Ես ոչնչից տեղյակ չեմ. Դիանա Գալոյան

Ես ոչնչից տեղյակ չեմ. Դիանա Գալոյան

Օրերս մենք գրել էինք, որ դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, թե ինքը տեղյա՞կ է, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին մեղադրում են ԱՄՆ-ում գողություն անելու մեջ, ինքն ուսումնասիրե՞լ է այդ գործը։ ԿԳՄՍ նախարարն ասաց, որ գերատեսչությունում տեղյակ են եւ զբաղվում են դրանով․ «Այժմ պաշտոնական հարցում ենք ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում ենք պատասխանի, որի արդյունքներով կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի մեջ։ Լրջությամբ ենք վերաբերվում այն տեղեկություններին, որոնք շրջանառվում են։ Աշխատանքն ընթացքում է, սպասում ենք պատասխանին»,- ասաց Անդրեասյանը:

Մենք նաև դիմել էինք ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու համար, թե ե՞րբ կստանան իրենց հարցման պատասխանը և արդյո՞ք հաստատական պատասխան ստանալուց հետո Գալոյանը հրաժեշտ կտա պաշտոնին, քանզի օրենքը թույլ չի տալիս դատապարտված անձին աշխատել որպես բուհի ռեկտոր, եթե դատվածությունը մարված չէ: ԿԳՄՍՆ-ից մեզ հայտնեցին, որ նման հարցերին, որպես կանոն, բավականին ուշ են արձագանքում, այն էլ ԱՄՆ-ի պես գերտերությունից, նշեցին, որ սպասում են պատասխանին, ինչից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն: 

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը «Հրապարակի» այն հարցին, թե՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ու Ձեր միջև «սև կատու» է անցել ու հենց այդ պատճառով՝ ռեկտոր նշանակվելուց միայն 3 տարի անց, Անդրեասյանը որոշեց ԱՄՆ հարցում ուղարկել և պարզել գողություն արե՞լ եք, թե՞ ոչ, ի վերջո ինչո՞ւ տիկին նախարարը որոշեց հենց այսօր Ձեր «դիմակը» պատռել, Գալոյանը նշեց. «Ես ոչնչից տեղյակ չեմ, ոչ մի բան չեմ կարող ասել»: