Ինչու ԲՀԿ-ն հետ քաշվեց պայքարից

Ինչու ԲՀԿ-ն հետ քաշվեց պայքարից

Քաղաքական ուժի ակտիվ կամ պասիվ լինելու վերաբերյալ գնահատականներն իհարկե կարող են խիստ սուբյեկտիվ լինել։ 15 տարի շարունակ երկրի քաղաքական կյանքում դերակատարում ունեցող ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», առաջին անգամ հայտնվել է արտախորհդարանական ուժի կարգավիճակում։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ բնականաբար կա վերլուծության անհրաժեշտություն, առաջիկա անելիքների վերաբերյալ ևս իհարկե կա վերլուծության անհրաժեշտություն։  Այս մասին քիչ առաջ «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնած հերթական քննարկմանը իր ելույթում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով խմբի համահիմնադիրներից Էլինար Վարդանյանի դիտարկումներին, թե ինչու հետ քաշվեց ԲՀԿ-ն տեղի ունեցող պայքարից։ Նշենք, որ քննարկումը տեղի է ունենում  «Հայկական օրակարգ․ ընտրություններից մեկ տարի անց» խորագրով։

«Իրականում նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մեր քաղաքական ուժը շարունակել է իր գործունեությունը արտախորհդարանական ուժի կարգավիճակով։ Մենք մեր առաջնային օրակարգում ենք պահել բոլոր առկա խնդիրների արձանագրումն ու վտանգների մասին բարձրաձայնումը, որոնք սպառնում են մեր երկրին։ Մենք գործունեություն միանշանակ չենք դադարեցրել, բայց այո, միանշանակ վերաիմաստավորման, նոր ասելիքով հանդես գալու քննարկումներ տեղի են ունեցել»,- նշեց Տոնոյանը։