասների բացահայտումը։



Ի դեպ, ընդդիմադիր գործընկերների չմասնակցելուն անդրադառնալով՝ Արայիկ Հարությունյանը չհամաձայնեց, որ նրանք բոյկոտում են խորհրդարանականի արդյունքներից հետո։ Նա բնական է համարում, որ շատերի մոտ մարտավարությունը վերանայելու անհրաժեշտություն պետք է առաջանար․ «Շատերը, այո, ակնհայտորեն պատրաստ չեն Երեւանի ավագանու ընտրություններին եւ չեն ցանկանում հերթական անգամ պարտվել, այդ պատճառով չեն մասնակցում։ Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա դա լավ հիմնավորում չէ»։ Հարությունյանի գնահատմամբ, Ծառուկյանը բոլորովին այլ պատճառով չի մասնակցում Երեւանի ընտրություններին․ «Հնարավոր է, որ ՀՀԿ-ն մեծամասնություն չունենա, եւ «Ծառուկյան դաշինքը» դժվար ընտրության առաջ կանգնի՝ ինչպես քվեարկի, հավանաբար, խուսափում է այս պատասխանատվությունից, բացի դա էլ, Երեւանում նրանք բավականին թույլ արդյունք են ունեցել եւ քաղաքապետի պաշտոնին հավակնել չեն կարող»։ «Ելք»-ի ներկայացուցչի կարծիքով, թեպետ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ցանկացած ընտրություն «ապաքաղաքականացնեն», այդուհանդերձ, քաղաքական ուժերի առաքելությունը, ըստ Հարությունյանի, հենց այն է, որ դա թույլ չտան․ «Մենք խորհրդարանական ընտրություններին էլ ենք այդպես գործել, Երեւանի ավագանու ընտրություններին էլ ենք նման կերպ վարվելու եւ մեծացնելու ենք հանրության վստահությունն ընտրությունների նկատմամբ»։




Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ