ՊԵԿ-ում, ըստ աղբյուրի, չպատվաստվողները պրեմիա չեն ստացել

ՊԵԿ-ում, ըստ աղբյուրի, չպատվաստվողները պրեմիա չեն ստացել

Պետական հիմնարկներում պատվաստման տեռորի մասին մամուլը գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկություններ է հաղորդում․ մի տեղ դիմում գրելու սպառնալիքի տակ են «հորդորում» պատվաստվել, մի տեղ՝ դասաժամերը պակասեցնելու։ Բավականին մեծ լսարան ունեցող բլոգերը հայտարարեց, որ ՊԵԿ-ում հարկադրանքի ձևերից մեկն էլ եղել է չպատվաստված աշխատակիցների հուլիս ամսվա աշխատավարձը չտալը։ Ու սա ամենը չէ, նրանք, ովքեր համաձայնել ու գնացել են, կրկին չեն տվել ու ասել են՝ մինչև բոլորը չվակցինացվեն, չեն ստանալու։

ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը հերքեց․«Բոլորն էլ ստացել են աշխատավարձ, ՊԵԿ-ում նույն իրավիճակն է, ինչ բոլոր գերատեսչություններում։ Չկա որևէ տարբերակված մոտեցում: Պատվաստումը պետք է առաջին հերթին հենց'աշխատողին, ով ամեն օր շփվում է հազարավոր մարդկանց հետ>: ՊԵԿ-ից պնդում են, որ պատվաստման հետ կապված էլ նույն քաղաքականությունն են վարում, ինչ մյուս գերատեսչություններում։ Պարտադիր-կամավոր մեթոդն է, փաստորեն, գործում։

Ավելի ուշ ՊԵԿ աղբյուրներից հայտնի դարձավ, որ զրկել են ոչ թե աշխատավարձերից, այլ պարգևավճարներից։ Բոլոր նրանք, ովքեր չեն պատվաստվել կամ չեն պատրաստվում պատվաստվել՝ պարգևավճար չեն ստացել։ Լուսինե Մկրտչյանը այս հարցին չպատասխանեց՝ ըստ ամենայնի նախորդ պատասխանում թեման սպառված համարելով։