Ճերմակաթույր Զարուհին, «հերոս» Տարոնն ու երգիչ Նիկոլը

Ճերմակաթույր Զարուհին, «հերոս» Տարոնն ու երգիչ Նիկոլը

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը վերջնահանգրվանում է: Այն իր թեժությամբ գրեթե չզիջեց խորհրդարանականին, չնայած ընդամենը երեք ուժ էին մասնակցում՝ ՀՀԿ-ն, «Ելք»-ն ու «Երկիր ծիրանին»։ Իշխող կուսակցությունը հավատարիմ մնաց խորհրդարանի ընտրությունների քարոզչական «ժանրին», առաջին պլանում չվարկաբեկված «հերոս» թեկնածու Տարոն Մարգարյանն էր, որին ուղեկցում էին ավագանու ցուցակի մարիոնետները՝ իրենց վրա վերցնելով ընդդիմադիրներին քարկոծելու, Տարոն Մարգարյանին փառաբանել-քծնելու կարեւոր գործը։ Տարոն Մարգարյանը թաղից թաղ անցավ, բակից բակ ու հիմնականում մանկական խաղահրապարակների ֆոնին կարճատեւ ելույթներ ունեցավ, խոսեց արածի ու հատկապես այն մասին, թե դեռ ինչեր է անելու։ Նրա այցից առաջ Երեւանի բազում բակեր մեկ գիշերվա մեջ բարեկարգվեցին, ներկվեցին, տարիների աղբը մաքրվեց, ասֆալտը կարկատվեց, ծառերի բները սպիտակեցվեցին։ Իսկ հանդիպումներին մասնակցող ուսուցչական կոլեկտիվները, թաղապետարանների աշխատողները եւ հատկապես տատիկ-պապիկները գովաբանեցին իրենց թեկնածուին ու սպառնացին չընտրողների «վիզը կտրել»։ Այս ընտրությունների գաղափարական իդեոլոգներն Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովն էին, որոնք համոզեցին Տարոն Մարգարյանին չգնալ մրցակիցների հետ քաղաքական դեբատների։ Մինչդեռ Տարոնի թիմում, ի տարբերություն Շարմազանովի ու Աշոտյանի, վստահ էին, որ իրենց քաղաքապետը դեբատներում էլ «հաղթող դուրս կգա»՝ Նիկոլ Փաշինյանի ու Զարուհի Փոստանջյանի պոպուլիզմին հակադրելով տարիների ընթացքում ձեռք բերած պրակտիկ գիտելիքները։ Մի առանձնահատկություն էլ․ Տարոն Մարգարյանն իր մրցակիցների հասցեին ոչ մի թթու խոսք չասաց, քլնգելու ու հայհոյելու գործն իրենց դիմացկուն ուսերին վերցրին ավագանու թեկնածուները, օրինակ՝ Լեւոն Իգիթյանը, որը, շրջելով քաղաքապետի հետ, ամենուրեք նույն տեքստն էր արտաբերում՝ գործ անողների ու ճառ ասողների թեմայով․ «Փոստանջյանը երկու ժամկետով եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, բայց մենք նրանից միայն խոսակցություններ ենք լսել։ Մենք ձեր հետ միասին մեր փողը տվել ենք նրան, որ նա մեզ ծառայի, որ բարի գործ անի։ Հիմա հարց եմ տալիս՝ երկու ժամկետում մենք նրան մոտ 70 հազար դոլար ենք տվել։ Իսկ ի՞նչ ենք ստացել դրա դիմաց։ Ոչ մի բան։ Խոսակցություն, խոսակցություն։ Աշխատող մարդը չի խոսում»։ Ինչ վերաբերում է Նիկոլին․ «Նա էլ մի ժամկետով է պատգամավոր եղել ու 36-40 հազար դոլար է ստացել «за болтовню»՝ խոսալու համար։ Նրանք ոչինչ չեն ստեղծել, քարը քարի վրա չեն դրել։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ կարո՞ղ ա մենք «дурак» ենք»։ Իգիթյանը չմոռացավ նաեւ Մարտի 1-ը եւ Փաշինյանին մեղադրեց «ավտոբուսների ու տրոլեյբուսների վրա» կանգնած՝ ջարդելու կոչեր անելու մեջ, գերազանցելով անգամ իշխանական իրավապահներին։ Հիշեցնենք, որ Իգիթյանն այն մարդն է, որը Երեւանի պատմական հուշարձանները «սարայ» է անվանում եւ դեմ չէ, որ դրանք արագ տեմպերով ոչնչացվեն: 



«Ելք» դաշինքը փորձեց կատարելագործել խորհրդարանական ընտրության քարոզչական հնարքները՝ գարաժների ու խանութների կտուրներին այլեւս միայն Փաշինյանը չէր բարձրանում, այլ ողջ թիմը, ու բղավում էին․ «Երեւան ջան, ելք կա»։ Իսկ քարոզարշավի վերջին փուլում, հավանաբար, նոր հնարքի փնտրտուքով շրջանառության մեջ դրեցին ընտրակաշառքի դեմ հետընտրական «ընտրակաշառք» խոստանալու մասին հայտարարությունը եւ հայտնվեցին անհարմար դրության մեջ՝ հասարակությունը կամ չընկալեց առաջարկը, կամ համարեց, որ այն պատիվ չի բերում անկաշառ ընդդիմությանը։ Հիշեցնենք, որ «Ելքը» խոստանում է հաղթանակի դեպքում 15 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից: Բայց մի հնարք, այնուամենայնիվ, հասարակությունը գնահատեց՝ դա «Ելքի» ավագանու ողջ թիմով «Էրեբունի-Երեւան» երգի կատարումն էր։ Քարոզարշավի ընթացքում Փաշինյանն ու «Ելքը» նաեւ որոշ բացահայտումներ արեցին՝ գույքահարկի վճարումների, քաղաքապետարանի օգտագործած տրանսպորտային միջոցների եւ այլ թեմաներով։



Օրիգինալ էր նաեւ «Երկիր ծիրանիի» քարոզարշավը, որի մեկնարկը տրվեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բարձունքում, քաղաքապետի գեղեցիկ թեկնածու տիկին Փոստանջյանը բացօթյա ասուլիս տվեց, ապա ծիրանագույն կամ սպիտակ զգեստով ու ճերմակ «կաբրիոլետով» նորահարսի պես շրջում էր մայրաքաղաքի փողոցներում ու ժպտում անցորդներին։ Երբեմն, երբ շատ էր հոգնում, նրա ծրագրերի մասին խոսքի ձայնագրությունն էր հնչում քաղաքում։ «Դեպի Արարատ» եւ «Արեւմտյան Հայաստան» կարգախոսը կրող նորաթուխ կուսակցության ղեկավարը հասցրեց քարոզարշավի ընթացքում պատմական հայրենիք՝ Անի այցելել ու լուսանկարներ հրապարակել։ Ճերմակաթույր թեկնածուն, սակայն, չխուսափեց սեւ քարոզչությունից եւ երբեմն նաեւ քննադատեց ընդդիմադիր գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին, հայտարարելով, որ նա իշխանությունների հետ է։



Կիրակի սպասվող ընտրությունների արդյունքները, անկասկած, չեն արտացոլի բոլոր թեկնածուների կատարած աշխատանքն ու իրական վարկանիշը, քանի որ ՀՀԿ-ն հին ու բարի մեթոդներով կապահովի Տարոն Մարգարյանի հաղթանակը, իսկ Զարուհի Փոստանջյանի ու Նիկոլ Փաշինյանի թիմերի հաղթանակին շատ բան կխանգարի՝ սկսած ընտրական ավանդույթներից, մինչեւ հասարակական իներցիա ու թիմերի անփորձություն։ Ամեն դեպքում հուսանք, որ կունենանք սրտացավ ու աշխատող ավագանի եւ գործունյա ու նվիրված քաղաքապետ։




Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ