Ես ինչ ծրագրել էի, այդ արդյունքին հասա

Ես ինչ ծրագրել էի, այդ արդյունքին հասա

Գեղարքունիքի դեռեւս գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը պնդում է, որ պատգամավոր դառնալու ցանկություն է ունեցել, մինչդեռ ընտրություններից առաջ ասում էր, որ առաջադրվել է ընդամենը ՀՀԿ-ին ձայն բերելու համար։ Գրիգորյանն ընդամենը 500 ձայնով է զիջել ամենաշատ ձայն ստացած Կարեն Բոթոյանին՝ 14 հազար 932 ։



- Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ ընտրություններից հետո որոշումը փոխվեց, Դուք մեզ ասում էիք, որ պատգամավոր դառնալու համար չեք առաջադրվել։



- Բայց ես 20 տարի քաղաքականությամբ եմ զբաղվում։



- Եվ ի՞նչ։



- Ես քաղաքականությամբ եմ զբաղվում։



- Ձեզ խաբված չե՞ք զգում, որ պատգամավոր դառնալու մտադրություն չունեիք, բայց դարձաք։



- Ես զարմանում եմ՝ ո՞նց կարող եմ ինձ խաբված զգալ։ Դուք ո՞նց եք պատկերացնում... մարզպետի պաշտոնը եւ ԱԺ պատգամավորի կարգավիճակը։



- Իսկ ո՞րն է ավելի բարձր։



- Իսկ ես ուզում եմ, որ Դուք ասեք... Մեր Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորի կարգավիճակն ավելի բարձր է։



- Այդ դեպքում տարօրինակ չէ՞, որ Ձեզնից շատ քվե ստացած թեկնածուն՝ Կարեն Բոթոյանը գերադասում է մարզպետի պաշտոնը։



- Դա էդպես չէ, ես չգիտեմ ում կնշանակեն, դեռ պաշտոնական հրապարակում չի եղել, բայց ի՞նչ էիր կարծում, արդյոք իմ հետ չի՞ քննարկվել այդ խնդիրը, ընտրությունների արդյունքները, ապագա մարզպետի հարցը։



- Ընտրություններից առաջ ասում էիք, որ առաջադրվել եք սոսկ ձայներ հավաքելու համար։



- Ես չեմ ասել, որ ցանկություն չունեմ պատգամավոր դառնալու, ես ասել եմ, որ առաջադրվել եմ ՀՀԿ-ի որոշմամբ, եթե ցանկություն չունենայի, ինչի՞ համար էի առաջադրվելու, մարզպետի պաշտոնն արդեն ունեի։



- Եվ առաջադրվեցիք, որ Ձեր լծակներն ընտրություններին կուսակցության համար օգտագործեք։



-Դուք անցաք պրովոկացիոն հարցերի, ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ առանձնապես ակտիվ քարոզարշավ չեմ իրականացրել։ Իմ համար շատ կարեւոր էր, որ որպես ՀՀԿ շտաբի պետ եւ պատասխանատու, կուսակցությունը շատ ձայներ հավաքեր։ Ես ինչ ծրագրել էի, արդյունքին հասա։ Քարոզարշավի ընթացքում ես ինձ համար ընդհանրապես քարոզարշավ չեմ իրականացրել։



- Եթե պատգամավոր էիք ցանկանում դառնալ, ինչո՞ւ Ձեր համար չէիք իրականացնում։



- Իսկ, ինչ է՝ բավականին շատ ձայներ չե՞մ հավաքել։ Մենք թիմային քարոզարշավ ենք իրականացրել։



- Հիմա Կարեն Բոթոյանն է Ձեզ փոխարինելու։



- Էդ հարցին անդրադառնանք մի քիչ ավելի ուշ։



- Իսկ ընտրությունների արդյունքների հետ կապված ի՞նչ է քննարկվել Ձեզ հետ։



- Ամեն ինչ՝ սկսած նախընտրական քարոզարշավից, իմ՝ առաջիկայում խորհրդարանում հայտնվելու եւ ապագա մարզպետի հարցը։



- Դուք ո՞ւմ եք տեսնում, ո՞ւմ եք առաջարկել ապագա մարզպետի պաշտոնում։ Մեր նախորդ հրապարակումից հետո, որտեղ գրել էինք, որ Բոթոյանն է մարզպետ դառնալու, ասել էիք, որ ծիծաղում եք մեր հրապարակումների վրա։



- Այդ մասին՝ հետո։



- Իսկ ինչո՞ւ որոշեցիք խորհրդարան գնալ, ինչպիսի՞ պատգամավոր կլինեք։



- Ինչպիսին եղել եմ երեք գումարման ԱԺ-ում։



- Ձեր թիմակիցների հետ հարցերը պա՞րզ են արդեն, Գեղարքունիքի ռեյտինգայիններից Տիգրան Արզաքանցյանն ընտրություններից հետո մեզ ասաց, որ ժողովրդին «կոռուպցիայի տակ են մտցրել»՝ փող են բաժանել, ու այդ պատճառով ինքը քիչ քվե է ստացել։



- Անլուրջ եմ համարում այդ խոսակցությունները։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ