Զախարովայի հռետորաբանությունը ՌԴ-ին տեղավորում է հայերին ցեղասպանողների կողքին

Զախարովայի հռետորաբանությունը ՌԴ-ին տեղավորում է հայերին ցեղասպանողների կողքին

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր երկրի պաշտոնական դիրքորոշման խոսափողն է. այն, ինչ արտաբերում է նա, նախապես մշակված ու համաձայնեցված է վերեւներում: Նա ասում է անգամ այն, ինչ բարձրաստիճան պաշտոնյաները չեն ուզում ասել` դա պատշաճ չէ, վտանգավոր է: Պարզապես Ալիեւի դստեր հետ մտերմությունը Զախարովային երբեմն ոգեշնչում է ավելի ջերմեռանդությամբ արտաբերել հակահայկական մտքեր: Եվ այսպես․ եթե Զախարովային դիտարկենք որպես ՌԴ պաշտոնական տեսակետն արտահայտող խորհրդանշական հավաքական կերպար, այսինքն` Զախարովա ասելիս հասկանանք Պուտին կամ Լավրով, ի՞նչ է փորձում ասել եւ անել ռուսական «կայսրությունը»:

Զախարովայի վերջին հայտարարությունը, թե Արցախում էթնիկ զտումներ չեն եղել, բուռն քննարկումների առիթ տվեց հայաստանյան քաղաքական եւ հասարակական կյանքում: Այս արտահայտությամբ ՌԴ-ն բացահայտ դիրքավորվեց հայերին ցեղասպանող երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողքին: Նախ՝ արցախցիների տեղահանության եւ էթնիկ զտումների մեղքից որոշակիորեն մաքրեց Ադրբեջանին: Ասել, թե դա արվում է միայն ռուսական խաղաղապահ զորախմբին անպատվությունից, վարկաբեկվելուց ազատվելու, դաշնակցային պարտավորություններն ուխտադրժորեն չկատարողի խարանից փրկելու համար, ճիշտ չէ: Այո, զորախմբի ներկայութամբ ու լուռ համաձայնությամբ էին արցախցիները` ցեղասպանությունից փրկվելու համար, հեռանում Արցախից, եւ նրանց բռնի տեղահանմանն ակտիվորեն մասնակցել է ռուսական կողմը: «Խաղաղապահ» կոչվող ցանկացած զորախմբի համար ավելի մեծ անպատվություն չէր կարող լինել: Ստացվում է, որ զորախումբն այնտեղ «խրտվիլակ» էր եւ առավելագույնը կարող էր ապահովել հայերի տեղահանությունը: Իսկ այդ խայտառակությունը կոծկելու համար Զախարովայի, ասել է թե՝ ՌԴ-ի հռետորաբանությունը կարող էր ավելի ազնիվ լինել. կարող էին ակնարկել, որ Ռուսաստանը պատրաստ չէր նոր ճակատում ռազմական գործողությունների մեջ մտնել, կարող էին ասել, որ մեր ռազմատեխնիկական հնարավորությունները թույլ չտվեցին բախման մեջ մտնել ադրբեջանաթուրքական տանդեմի հետ: Թեեւ, իրականում, ՌԴ-ն Ալիեւի սիրտը կոտրելու ցանկություն չուներ: Կարող էին գոնե Արցախի շուրջ կատարվածի մասին խոսել ցավով, ափսոսանքով՝ հասկանալով արցախցիների ապրած ողբերգությունը: Այդպես անում են ռուս տարբեր քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ: Սակայն այն հռետորաբանությունը, որով խոսում է պաշտոնական Մոսկվան՝ Զախարովայի շուրթերով, ոչ բարեկամական է, ոչ դաշնակցային եւ, առավել եւս՝ ոչ մարդկային: Այսպես ժամանակին՝ 1915-ից հետո, Հայոց ցեղասպանությունը հերքել են թուրքական երկրի պարագլուխները եւ շարունակում են հերքել մինչ օրս: Զախարովայի հռետորաբանությունը ՌԴ-ին դիրքավորեց հայերին ցեղասպանող ադրբեջանաթուրքական տանդեմի կողքին… 

Նման հակահայ խոսույթն էլ լեգիտիմացնում են վարչապետ Փաշինյանի հակառուսական քայլերը: Հայաստանյան հասարակության մեջ, նույնիսկ այս ամենից հետո, շատերը Ռուսաստանը համարում են մեր միակ դաշնակիցն ու բարեկամը: Հասարակությունը երկփեղկված է ռուսամետների ու արեւմտամետների: Շատերին դուր չեն գալիս Փաշինյանի հակառուսական քայլերն ու գործողությունները: Իսկ պաշտոնական Մոսկվայից հնչող ցանկացած հակահայկական հայտարարություն նոսրացնում է ռուսամետների շարքերը…