Խռովկան երեխա՞ եմ

Խռովկան երեխա՞ եմ

Հինգ անգամ ԱԺ պատգամավոր ընտրված Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը չի լինի վեցերորդ գումարման Ազգային ժողովում։ Նա այս անգամ չարժանացավ իշխող ղեկավարության բարյացակամությանը, տեղ չգտավ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում, այլ գործուղվեց ռեյտինգայինների «պատերազմի» դաշտ՝ Շիրակի մարզն ընդգրկող 11-րդ ընտրատարածքում։ ՀՀԿ-ի 13 ռեյտինգայիններից ընտրություններից հետո ստացած ձայներով 6-րդն է, հավաքել է ընդամենը 1140 ձայն։ Երեկ նա մի կերպ էր խոսում՝ ակնհայտորեն նեղված։



- Պարոն Ավետիսյան, ընտրությունների արդյունքները, արդեն գործնականում կիրառված ռեյտինգային ընտրակարգն ինչպե՞ս եք գնահատում։



- Նորմալ եմ գնահատում, շատ նորմալ։



- Այսինքն՝ գո՞հ եք Ձեր ձայներից։



- Ասացի՝ նորմալ եմ գնահատում։



- Վերլուծություններ արե՞լ եք, թե ինչու այդքան ձայն հավաքեցիք, թե՞ նորմալ է։



- Ժողովրդից որ հարցնեք, իրենք Ձեզ կպատասխանեն։



- Իսկ Դուք չգիտե՞ք, թե Ձեզ ինչու չընտրեցին։



- Ես ինձ համար ունեմ։



- Դուք մոտ 20 տարի Գյումրիի պատգամավորն եք եղել Ազգային ժողովում, կարելի՞ է ասել, որ Ձեր աշխատանքի պատասխանն ստացաք այս ընտրությունների արդյունքներով։



- Ոչ, չի կարելի։



- Իսկ ի՞նչ է կարելի։



- Ժողովրդից հարցրեք։



- Ձեր կուսակից պարտված թեկնածուներից շատերը մեզ հետ զրույցում չեն թաքցրել, որ թիմակից թեկնածուներից ոմանց համար վարչական ռսուրսներն են կիրառել, ոմանք ընտրակաշառք են բաժանել, ձեր ընտրատարածքում այդ գործոնները եղել են ու ազդել են ընտրությունների վրա։



- Ես էդ գործոններով չեմ զբաղվում։ Ես իմ գործով եմ զբաղվել ու էդ գործոններով չեմ զբաղվել։



- Իսկ մյուս թեկնածունե՞րը։



- Չեմ կարող ասել, իրենցից հարցրեք։



- Իսկ չե՞ք նեղացել Ձեր ընտրողներից, բնակիչներից։



- Կոնկրետ ինձ ձայն տվողներից շնորհակալ եմ, իսկ ընդհանուր՝ ամեն մարդ ընտրել է այնպես, ինչպես մտածել է։



- Ի վերջո, ինչո՞ւ կուսակցության ղեկավարությունը Ձեզ չընդգրկեց ցուցակի անցողիկ տեղում եւ ուղարկեց ռեսուրսակիրների հետ պայքարի, Դուք պարտաճանաչ ներկայանում էիք նիստերին։



- Չեմ կարող ասել, բայց էլի եմ ասում՝ ամեն ինչ նորմալ է։



- Չե՞ք նեղացել կուսակցությունից։



- Ինչի՞ համար, ինչի ես խռովկան երեխա՞ եմ։



- Հանրության ուշադրության կենտրոնում Արտակ Սարգսյանն է, նրա ընկերությունում տեղի ունեցած աղմկահարույց ժողովը, որի ձայնագրությունը հրապարակվել է...



- Ես ոչ մի բանից տեղյակ չեմ։



- Ձայնագրություն է հրապարակվել, որտեղ...



- Ասում եմ՝ տեղյակ չեմ։



- ...ՍԱՍ-ի ներկայացուցիչն սպառնում է, հոխորտում ընկերության աշխատակիցներին՝ ձայն բերել․․․



- Ով ինչ է ասում, չի ասում, ես տեղյակ չեմ։ Մինչեւ չծանոթանամ, ինձ բան մի ասեք։



- Իսկ բացառո՞ւմ եք, որ Շիրակի ՀՀԿ-ական թեկնածուներից ոմանք եւս այդ միջոցներով են ստացել ընտրողների քվեն՝ պարտադրելով, սպառնալիքներով։



- Մեր տարածքի թեկնածուներից Դուք ինքներդ հարցրեք։



- Իսկ ինչո՞վ եք զբաղվելու, փաստորեն, խորհրդարան չեք անցնում։



- Ժամանակը կգա՝ կիմանաք։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ