Ադրբեջանի անհանգստությունը

Ադրբեջանի անհանգստությունը

Մամուլում տեղեկություն է տարածվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների այսօր կայանալիք տեսակապով բանակցությունների մասին: Մինչ այդ կողմերի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներ էին ունեցել Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարները: Ավելի վաղ, կապված Արցախում նախագահական ընտրությունների հետ, հայտարարություն էին տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչին հետեւել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հավաստիացումը, որ, չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բարդություններին, ԼՂ կարգավորման գործընթացը շարունակվում է: Երեկ տեսակապով համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ շփվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:

Ուշագրավ է տարածված պաշտոնական հաղորդագրության այն շեշտադրումը, որ միջնորդները կարեւորել են համավարակի պայմաններում հրադադարի ռեժիմի խստիվ պահպանման անհրաժեշտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս ընդգծումն արել են Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունից հետո, թե Բաքուն սպասում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի կատարմանը, որի դեպքում «միայն հնարավոր է ապահովել տարածաշրջանային կայունությունը եւ խաղաղությունը»: Բաքուն, կարծես, անհանգստացած է, որ կորոնովիրուսի համավարակի վտանգով պայմանավորված՝ միջնորդները կարող են առաջարկել, այսպես ասած՝ «իրավիճակի սառեցում» եւ շփման գծում հրադադարի ամրապնդման ու վերահսկման միջոցառումների կիրառում:

Ըստ երեւույթին, համաշխարհային քաղաքականության օրակարգում մոտակա տարիներին գերակա է լինելու հետկորոնավիրուսային աշխարհակարգի խնդիրը, եւ լոկալ հակամարտությունների կարգավորումը մղվելու է երկրորդական-երրորդական պլան: Ադրբեջանի համար լրջագույն բարդություն է նաեւ Թուրքիայի շուրջ իրավիճակը, որ գնալով ավելի անորոշ է դարձնում այդ երկրի դերը մերձավորաերեւլյան տարածաշրջանում: Տեղեկատվություն է տարածվել, որ ԱՄՆ նախագահը մտադիր է վերացնել Կիպրոսին սպառազինությունների վաճառքի արգելքը: Որոշ մեկնաբաններ հավանական են համարում, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդի հետ համաձայնության գան՝ կղզու միավորումը կոնֆեդերատիվ սկզբունքով իրականություն դարձնելու հարցում: Նման հեռանկարն, ինչ խոսք, Բաքվի համար անցանկալի է: Եթե ԼՂ կարգավորման միջնորդներն առաջարկեն հրադադարի ամրապնդում եւ վերահսկում, ապա ինչպիսի՞ն կլինի Ադրբեջանի արձագանքը: Հնարավո՞ր է, որ Բաքուն փոխարենն օրակարգ բերի կարգավորման սկզբունքների համաձայնեցումը՝ բուն գործընթացը թողնելով ապագային: