Ապագա Երևանը՝ ըստ 3 քաղաքական ուժերի

Ապագա Երևանը՝ ըստ 3 քաղաքական ուժերի

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական երեք ուժերը հրապարակել են մայրաքաղաքին վերաբերող իրենց նախընտրական ծրագրերը։



Երեք ծրագրերն էլ քաղաքակիրթ ու կատարյալ քաղաքի տեսլականներ են, միայն թե չկան հաշվարկներ, թե որ ծրագրի համար որքան ֆինանս է հարկավոր, որտեղից ու ինչ ժամանակամիջոցի լուծման հարց է։ Ինչպիսի՞ն է ապագայի Երեւանը «Ելք»-ի, ՀՀԿ-ի ու «Երկիր ծիրանիի» աչքերով։



Տրանսպորտի խնդիրը չեն շրջանցում անգամ ՀՀԿ-ում, լուծումներն առաջարկվում են «Բարեփոխվող Երեւան» ենթաբաժնում։ Ի դեպ, ՀՀԿ-ի ծրագիրը նման ենթաբաժիններից է բաղկացած՝ «Էկո Երեւան», «Մատչելի Երեւան» եւ այլն։ Գործող քաղաքային իշխանությունները թեեւ անցած տարիներին ի զորու չեղան հասարակական տրանսպորտի խնդիրը լուծելու, սակայն, ընդունելով տրանսպորտի «անբավարար վիճակն» ու «մատուցվող ծառայության ցածր որակը», խոստանում են միջազգային չափանիշներով սպասարկման ծառայությունների մատուցում՝ ստեղծելով նոր օպերատոր։ Մասնավորապես, միկրոավտոբուսների փոխարեն մեծ եւ միջին տարողությամբ նոր ավտոբուսների կիրառում․ «Ներդնել էլեկտրոնային եւ միասնական տոմսային նորագույն համակարգ՝ սոցիալական խմբերի համար հստակ զեղչերի կիրառմամբ։ Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ապահովել երթուղիների, չվացուցակների, տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի եւ ժամանման իրական ժամանակի վերաբերյալ տեղեկությունների առցանց հասանելիությունը։ Արդիականացնել կանգառասրահները համապատասխան կահավորանքով եւ նոր տեղաբաշխմամբ։ Ձեռք բերել նոր տրոլեյբուսներ եւ տրոլեյբուսային ցանցն ինտեգրել ընդհանուր տրանսպորտային ցանցին»։ Նաեւ՝ ապահովել մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգության ապահովման եւ զարգացման ծրագրերի շարունակականությունը։



Մինչդեռ ընդդիմադիր մյուս ուժերը մետրոպոլիտենի նոր կայարան կառուցելու անհրաժեշտություն են տեսնում։ «Երկիր ծիրանին» «Հանրային տրանսպորտ» բաժնում ծավալուն անդրադարձ է կատարել խնդրին՝ համատեղելով պատմական էքսկուրսի հետ։ Զարուհի Փոստանջյանի թիմի համար Երեւանի զարգացման եւ տրանսպորտի արդյունավետ աշխատանքի համար մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումն առաջնահերթություն է։ Չէ՞ որ «Երեւանի զարգացման գլխավոր պլանով»` մայրաքաղաքում պետք է լինեին մետրոպոլիտենի 32 կայարան եւ 3 գիծ, սակայն 1996 թվականից առայսօր չի կառուցվել եւ ոչ մի նոր կայարան: «Առավել իրատեսական պլաններից է Երիտասարդական կայարանի 2-րդ մուտքի կառուցումը, որը ներառված էր նախագծում եւ իրականացվել է 60 տոկոսով»,- նշվում է ծրագրում։ «Երկիր ծիրանիի» համար մերժելի է, որ հանրային տրանսպորտում գործում է վճարման այնպիսի համակարգ, երբ վճարը վարորդն ինքն է ստանում՝ առանց տոմսի, երբ ուղեւորների` նախատեսվածից ավելի շատ փոխադրում է կատարվում, եւ գործում է վարորդների 12-16-ժամյա աշխատանքային օր` 6-7-օրյա աշխատանքային գրաֆիկով։ Նրանք խոստանում են հասարակական տրանսպորտի տեղաշարժի վերակազմակերպում` ճանապարհային կառուցվածքներ, երթուղիների տրամադրում, արտոնյալ կանաչ լույս եւ այլն, ինչպես նաեւ կանգառների թվի ավելացում, բարելավում․ «Անհրաժեշտ է կարմիր գծանշումների, ավտոկայանատեղիների եւ ճանապարհատրանսպորտային խախտումների վերահսկողության համալիր լուծումներ: Խախտումների վերաբերյալ ոչ իրավաչափ պատժամիջոցները հարկավոր է վերանայել»: Քարոզարշավը հեծանվային արշավով մեկնարկած կին թեկնածուի թիմում գտնում են, որ հեծանիվը կարող է դառնալ հանրային տրանսպորտի եւ անձնական ավտոմեքենայի այլընտրանք, բայց առանց նորմալ ենթակառուցվածքների դա հնարավոր չէ, ուստի խոստանում են ապահովել պայմաններ։



«Հեծանվային միջանցք» ձեւավորելու հարցը կարեւորվում է նաեւ «Ելք»-ի ծրագրում, որտեղ եւս մետրոպոլիտենի մեկ նոր կայարանի կառուցում են նախատեսում՝ մինչեւ 2022 թվականը։ Վճռական են տրամադրված նաեւ Երեւանում կայանատեղերի սպասարկման մենաշնորհի վերացման հարցում։ Ապահովել քաղաքային տրանսպորտի լիարժեք հասանելիություն մինչեւ կեսգիշեր, ձեւավորել «ավտոբուսային միջանցք», ինչը նշանակում է, որ պողոտաների երթեւեկելի գծերից մեկը պիկ ժամերին կհատկացվի բացառապես ավտոբուսների եւ տրոլեյբուսների երթեւեկությանը, գործարկել «Զվարթնոց» օդանավակայանը Երեւանի կենտրոնին կապող ավտոբուսային շուրջօրյա երթուղի, միջոցներ ձեռնարկել քաղաքային տրանսպորտից օգտվող քաղաքացիների սպառողական իրավունքները պաշտպանելու համար (վարորդների արտաքին տեսք, պահվածք, տրանսպորտի մաքրություն եւ այլն), ներդնել «խելացի» լուսացույցներ, որոնք կկարգավորեն երթեւեկությունը՝ ըստ ծանրաբեռնվածության, մինչեւ 2022 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցնել ավտոբուսների ու տրոլեյբուսների 40 տոկոսը։



Տրանսպորտից ոչ պակաս մայրաքաղաքում սրված է աղբահանության ու կանաչ գոտիների հարցը։ «Էկո Երեւան»-ի շրջանակում ՀՀԿ-ն մտադիր է իրականացնել կոշտ թափոնների կառավարման բարեփոխումներ։ Նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, աղբի տեսակավորման եւ վերամշակման գործարան, մեկուսացնել, բարեկարգել Նուբարաշենի եւ Աջափնյակի գործող աղբավայրերը։ Քաղաքի կանաչ տարածքը բետոնե շենքերով փոխարինած իշխանությունը խոստանում է ավելացնել կանաչ տարածքները, կիրառել այլընտրանքային կանաչապատում, իրականացնել Երեւանի 2800-ամյակին նվիրված այգու կառուցման, Կոմիտասի այգու հիմնանորոգման եւ ընդլայնման աշխատանքներ, Ծիծեռնակաբերդի անտառպուրակային տարածքի վերականգնման ծրագիրը եւ այլն։ «Թամանյանի գլխավոր պլանի հիմքում ընկած էր քաղաք-այգու ստեղծման գաղափարը»,- հիշեցնում է «Երկիր ծիրանին» ու խոստանում վերականգնել մայրաքաղաքի «շնչուղիներն ու թոքերը»՝ Նորք-Մարաշի անտառ, Կասկադի երկկողմյա անտառ, «Հաղթանակ» զբոսայգու լանջի անտառածածկ հատված, Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Փարոսի» հարեւանությամբ գտնվող անտառ եւ այլն։ Կանաչապատումը հասցնել մեկ մարդու հաշվարկով 25 քառակուսի մետրից ոչ պակասի․ կուսակցության հաշվարկով այսօր Երեւանում մեկ շնչին ընկնող կանաչապատ տարածքը կազմում է 5 քմ-ից էլ պակաս:



Մի քանի էջ էլ նվիրել են աղբահանության խնդրին՝ թափոնների միքանիանգամյա օգտագործման, աղբի ու թափոնների վերամշակման եւ այլընտրանքային էներգիայի ներդրման մասին առաջարկով․ «Երեւանի քաղաքապետարանը, Նուբարաշենի աղբավայրի վերամշակման ծրագրի շրջանակներում ճապոնական կոնսորցիումին հատկացնելով ընդամենը 7 հեկտար ընդհանուր 35 հեկտար կազմող աղբավայրի տարածքից, հրաժարվել է էլեկտրաէներգիայի արտադրությունից եւ համաձայնել է միայն այրել հավաքած կենսագազը: Ճապոնական կոնսորցիումի 2 ընկերության` «Միցուի»-ն եւ «Խոկկայդոէլեկտրիկ»-ին, այրվող աղբից էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնելու հնարավորության մերժումը Երեւանի քաղաքապետարանի կողմից հանգեցրեց նրանց կողմից ծրագրից հրաժարման: Իսկ «Շիմիզու» ընկերությանը հաջողվեց համոզել մնալ եւ շարունակել նախագիծը նման ոչ ամբողջական տարբերակով: Սույն ծրագրի շրջանակներում ճապոնական կողմը կորցրեց մեծ քանակությամբ արտանետումների նվազեցման միավորներ ձեռք բերելու հնարավորությունը եւ հայկական կողմի հետ զրկվեց էլեկտրաէներգիայի վաճառքի եկամտից, որը կկազմեր տարեկան 300 հազար դոլար` յուրաքանչյուր կողմի համար: Երեւանը նաեւ չստացավ աշխատատեղեր, նորարարական տեխնոլոգիա, որը կարելի էր օգտագործել` Գյումրու եւ Վանաձորի աղբավայրերում իրականացնելով նման էկոլոգիական ծրագրեր»:
«Ելք»-ը հաշվարկներ ու վերլուծություններ չի ներկայացրել, կարճ-կոնկրետ է՝ առաջիկա 5 տարվա ընթացքում Երեւանի շուրջը 500 հազար ծառ տնկել, մայթերի եզրագծերին՝ եւս՝ հետիոտներին տապից ազատելու համար, բայց թիվ չի նշվում։ Սկսել կանաչ տանիքների ծրագրի իրագործումը, կառուցել նոր բնապահպանական ստանդարտներին համապատասխանող աղբավայր՝ ստեղծելով նաեւ աղբի վերամշակման արտադրություն։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ