Դուք՝ լրագրողներդ, մի մականունով ինձ կնքեցիք՝ Բռլյանտ, այդ ոլորտում կգործեմ

Դուք՝ լրագրողներդ, մի մականունով ինձ կնքեցիք՝ Բռլյանտ, այդ ոլորտում կգործեմ

ԲՀԿ-ական Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակը, ապագա խորհրդարանում չի լինի։ «Բավական է, տասը տարուց ավելի պատգամավոր եմ, հիմա էլ երիտասարդները թող օրենսդիր գործունեություն ծավալեն, ավելի թարմ ուժեր գնան պառլամենտ»,- ասաց 2003 թվականից ԱԺ պատգամավոր Մխիթարյանը։ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչն ընտրություններում թեեւ ակտիվ մասնակցություն չի ունեցել, քանի որ, ինչպես ինքն է ասում, ընտրություններին նախորդած շրջանում Հայաստանից բացակայել է, բայց իր ընտրատարածքում բոլորն են իմացել, որ ինքը ԲՀԿ-ական է։ Ի դեպ, Արշակ Մխիթարյանը քչերից է, որ քաղաքականությունից Ծառուկյանի հարկադրաբար հեռացումից հետո չլքեց ԲՀԿ-ն ու հիմա էլ չի պատրաստվում հեռանալ կուսակցությունից։



- Պարոն Մխիթարյան, հոգնել էիք օրենսդիր աշխատանքի՞ց, թե՞ հանրային մարդ լինելուց։



- Հանրային մարդ լինելը վատ բան չէ, ուղղակի ավելի ազատ ժամանակի կարիք ունեի՝ նաեւ այլ գործունեություն ծավալելու համար։



- Ի՞նչ գործունեություն։



- Մինչեւ օրենսդրական աշխատանքը բիզնեսով եմ զբաղվել, հիմա էլի կզբաղվեմ, կշարունակեմ կիսատ թողած գործերը։



- Խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուց հետո հայտարարվում էր, որ ապագա խորհրդարանն ավելի բարձրորակ պետք է լինի, չաշխատող, բիզնեսմեն պատգամավորները պետք է հրաժեշտ տան խորհրդարանին։ Գուցե այդ հայտարարություննե՞րն են ազդել Ձեր որոշման վրա։



- Այսինքն, եթե բիզնեսմեններ կան, Ձեր ասելով դուրս է գալիս, որ պառլամենտի որակը ցա՞ծր է լինում։



- Մեր խորհրդարանում բիզնեսմեն-պատգամավորները հիմնականում միայն կոճակ էին սեղմում։



- Շատ-շատ բիզնեսմեն-պատգամավորներ կան, որ օգտակար են լինում թե բիզնեսի, օրենսդրության, թե տնտեսության, թե քաղաքական դաշտի համար։



- Անձամբ Դուք օրենսդրական ակտիվ գործունեությո՞ւն եք իրականացրել։



- Եթե նայենք կոնկրետ իմ օրենսդրական աշխատանքները, նախագծերը, նման, ասենք, չի եղել։ Բայց խմբակցությունում քննարկումներ ենք ունեցել, կարծիք ենք հայտնել, հիմա ընդհանրացված ձեւով մեր տեսակետները եղել է մարդ, որ բարձրացրել է։



- Չե՞ք ընդունում, որ այդ դասի պատգամավորները հիմնականում չաշխատող, կոճակ սեղմողներ են։



- Պրովոկացիոն հարցեր ինձ մի տվեք, ինձ ընդամենը մնաց մեկ ամիս, թող մյուս գումարման պատգամավորները մտածեն էդ մասին, թե ինչով կզբաղվեն՝ կոճակ սեղմելո՞վ, թե՞ ակտիվ գործունեությամբ։



- Հնարավո՞ր է, որ հաջորդ ընտրություններին դարձյալ ուզենաք պատգամավոր դառնալ։



- Եթե հինգ տարի հետո պիտի մտածեմ վերադառնալու մասին, էլ հիմա ինչո՞ւ էի հրաժարվում։ Ես ունեցել եմ շատ լավ առաջարկություն, եւ իմ էլեկտորատն այնպիսին էր, որ ես ռեյտինգայինով շատ ձայն կհավաքեի, բարձր ցուցանիշ կունենայի, բայց էլի եմ ասում՝ այլեւ ցանկություն չունեմ։



- Ձեր կուսակցության ղեկավարն էլ դուրս եկավ, հետո փոշմանեց՝ վերադարձավ, քաղաքականության մեջ երբեք մի ասեք «երբեք»։



- Պահանջ եղավ՝ վերադարձավ, հասարակական պահանջ կար։ Ես կուսակցական լիդեր չեմ, որ իմ նկատմամբ պահանջ լինի։



- Ձեր կուսակից, եւ ոչ միայն, գործընկերներից շատերն էլ տասը տարուց ավելի մանդատ ունեն, բայց այս ընտրություններում շատերը նորից առաջադրվեցին։



- Դե, երեւի դրա մեջ ինչ-որ բան են տեսնում, չգիտեմ, չեմ կարող ասել։



- Իսկ մանդատը Ձեզ ի՞նչ տվեց, ու Դուք ի՞նչ օգուտ տվեցիք հանրությանը՝ որպես պատգամավոր։



- Քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ունեցանք մեր մասով եւ օրենսդիր գործունեության դաշտում, իսկ թե մենք ինչ տվեցինք, թող հանրությունը գնահատի, բայց մենք ծառայել ենք հանրությանը։



- Լքո՞ւմ եք քաղաքական ասպարեզը, թե՞ կապը պահելու եք կուսակցության հետ։



- Իհարկե, կուսակցական գործունեություն չեմ ծավալի, բայց շատ-շատ ընկերներ ունեմ, այդ թվում՝ պարոն Ծառուկյանը, որոնց հետ իմ կապը կլինի։ Կուսակցական գործունեություն ծավալելու ժամանակը չեմ ունենա, որովհետեւ զբաղվելու եմ, իմ գործունեությունը ծավալելու եմ․․․ դուք՝ լրագրողներդ, մի մականունով ինձ կնքեցիք՝ Բռլյանտ, այդ ոլորտում կծավալեմ։



- Ըստ Ձեզ՝ ԲՀԿ-ն ի՞նչ կարգավիճակով հանդես կգա ապագա խորհրդարանում։



- ԲՀԿ-ն միշտ էլ կառուցողական ընդդիմություն է եղել, լավին լավ է ասել, վատին՝ վատ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ