Օդիոզներ, լաչառներ, փուչիկներ, կոճակ սեղմողներ

Օդիոզներ, լաչառներ, փուչիկներ, կոճակ սեղմողներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է 6-րդ գումարման Ազգային ժողովի կազմը: Առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին, խորհրդարանը կունենա 105 պատգամավոր: 58 մանդատ կստանա ՀՀԿ-ն, 31` «Ծառուկյան դաշինք»-ը, 9` «Ելք» դաշինքը, 7՝ ՀՅԴ-ն: Այս խորհրդարանն էլ նախորդների պես զերծ չի մնա օդիոզներից, կոճակ սեղմողներից, ղժղժաններից եւ այլն։ Փորձենք դասակարգել, թե ինչ պատկեր կձեւավորվի խորհրդարանում։



Խորհրդարանի օդիոզները



Նրանք մեծամասամբ իշխող ուժի ներկայացուցիչներն են, առանց որոնց դժվար է պատկերացնել այս իշխանության օրոք ձեւավորված խորհրդարանը։ Քանի որ հենց նրանք են իշխանության հենասյուները, ընտրություններին փող ծախսողները, իշխանության վերարտադրությունն ապահովողները։ Թեեւ նրանցից ոմանք հարկադրված են մտնում ընտրապայքարի մեջ՝ կուսակցության համար ձայն հավաքելու նպատակով, իսկ հինգ տարի ԱԺ նիստերին մասնակցելը դառնում է ծանր բեռ նրանց վզին, բայց շատերին պարզապես մանդատը «կայֆ ա տալըմ», ինչպես կասեր Շմայսը։ Նոր խորհրդարանի օդիոզների օթյակում իրենց պատվավոր տեղերը կվերազբաղեցնեն գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, որը նախորդ խորհրդարանում գեթ մեկ անգամ ելույթ չունեցավ, մի անհաջող փորձ արեց միայն, այն էլ չկարողացավ միացնել բարձրախոսը։ Կլինեն Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը, Աշոտ Արսենյանը՝ Քլոսը, Ռոբերտ Սարգսյանը՝ Տարոն Մարգարյանի աներձագը։ Սրանք այն պատգամավորներն են, որոնք ոչ միայն օրինաստեղծ աշխատանքին չեն մասնակցում ու խորհրդարանում աչքի են ընկնում իրենց կուրիոզ մտքերով, այլեւ նրանց հետ շփումը երբեմն վտանգավոր է լրագրողների համար՝ կարող են ձեռքերին ազատություն տալ, հայհոյախառն բերանները բացել։ ՀՀԿ-ի օդիոզների թիմն այս խորհրդարանում համալրումներ ունի՝ Արագածոտնի նախկին մարզպետի եղբայր Նաիրի Սահակյան, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյան, Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյան, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, ում՝ ոստիկանապետի պաշտոնում եւ հետո արված հայտարարությունները ԶԼՄ-ների «թոփ» լուրերն էին դառնում։ Մի մեծ բույլ էլ «Ծառուկյան դաշինքից» է համալրվելու։ Նրանք են Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութը), Նապոլեոն Ազիզյանը (Նապը), Խաչիկ Մանուկյանը, Մասիսից ընտրված Տիգրան Ստեփանյանը, Հրանտ Մադաթյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ ՀՅԴ-ում էլ թերեւս օդիոզ կա՝ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, ով նախկինում բազում աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվել։



Կոճակ սեղմողները



Ինչպես նախորդ, այնպես էլ նորընտիր խորհրդարանում մեծ թիվ են կազմելու չխոսկան, կոճակ սեղմող պատգամավորները։ «Ծառուկյան դաշինքից», օրինակ, Արայիկ Աղաբաբյանը, որ նախորդ խորհրդարանում էլ կար, այդ գործի մասնագետներից էր։ Մերուժան Սիմոնյանը, ենթադրաբար՝ Ծառուկյանի երկու փեսաներ Արգամ Աբրահամյանն ու Դավիթ Մանուկյանը նույնպես կդառնան այս ակումբի անդամներ, Գյումրիի մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը (մականունը՝ «Հավ»)։ Բայց այս գործի ռեկորդակիրը ՀՀԿ-ականներն են․ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը, որը նախորդ գումարման ԱԺ-ի վերջին երկու տարվա նիստերին գրեթե չէր հաճախում՝ գտնվում էր ԱՄՆ-ում, գյումրեցի Արման Սահակյանը, Մուրադ Մուրադյանը։ Նորեկներից այս տիտղոսին հավակնում են Հարություն Կարապողոսյանը («Սնխչի» մականունով), Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որը կանցնի օրենսդիր աշխատանքի։



ՀՅԴ-ի բոլոր ժամանակների ամենալուռ պատգամավորներից մեկը՝ «Գրանդ Քենդիի» ներկայացուցիչ, անկուսակցական Արմեն Բաբայանը, որը 2012-ի ընտրություններին զբաղեցնում էր ՀՅԴ ցուցակի յոթերորդ ոչ անցողիկ տեղը, եւ որին խորհրդարան բերելու համար ստիպված էին երկու դաշնակցականներ ինքնաբացարկի դիմել՝ Արտյուշա Շահբազյանն ու Կարինե Հարությունյանը, այս անգամ էլ կոճակ սեղմողի իր դերը կկատարի: Բաբայանն անցած չորս տարում բացարձակապես ոչինչ չարեց, ոչ ելույթ ունեցավ, ոչ հարցազրույցներ տվեց, բայց չխոսկան պատգամավորի, միայն կոճակ սեղմողի կարգավիճակը չխանգարեց, որ նորից հայտնվի Ազգային ժողովում՝ «Գրանդ Քենդիի» ֆինանսական ներարկումների շնորհիվ։ Հավանաբար, նրան ֆրակցիայում կընկերակցեն նորեկ երիտասարդներ, գործարար Անդրանիկ Կարապետյանը՝ Արմավիրից ընտրված, եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը։



Պորտը տեղը դնողները



Բոլոր կուսակցություններն ու հատկապես ՀՀԿ-ն ունեն հարուստ գործիքակազմ, որն օգտագործում են ընդդիմախոսների, քաղաքական հակառակորդների հետ առճակատման պահերին։ Թեժ մարտերի ժամանակ այս անձինք, մոռանալով բարոյականություն ու պարկեշտություն, հարձակվում են հարազատ կուսակցության «թշնամիների» վրա՝ արդարացնելով իրենց մանդատը։ Այս խմբի փորձառու անդամներից են Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը։ Այս թիմում նոր անդամներ էլ կան՝ «Արարատ» ՀԸ տնօրեն Միհրան Հակոբյանը, ՀՀ նախագահի նախկին խոսնակ, ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը։ Բնականաբար, այս խմբում կարող է տեղավորվել նաեւ Արտաշես Գեղամյան-Խոսրով Հարությունյան-Հայկ Բաբուխանյան եռամիասնությունը։ «Ծառուկյան դաշինքում» էլ փորձառու հարձակվողներ կան՝ Տիգրան Ուրիխանյան, Վահե Էնֆիաջյան, թե նորեկներից ով կհամալրի թիմը, ցույց կտա ապագան։



ԱԺ-ի «լաչառները»



6-րդ գումարման ԱԺ-ում տիտղոսակիր «լաչառ» պատգամավորներից էր Զարուհի Փոստանջյանը, ում բացակայությունը դեռ շատ կերեւա։ Բայց այս տեսակի դափնին, իհարկե, կնվաճի Նիկոլ Փաշինյանը, որից հետ չի մնա նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Ծառուկյան դաշինքից» Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, իսկ ՀՀԿ-ից դեռեւս նախորդ գումարման ընթացքում նման հավակնություններ ցուցադրեցին Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը։



ԱԺ-ի «սեւագործները»



Նոր խորհրդարանում ու հատկապես ՀՀԿ-ում նույնիսկ օրինաստեղծ աշխատանք կատարողներ կան, որոնք իրենց ուսերին են վերցնելու նախագիծ մշակելու, նիստերին ելույթ ունենալու, քննարկումներին մասնակցելու, հարցազրույցներ տալու գործը։ Այս շարքում են Արփինե Հովհաննիսյանը, Գեւորգ Կոստանյանը, Հրայր Թովմասյանը, Կորյուն Նահապետյանը, Խոսրով Հարությունյանը, Կարինե Աճեմյանը, Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Հակոբ Հակոբյանը (Թունելի), Վահրամ Բաղդասարյանը եւ այլք։ «Ծառուկյան դաշինքում» էլ կան այդպիսիք՝ Վարդան Բոստանջյան, Միքայել Մելքումյան, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյան։ «Ելքից» այս շարքում կլինեն Արտակ Զեյնալյանը, գուցե՝ Լենա Նազարյանը, Մանե Թանդիլյանը։



ՀԳ․ Թող մեզ ներեն բոլոր նախկինները, որոնք իրենց անունները որեւէ շարքում չեն գտել, քանզի նույնքան աննկատ է եղել նաեւ նրանց գոյությունն ԱԺ-ում, իսկ նորեկներն ապագայում իրենք կորոշեն իրենց «տեղն» ԱԺ-ում։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ