Ես չեմ ճանաչում Վահե Հակոբյանին

Ես չեմ ճանաչում Վահե Հակոբյանին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորությամբ 2012 թ․ նրա որդու անգլերենի ուսուցիչ Հայկ Գրիգորյանը մեծամասնական կարգով պատգամավոր դարձավ: Հայկ Գրիգորյանը պատգամավորական ակտիվությամբ աչքի չի ընկել, զրուցեցինք նրա հետ։



- Իշխանությունը հայտարարեց սերնդափոխության մասին։ Դուք ինչո՞ւ դուրս մնացիք ՀՀԿ համամասնական ցուցակից։



- Այո, համամասնական ընտրակարգը ենթադրում է, որ թեկնածուներն ընտրվում են կուսակցության որոշումով եւ հաստատումով։ Բնականաբար, կուսակցությունը հարմար չգտավ հաստատել իմ թեկնածությունը, ես էլ չհայտնվեցի այդ ցուցակում։ Ասեմ նաեւ, որ ինձ համար գերնպատակ չէր հայտնվել այնտեղ։ Իհարկե, կենսագրությանս մեջ գրվելու է, որ եղել եմ ԱԺ պատգամավոր, բայց դա իմ կյանքում գերնպատակ չի եղել։ Միակ գերնպատակն ինձ համար եղել է այն, որ հայրենիքի համար լինեմ արժանի քաղաքացի, որ իմ երկիրը կամ քաղաքացիներն իմ անունը լսելուց չամաչեն, եւ այդպես էլ ապրել եմ իմ ամբողջ կյանքում։



- Բոլոր դեպքերում, պատճառները Ձեզ հայտնի են, թե ինչու չարժանացաք կուսակցության բարեհաճությանը։



- Ինձ պետք չէ պատճառներն իմանալ, ես դրա կարիքը չունեմ, կուսակցության որոշում է, ենթարկվում ենք որոշմանը։



- Դուք պատգամավորական ակտիվ գործունեությամբ աչքի չընկաք, գուցե պատճառներից մեկն էլ դա՞ էր։



- Չեմ կարող Ձեր ասածը ոչ հաստատել, ոչ ժխտել։



- Ձեր կարծիքով, խորհրդարանական կառավարման համակարգին համապատասխան պատգամավոր կլինեի՞ք։



- Պրովոկացիոն հարց եք տալիս, ես ասացի այն, ինչ ասացի։



- Հնարավո՞ր է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ իշխանության վերաբերմունքի պատճառով դուրս մնացիք քաղաքական ասպարեզից։



- Դա ի՞նչ կապ ունի, ես Գրիգորյան Հայկն եմ, ինքը Սուրեն Խաչատրյանն է, կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է։



- Բայց ինքն էր, չէ՞, Ձեզ գործուղել ԱԺ։



- Ինքն ինձ շատ օգնել էր եւ որպես ՀՀԿ կառույցի ղեկավար, եւ ընկեր, բայց ընտրողները կարային չընտրեին։



- Այն ժամանակ Խաչատրյանը «գահին» էր ու ինչ ուզում, անում էր։



- Հիմա էլ ոչինչ չի փոխվել, ասեմ Ձեզ։



- Բոլոր դեպքերում, այս ընտրություններին Սուրիկ Խաչատրյանն իր «մարդը» չի ունենա ԱԺ-ում, ինչպես նախորդ անգամները։



- Ես ուղղակի չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում «մարդ չի ունենա», բայց ե՞րբ է ինքն իր մարդն ունեցել։



- Օրինակ՝ ի դեմս Ձեզ։



- Ես իր ընկերն եմ, մարդ ասելով տողատակերը եթե բացեք, շատ վատ բան է ստացվում, իսկ կուսակցական՝ ինքը շատ ընկերներ ունի, որոնք կլինեն ԱԺ-ում։



- Ապրիլի 2-ին Դուք աջակցե՞լ եք կուսակցությանը կամ թեկնածուի։



- Բնականաբար, կուսակցության համար աշխատել ենք, ձայներ ենք հավաքել, վատ էլ ձայներ չենք հավաքել Սյունիքի մարզում։



-Բայց ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Խաչատրյանին փոխարինողը՝ գործող մարզպետ Վահե Հակոբյանը, առանձնապես չի զիջում նրան, բավականին շատ ձայներ հավաքեց։



- Ես Ձեր ասած մարդուն ընդհանրապես չեմ ճանաչում, ընդհանրապես դեմքով չեմ տեսել, չեմ շփվել։



- Ինքը Ձեր մարզպետն է։



- Ես ասացի այն, ինչ կարող էի։



- Նա բավականին շատ ձայներ է ստացել, սպասելի՞ էր Ձեզ համար, որ նա այդքան մարդու վստահության քվե կկարողանա ստանալ։



- Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, եթե այդքան մարդ տվել է, այդքանն էլ պիտի պատասխանեն, ես որ անձամբ իմ ձայնը չեմ տվել։



- Իսկ ո՞ւմ եք տվել։



- Չեմ կարող բացահայտել՝ փակ-գաղտնի քվեարկություն է։



- Սուրիկ Խաչատրյանը, ասում էին, աջակցում է Աշոտ Արսենյանին։



- Եթե իմ ընկերն Արսենյանին է աջակցել, ես էլ պիտի աջակցեի։



- Իսկ ինչո՞ւ չեք աջակցել Հակոբյանին ու ձայն եք տվել ոչ սյունեցու։



- Արսենյանի հետ մենք ԱԺ-ում աշխատել ենք, եղել ենք մտերիմներ, ու եթե ես մեկին ճանաչում եմ, մյուսին չեմ ճանաչում, եթե Դուք լինեիք, ո՞ւմ կընտրեիք։



- Ճի՞շտ է, որ գործող մարզպետը չի շփվում սյունեցիների հետ։



- Ես իմ անունից կարող եմ ասել, մյուսների անունից չեմ կարող։



- Այդուհանդերձ, արդյունքները ցույց տվեցին, որ Վահե Հակոբյանի դիրքերն ավելի ամուր են, քան Խաչատրյանինը։ Գործող մարզպետն է ամենաշատ ձայն ստացած թեկնածուն մարզում, նրան հաջորդում է Արսենյանը։



- Դուք համեմատության մեջ վերցրեք կուսակցության ձայները 2012-ին եւ հիմա, պետք չէ անհատավորել։



- Տարբերությունը մե՞ծ է։



- Դուք նայեք թվերն ու տեսեք, թե ում ժամանակ է կուսակցությունն ավելի շատ ձայն հավաքել։



- Դուք գիտե՞ք, թե մարզից ովքեր կգործուղվեն խորհրդարան։



- Բնականաբար՝ ոչ։ Կուսակցությունը դա կհաստատի Գործադիր մարմնի նիստում, ոչ մեկիս դա հայտնի չէ, մինչեւ ԳՄ նիստը չլինի։



- Ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները չե՞ն անցնելու, ըստ օրենքի։



- Հնարավոր է, որ մարդիկ իրենց կամքով հրաժարվեն։



- Իսկ Դուք ինչո՞վ եք զբաղվելու ապագայում։



- Այնպիսի գործունեությամբ, որ մեր երկրին պիտանի լինեմ՝ ուսմամբ, ուզում եմ արտասահմանում շատ լուրջ կրթություն ստանամ, իմ երկրին ավելի պիտանի մարդ դառնամ։



- Սուրիկ Խաչատրյանի՝ քաղաքական դաշտ վերադարձը հնարավո՞ր է, թե՞ վերջ՝ նա այլեւս չի վերադառնա։



- Որոշողը ես չեմ ու հավանականության տեսության մասնագետ էլ չեմ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ