Ամենաբարձր նշաձողը

Ամենաբարձր նշաձողը

ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ ԼՂ կարգավորման փուլային հայեցակարգի մասին հայտարարությունից հետո մամուլում եւ սոցիալական ցանցերում մրցակցություն է ծավալվել Հայաստանի գործող իշխանության, երկրորդ եւ երրորդ նախագահի աջակիցների միջեւ: Կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ ԼՂ հարցում հենց իր ընտրյալն է սահմանել ամենաբարձր նշաձող, հետեւողականորեն պաշտպանել կամ պաշտպանում է բացառապես հայանպաստ լուծման տարբերակը: Քարոզչական այս խառնաշփոթի մասնակիցները, կարեւոր չէ՝ գիտակցաբար, թե ոչ, մոռացության են տալիս, որ ԼՂ կարգավորման հարցում Հայաստանն ամենաբարձր նշաձողը սահմանել է 1992 թ. հուլիսի 8-ին՝ Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծված իրավիճակի մասին» որոշումով, որտեղ, մասնավորապես սահմանված է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: 

Այս որոշման հիմքով է, որ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում կիրառել է վետոյի իրավունքը եւ արգելափակել եզրափակիչ փաստաթղթի ընդունումը, որը կանխորոշում էր Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնավար կազմավորման, կարգավիճակը: Մեկ անգամ, 1998թ. Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության սկզբնական շրջանում համաձայնություն է տվել ԼՂ կարգավորման ,,ընդհանուր պետության,, տարբերակին, որով Լեռնային Ղարաբաղին վերապահվում էր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում պետական սուբյեկտի կարգավիճակ: Այդուհետեւ բանակցային գործընթացում 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ սահմանված նշաձողը պահպանվել է: Այնպես որ, առաջնության դափնիների համար մրցակցության կարիք չկա: Հայաստանի ցանկացած իշխանության համար ԼՂ հարցում ամենաբարձր նշաձողը սահմանված է Գերագույն խորհրդի որոշմամբ, եւ այն, կարելի է ասել, անկախության Հռչակագրին հավասար իրավական ուժ ունի: