Անցողիկն ու մնայունը

Անցողիկն ու մնայունը

2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները բազում իրողություններ բացահայտեցին՝ տեսանելի ու անտեսանելի: Ընտրողների ընթերցասեր, վերլուծական ջիղով օժտված մասը հասկացավ, որ թեեւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը չի լինելու ԱԺ-ում, այդուհանդերձ, նրա Խաղաղության ծրագիրը խորը նստելու է իշխանական, ոչ իշխանական շրջանակների ուղեղներում, որ ծրագիրը մտնելու է յուրաքանչյուրի տուն: Տեղեկացավ Սփյուռքը, ծրագրի դրույթները հետաքրքրեցին միջազգային կառույցներին: Մի խոսքով՝ Խաղաղության ծրագիրը միջազգայնացվեց:



Բնության օրենքն է՝ կյանքում ամեն ինչ իր գինն ունի: Որպես պատգամավոր ԱԺ-ում հայտնվել-չհայտնվելն անցողիկ բան է, մնայունը մեր տարածաշրջանում Խաղաղության, Բարիդրացիության, Կայունության հաստատումն է: Պարտության մասին խոսելն իրոք անտեղի է: Հաղթել է ԱԺ մանդատից կարեւոր՝ Խաղաղության հաստատման ծրագիրը: Սա բոլորի հաղթանակն է:



Որոշ ռազմատենչ «գործիչներ» միամտորեն զարմանք արտահայտեցին, թե ինչու ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց հիմա այդպես կտրուկ կարեւորեց Խաղաղությունը:



Հավանաբար, նրանց արժե հիշեցնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խաղաղության մասին խոսել է 1994-ի մայիսի 12-ի զինադադարից առաջ եւ հետո: 2008-ի իշխանազավթումից հետո խաղաղության մասին նրա մտքերն էլ ավելի այժմեականացվեցին:
Որպես պետական այր՝ նրա մատը միշտ դրված է եղել Հայաստանի, Արցախի ժողովրդի պետականության, անվտանգության, բարեկեցության, ժողովրդավարության զարգացման երակների վրա: Հակառակ ուղղությամբ ակնհայտ զարգացումների մասին նրա ահազանգերն ավելի խորությամբ սկսեցին առնչվել խաղաղության բարդացող խնդիրների հետ: Գործող ռեժիմը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում լուրջ եւ վտանգավոր բացթողումներ գրանցեց:



Փաստենք. Լեւոն Տեր-Պետրոսյան պետական այրի իրատեսությունն ու հեռատեսությունը միշտ չէ, որ հասանելի են եղել բոլորին:



Վերջակետենք՝ ԱԺ-ում հայտնվել-չհայտնվելն անցողիկ բան է, մնայունը Խաղաղության, Հաշտության, Բարիդրացիության հաստատումն է: Եվ այդ գործին պետք է լծվել հիմնավորապես, այլապես անողոքաբար ժամանակի վատնումն աններելի կլինի պետության խնդիրներով մտահոգ քաղաքական բոլոր ուժերի համար:



Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ
Ճարտարագետ-նախագծողներ