Ձայնագրությունը կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները

Ձայնագրությունը կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները

Հարցազրույց իրավապաշտպան, «Ելքից» ԱԺ պատգամավոր ընտրված Արտակ Զեյնալյանի հետ։



- Ծանոթանալով «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների ժողովի հայտնի ձայնագրությանը, առաջին հայացքից իրավունքի ի՞նչ խախտումներ եք տեսնում։



- Երեւույթը, որը տեղի է ունեցել, միջամտություն է ընտրական իրավունքի նկատմամբ։ Նախ, միջամտություն է տեղի ունենում այդ խորհրդակցությանը ներկա անձանց ընտրական կամքի ազատ ձեւավորման նկատմամբ, եւ այդ միջամտությունն իրավաչափ չէ, օրինական չէ։ Նաեւ ընտրական իրավունքն է խախտվում այն մարդկանց, ում կարող էին ընտրել հավաքի մասնակիցները, եթե նման միջամտություն չլիներ։ Այսինքն՝ նաեւ ընտրվելու իրավունքն է խախտվում, որովհետեւ, ենթադրաբար, հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ են ներգրավված այդ պրոցեսի մեջ։ Եթե այդ միջամտությունը չլիներ, ապա ինչպիսի՞ պատկեր կարող էր լինել ընտրությունների։ Որեւէ մեկը դա չի կարող հաշվարկել։ Եվ, ընտրական իրավունքի առանձնահատկությունից ելնելով, ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչել, եթե կա այդ գործոնը, եւ եթե այն ազդեցության պոտենցիալ ռեսուրս ունի ընտրության արդյունքների վրա։ Այդ գործոնի առկայությունը միայն բավարար է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ Այստեղ կա նաեւ քրեորեն հետապնդելի արարք։ Մեր կարծիքով, Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված արգելված արարքի հատկանիշներ կան («Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը»), ինչպես նաեւ 154․2 հոդվածի հատկանիշներ («Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը»)։ Հիմա խնդիրը հետեւյալն է․ ԿԸՀ հայտարարությունից հետո ԿԸՀ-ն կամ որեւէ դատարան կարո՞ղ է քննել այս դեպքի ազդեցությունն ընտրությունների արդյունքի վրա։



- ՍԴ ներկայացրած բողոքում Կոնգրես-ՀԺԿ դաշինքը նշել է նաեւ այս հիմքը։



- Ճիշտ են արել, որ այս հարցը բարձրացրել են ՍԴ-ի առջեւ, որովհետեւ որեւէ այլ մարմին եւ ԿԸՀ-ն այլեւս իրավասու չեն քննելու փաստերը եւ այդ փաստերի վրա հիմնված պահանջը։ Միայն Սահմանադրական դատարանը կարող է վերականգնել խախտված ընտրական իրավունքը՝ այս փաստերի հիման վրա։



- Ձայնագրության մեջ նշվում են մարդկանց անուններ, որոնք խոստացել են N թվով ձայներ բերել։ Այս մարդիկ է՞լ են հանցանք գործում։



- Նախաքննությունը կպարզի՝ արդյոք նրանք հանցանք գործո՞ւմ են, թե՞ ոչ։ Ասենք, մեկ տարի հետո օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվեց, որ այդ փաստը տեղի է ունեցել։ Դա ինչպե՞ս ենք օգտագործելու՝ մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու համար։ Հնարավոր չէ, եւ ընտրական իրավունքի առանձնահատկությամբ պայմանավորված վարչական վարույթով ապացուցման շեմը շատ ցածր պետք է լինի, եւ միայն այն տպավորությունը, որ սա կարող է ազդել ընրությունների արդյունքի վրա, պետք է հետեւանք առաջացնի եւ թույլ չտրվի, որ ընտրական իրավունքի խախտում տեղի ունենա։ Որովհետեւ ընտրական իրավունքը, պատկերավոր ասած, շուտ փչացող իրավունք է։ Դրա նկատմամբ պետք է շատ զգույշ լինել, քրեական վարույթն իր հերթին կարող է գնալ- ավարտվել, դառնալ դատական ակտ, հաստատվեն այս փաստերը, բայց հիմա պիտի այդ երեւույթի ազդեցությունը գնահատվի քաղաքական պրոցեսների վրա, որովհետեւ ընտրական պրոցեսները քաղաքական իրավունքի իրացման պրոցեսներ են, քաղաքական ու իրավական պրոցեսներ են։



- Մարդը, որը խոստանում է, որ այսքան ձայն է բերելու, ստացվում է՝ նա դեռ հանցագործ չէ՞։



- Իմ կարծիքով՝ ոչ, որովհետեւ նրա մոտ կամքն ազատորեն չի ձեւավորվել, նա հարկադրանքի տակ է, նա ստիպված է դա անել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ