Ագռավներն ու կաչաղակները շատացել են Երեւանում եւ մարզերում. պատճառը աղբահանության խնդիրն է

Ագռավներն ու կաչաղակները շատացել են Երեւանում եւ մարզերում. պատճառը աղբահանության խնդիրն է

Վերջին տարիներին ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում ավելի ու ավելի են պակասում ճնճղուկները, որոնք իրենց բները զիջում են ագռավներին ու կաչաղակներին: «Թռչուների կենտրոն» ՀԿ տնօրեն Սիլվա Ադամյանի կարծիքով ագռավների ու կաչաղակների շատանալը մի բանի մասին է վկայում՝ ողջ հանրապետությունով մեկ աղբահանության խնդիր կա. «Կար մի ժամանակ, երբ հույս ունենինք, որ աղբահանությունը լավ վիճակի կհասներ, երբ «Սանիտեքը» նոր էր սկսել աշխատել: Սակայն վերջին ամիսներին ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում աղբի կուտակումներ են նկատվում: Կենդանիները, որոնք սնվում են աղբով՝ դրանք թափառող շներն են, կատուները, առնետները, իսկ թռչուններից էլ՝ առգավներն ու կաչաղակները, փորձում են իրենց կենսակերպով մաքրել աղբը շրջապատից: Ինչո՞ւ են շատանում ագռավներն ու կաչաղակները, ասեմ, որ այդ թռչունները հարմարվող թռչուններ են, ամեն տեղ բույն են դնում, կարողանում են իրենց ձագերին կերակրել փոքր կրծողներով եւ աղբի մնացորդներով»:



Նրա մեկնաբանմամբ՝ աղբի կուտակումների հետ մեկտեղ բացակայում են կանաչ գոտիները, որոնք պաշտպանիչ հատկություն ունեն, իսկ ագռավների շատացումը դուրս է մղում երգեցիկ թռչուններին, որովհետեւ ագռավները կարող են սնվել նաեւ թռչունների ձվերով եւ փոքրիկ ձագուկներով: «Երևանում կանաչ գոտիները, այգիները և ծառերը հատվում են, որը նպաստում է, որ ամբողջ քաղաքի կենսաբազմազանության կազմը փոխվի: Մենք ունեինք Դալմայի եւ Մանումետնի այգիներ: Մարդիկ հատեցին այդ այգիները եւ դրանք փոխարեն օբյեկտներ կառուցեցին: Ես հիմա չեմ վախենում իրենց կոչել տգետներ, քանի որ ի վնաս մեր քաղաքի, մարդիկ փող են աշխատում»:



Սիլվա Ադամյանը վստահեցնում է, որ երգեցիկ թռչունների տեսակները պակասում են նաև այն պատճառով, որ վերանում են հին շինությունները.«Գոյություն ունի բնապահպանական ճարտարապետություն, որտեղ հաշվի են առնում քաղաքի կենսաբազմազանությունը, ուսումնասիրում են, փորձում են հասկանալ՝ ի՞նչ կարող են անել, որպեսզի օրգանիզացիայի հետ միասին կենսաբազմազանությունը պահպանվի: Օրինակ՝ այնպիսի շենքեր են կառուցում, որտեղ հատուկ անցքեր կլինեն թռչունների համար: Մեզ մոտ դա չկա, և երբ տարեցտարի հին շինությունները վերանում են՝ մենք ունենում ենք լուրջ խնդիր: Այս տարի մենք Կիրովի այգում թռչնաբներ ենք դրել, որպեսզի քաղաք բերենք երգեցիկ եւ միջատակեր թռչունների: Քաղաքում կան շատ միջատներ, բայց միջատակեր թռչուններ չկան»: Բնապահպանը հիշեցրեց, որ նախորդ տարի Օպերայի շրջակայքում նման խնդիր էր առաջացել՝ միջատները շատ էին, իսկ քաղաքապետարանն ահազանգում էր, որ որևէ կերպ չեն կարողանում կանխարգելել։ Սիլվա Ադամյանը նշեց, որ բնապահպանական խնդիրները ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում բավականին խորն են և մեծ ջանքեր է պետք կարգավորելու առկա խաթարումները։



Նելլի Կարապետյան