Սերժ Սարգսյանը Ծառուկյանի դեմ երկրորդ «փետրվարի 12» կազմակերպեց

Սերժ Սարգսյանը Ծառուկյանի դեմ երկրորդ «փետրվարի 12» կազմակերպեց

«Ծառուկյան դաշինքում» ինքնաբացարկի գործընթացը դրամատիկ ընթացք ունեցավ։



Ի տարբերություն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի, դաշինքի մի շարք թեկնածուներ ընդվզեցին Ծառուկյանի որոշման դեմ՝ հետ վերցնելով վերջինիս կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց անունից ներկայացված դիմումները, որոնք գրել էին նախապես` մինչեւ ընտրությունների քարոզարշավն սկսվելը։ Իսկ ապրիլի 2-ի ընտրություններից հետո «Ծառուկյան դաշինքի» հաղթած թեկնածուներն ընդհատակ էին անցել, քանի որ Ծառուկյանն ինքը պետք է որոշեր՝ ում տանել խորհրդարան, ում դուրս թողնել։ Ծառուկյանի շրջապատը վստահեցնում է, որ դրա համար ԲՀԿ ղեկավարը բոլոր հիմքերն ունի, քանի որ ինքն է հոգացել նախընտրական բոլոր ծախսերը եւ նախապես բանավոր պայմանավորվածություններ է ունեցել թեկնածուների հետ։ Ըստ այդ պայմանավորվածությունների էլ, Ծառուկյանը ցուցակն է ձեւավորել, եւ ԿԸՀ էր ներկայացվել ինքնաբացարկի 23 դիմում։



Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը կարծես թե նախապատվությունը տվել էր կանանց ու երիտասարդներին՝ դուրս մղելով տղամարդ թեկնածուներին։ Սակայն երեկ վաղ առավոտից անսպասելիորեն գործընթացը գնաց այլ ուղղությամբ՝ «ինքնաբացարկ» հայտնած 12 թեկնածու, որոնց մեծ մասն ընտրությունների արդյունքներով խորհրդարան մուտքի արտոնագիր էր ստացել, որոշեց հետ վերցնել դիմումները եւ ստանալ մանդատները։ Նրանց թվում՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Աբրահամ Մանուկյանի որդի Արթուր Մանուկյան, Վահան Կարապետյան, Արտյոմ Ծառուկյան, Խաչիկ Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Հարություն Ղարագյոզյան՝ Կարամելի Հարութ։ Վերջին հինգն առաջադրվել էին ռեյտինգային ընտրակարգով եւ իրենց տարածքներում դաշինքի հաղթած թեկնածուներն էին, իսկ Մանուկյանը, Զուրաբյանը եւ Բագրատյանը ցուցակով են անցնում խորհրդարան, թեպետ վերջին երկուսը նաեւ ռեյտինգայիններով էին առաջադրվել, բայց բավական քիչ ձայներ ստացել։ Զուրաբյանը՝ մոտ 1800, իսկ Բագրատյանն առաջադրված 10 թեկնածուներից չորրորդն է։ Եվս չորս թեկնածու ինքնաբացարկի դիմումը հետ վերցնելու հայտ ներկայացրեց, սակայն նրանք խորհրդարան չեն անցնի՝ «Առաքելություն» կուսակցությունից Մանուկ Սուքիասյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հրանտ Դավթյանը եւ Ալիկ Եղիկյանը։



Քաղաքական շրջանակներում վստահ են, որ նշված անձինք ուղղորդվել են իշխանության կողմից, եւ այդ 8 պատգամավորը «կմիանան» ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային։ Ըստ այդմ, իշխանությունը խորհրդարանում կունենա 80-ից ավելի պատգամավոր։ Ավելին, ոմանք սա ընկալեցին որպես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ փետրվարյան ապստամբության կրկնություն, պարզապես քաղաքակիրթ տարբերակով։ Գագիկ Ծառուկյանի 30 հոգանոց խմբակցությունից դե ֆակտո «Ծառուկյան դաշինքին» հավատարիմ կմնա 22 պատգամավոր։



Ի դեպ, ԱԺ նոր կանոնակարգը թույլ է տալիս պատգամավորին դուրս գալ խմբակցությունից, բայց պահպանել մանդատը։ Միայն արգելում է այլ խմբակցությանը պաշտոնապես հարելը։ Ծառուկյանը, օրինակ, թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր էր ուզում դարձնել նախկին սոցապնախարար Գեւորգ Պետրոսյանին, որի համար չորս թեկնածու ինքնաբացարկի դիմումներ էր ներկայացրել։ Այս ընտրատարածքից ամենաշատ ձայն էին ստացել Արթուր Մամոյանը, նրան հաջորդող Արտյոմ Ծառուկյանը, Ալիկ Եղիկյանը եւ Արման Աբովյանը։ Մամոյանը, դեռ օրեր առաջ տեղեկանալով Ծառուկյանի մտադրությունների մասին, ԲՀԿ-ից դուրս գալու դիմում գրեց, սակայն Արտյոմ Ծառուկյանը երեկ դիմումը հետ վերցնողների թվում էր, եւ այս ընտրատարածքից նա կդառնա պատգամավոր։



Երեւանի թիվ 2 ընտրատարածքից էլ Վահան Կարապետյանն էր հաղթել՝ Չերրիի Վահանը, բայց Ծառուկյանն ուզում էր Մելիք Սաֆարյանին խորհրդարան տանել, Սաֆարյանը Ծառուկյանի թիկնապահներից է, բիզնեսներ ունի Երրորդ գյուղում։ Երեկ Կարապետյանն էլ հետ վերցրեց մանդատը։ Թիվ 3 ընտրատարածքից դաշինքի հաղթողը Կարամելի Հարութն էր, բայց նրա փոխարեն որոշվել էր ԱԺ տանել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ԲՀԿ կառույցի ղեկավար Հակոբ Նազարյանին, այստեղից ինքնաբացարկ էին ներկայացրել ոչ միայն Կարամելը, այլ նաեւ Կարեն Առաքելյանը։ Կարամելի Հարութը երեկ հետ վերցրեց դիմումը։



Թիվ 4-ից հաղթած Նապոլեոն Ազիզյանի փոխարեն ԱԺ պատգամավոր էր դառնալու Վահե Էնֆիաջյանը, իսկ Արագածոտնում ամենաշատ ձայն բերած Խաչիկ Մանուկյանի փոխարեն՝ Ծառուկյանի օգնական Նորա Առուստամյանը։ Նրա համար ինքնաբացարկի դիմում էր գրել ոչ միայն Ձվերի Խաչիկը, այլ նաեւ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով չցանկացավ երեկ խոսել։ Մենք հարցրինք՝ ինչո՞ւ չհետեւեց գործընկերների օրինակին եւ հետ չվերցրեց ինքնաբացարկի դիմումը, Խաչատրյանն ասաց, որ ամեն ինչ Աստծո կամոք ու ճիշտ է լինում․ «Ես այդ թեմայով ոչինչ չեմ ուզում խոսել»։



Նախորդ օրը ինքնաբացարկ էր ներկայացրել նաեւ Գեղարքունիքից հաղթած թեկնածու Վազգեն Պողոսյանը, սակայն, ըստ տեղեկությունների, նրա պարագայում մանդատից զրկելու այլ պատճառներ կան՝ Վարդան Բոստանջյանի քվեները գողանալու հետ կապված, եւ այդ մասին իմացած Ծառուկյանը որոշել էր պատժել նրան։ Հիմա մարզից պատգամավոր կդառնան ամենաշատ ձայն ստացած Հրանտ Մադաթյանն ու Վարդան Բոստանջյանը։



Ամենաուշագրավ ինքնաբացարկը թերեւս թիվ 4-ում առաջադրված Սամվել Ալեքսանյանինն է, նա ոչ ցուցակով է անցնում, ոչ ռեյտինգայինով, քանի որ 770 ձայնով վերջից երրորդ թեկնածուն է, սակայն բացարկի դիմում է գրել։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ