Ինչո՞ւ է ադելֆան դեղը 100 դրամից դարձել 520 դրամ․ հարցնում է թոշակառու քաղաքացին

Ինչո՞ւ է ադելֆան դեղը 100 դրամից դարձել 520 դրամ․ հարցնում է թոշակառու քաղաքացին

«Հրապարակ» թերթի խմբագրություն էր զանգահարել Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչ, թոշակառու Ստյոպա Մալխասյանը, որը մտահոգված է դեղորայքի թանկացմամբ։ Թոշակառուին մտահոգում է, որ ճնշումը կարգավորող ադելֆան դեղը, որը մի քանի տարի առաջ արժեր ընդամենը 100 դրամ, այսօր արժե 520 դրամ։ «Ամեն փողոցում մի քանի դեղատուն կա, դեղատները սնկի պես աճում են, բայց դեղորայքը թանկանում է։ Փոքր խանութները փակվում են, իսկ դեղատները շատանում։ Ո՞րն է դրա օգուտը, երբ թոշակառուն չի կարող դեղ գնել»,- բողոքում էր խմբագրություն զանգահարած քաղաքացին։



Առողջապահության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանն ասաց, որ դեղերի գներով զբաղվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը եւ խորհուրդ տվեց դիմել իրենց։ Անահիտ Հայթայանը զարմացել է, որ այսօր դեռ կան ադելֆան դեղն օգտագործողներ, քանի որ այն շատ հին է, իսկ հիմա կան ճնշումը կարգավորող նոր դեղեր։



Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանն էլ, ի պատասխան մեր հարցի, նշեց, որ իրենք ուսումնասիրում են մեկ-երկու ընկերությունների գործունեությունը։ Իսկ դաշտի ամբողջ գործունեության վերահսկողությունը, ըստ խորհրդականի, հանձնաժողովի խնդիրը չէ։
«Օրենքով մենք միայն վերահսկում ենք գերիշխող տնտեսվարողների գործունեությունը։ Հնարավոր է, որ լինի այնտեղ մի քանի տասնյակ կամ հարյուր հազարավոր դեղորայք, որը չի ներմուծվում գերիշխող տնտեսվարողների կողմից։ Հանձնաժողովը չի կարող դաշտի լիարժեք վերահսկողությամբ զբաղվել, քանի որ, կրկնում եմ, մենք վերահսկում ենք գերիշխող տնտեսվարողների գործունեությունը»,- ասաց Գայանե Սահակյանն՝ իր հերթին խորհուրդ տալով մեզ հուզող հարցով դիմել առողջապահության նախարարությանը։