Գյումրեցիները խուճապի մեջ են . ռուսական ռազմաբազայից կրկին զինվո՞ր է փախել

Գյումրեցիները խուճապի մեջ են . ռուսական ռազմաբազայից կրկին զինվո՞ր է փախել

Գյումրիում այս պահին լուրեր են շրջանառվում, որ արդեն մի քանի օր է՝ ռուսական 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել: Քաղաքացիներից ոմանց պնդմամբ՝ զինվորական ոստիկանները Գյումրու 8-րդ թաղամասում տեղակայված հիմնարկներից պահանջել են ներքին տեսագրման սարքերի նկարահանումները: Գյումրու Մուշի ոստիկանության բաժանմունքից մեզ հրաժարվեցին որևէ տեղեկություն տրամադրել՝ առաջարկելով ինֆորմացիա ստանալ 02 լրատվականից:



Մեզ չհաջողվեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, նրա հեռախոսը անջատված էր:



102-րդ ռազմաբազայից նույնպես չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Գյումրու Կումայրի ոստիկանության բաժանմունքից արձագանքեցին՝ ասելով, որ դա Մուշ-ի բաժնի գործն է, իսկ իրենք առհասարակ նման խնդրով ահազանգ չեն ստացել: 



8-րդ թաղամասի տարածքում տեղակայված ատամնաբուժարաններից մեկի աշխատակիցը միայն մեզ հետ զրույցում հաստատեց, որ ոստիկանությունից մեկ օր առաջ հարցուփորձ արել են, բայց թե ում էին փնտրում` այնքան էլ չի հասկացել:



Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն էլ ռուս զինվորականը արդեն քանի օր է անհետ կորած է, եւ ռուսական բազայում մտավախություն ունեն, որ զինվորականի հետ ինչ-որ վատ բան է պատահել: 



Ինչևէ, Գյումրիում զինվորի փախուստի լուրը այսօր է տարածվել, բնակիչները խուճապի մեջ են, նախկին դժբախտ դեպքը աչքների առաջ է: