Նախագծում կա մեխանիզմ, որ պետությունը չի կարող ավելի քիչ ֆինանսավորել կինոն, քան նախորդ տարի

Նախագծում կա մեխանիզմ, որ պետությունը չի կարող ավելի քիչ ֆինանսավորել կինոն, քան նախորդ տարի

«Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ շուրջ 11 ամիս մշակվող «Կինոյի մասին օրինագծի» 3-րդ, այս պահին վերջնական տարբերակը, այսօր շնորհանդեսի ձեւաչափով դրվեց հանրային քննարկման։   

Նախագծի ղեկավար Սուսաննա Հարությունյանը նկատում է, որ 1997թ-ից փորձում են իմի բերել մի փաստաթուղթ, որը ընդունելի կլինի եւ կինոարտադրողներին եւ կառավարությանը։ Այս անգամ որոշեցին դիմել նաեւ մասնագետների՝ մասնավորապես իրավաբանների օգնությանը, որպեսզի ստեղծվի մի փաստաթուղթ, որը հետագա եւ երկար կյանք կունենա։ Օրենքի վերջնական տարբերակի վրա կաշխատեն Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբի՝ ԻՖԿԱ-ի հետ, որպեսզի ստացվի ամփոփ եւ միասնական կինոնախագիծ։ «Օրենքը շատ կարեւոր է համատեղ կինոարտադրության համար, օրենքի բացակայությունը առաջին խոչընդոտներից մեկն է, որը թույլ չի տալիս կնքել պայմանագիր ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի հետ»,-ասում է Հարությունյանը։  

Նախագծի համակարգող Արայիկ Մանուկյանն ընդհանրական ձեւով անդրադարձավ այս ամիսների կատարված աշխատանքին։ Ընդհանուր առմամբ, հունվարից մինչ օրս, տեղի է ունեցել 25 ֆոկուս խմբային հանդիպում, 70 եւ ավելի ժամ քննարկումներ պրոդյուսերների, ֆիլմարտադրողների, ռեժիսորների, օպերատորների եւ այլ մասնագիտական խմբերի հետ։ Եղել են հանդիպումներ նաեւ ԱԺ ԿԳՄԵՍ հարցերի մշտական հանձնաժողովում, կինոմիությունում՝ պրոֆեսիոնալ գիլդիաների շրջանակում։ Քննարկումներ ազգային կինոկենտրոնի, կինոակադեմիայի, կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամների, ինչպես նաեւ՝ ԻՖԿԱ-ի, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ։ Բացի այդ տեղի են ունեցել նաեւ միջազգային փորձագիտական քննարկումներ, իսկ վերջերս էլ աշխատանաքային հանդիպում Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի փորձագետ Սելին Լեքլերքի հետ։ Նախագիծը շուրջ մեկ ու կես ամիս հանրային բաց քննարկման է ներկայացվել մեդիա դաշտում։    

Նախագծի վրա 2 իրավաբանական խումբ է աշխատել՝ «ԼեգալԼաբ» եւ «Տեր-Տաճատյան» իրավաբանական խմբերը, 3 ամիս ծավալուն հետազոտական աշխատանք է արվել։ 13 երկրի կինոօրենսդրություն է ուսումնասիրվել, այդ թվում՝ Լեհաստանի, Վրաստանի, Իսրայելի, Բուլղարիայի, Ֆրանսիայի օրենսդրությունները։ Աշխատանքային 11 ամիսների ընթացքում ստեղծվել է նախագծի 3 տարբերակ, առաջին տարբերակը մայիսին դրվեց հանրային քննարկման, 2-րդ տարբերակը՝ օգոստոսին, իսկ 3-րդ եւ առայժմ վերջնական տարբերակն արդեն պատրաստ է եւ դեռ էլի պետք է անցնի քննարկումների շրջան։

«Օրենքի մեջ կա ներդրված քեշ բեքի մեխանիզմ, թե արտադրողները ինչ են հետ ստանալու ներդրումից, կա մեխանիզմ, որ պետությունը ամեն հաջորդ տարի չի կարող ավելի քիչ ֆինանսավորել կինոն, քան նախորդ տարի է ֆինասավորել, սրանք կետեր են, որոնք պետք է դեռ քննարկում անցնեն եւ հաստատվեն կառավարության եւ ԱԺ-ի կողմից»,-ասում է Մանուկյանը։

Շնորհանդեսին ներկա ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն էլ իր խոսքում նկատեց, որ կինոյի օրենքի ընդունման արդյունքների, դրա հնարավոր հեռանկարների մասին կարելի է այս պահին միայն հուսալ, բայց կա մի կարեւոր գործընթաց, որ տեղի է ունենում կինոնախագծի ընդունման այս պրոցեսում, դա այն է, որ ակամա մոնիթորինգի են ենթարկվում, դասակարգվում, վերլուծվում ոլորտում առկա խնդիրները․ «Օրենքի ընդունումից ակնկալում ենք միջազգային համագործակցության ընդլայնում, նոր կինոշուկաների ընդգրկում, համարտադրության ծավալների մեծացում, Հայաստանը, որպես բարենպաստ ներդրումային միջավայր դարձնելու հեռանկար եւ հնարավորություն»,-ասաց փոխնախարարը, ով կարեւորեց նաեւ օրենքի տնտեսական ազդեցությունը։