Ձեռք ես տվել` խաղա՛ եվ մի՛ մեղադրիր դիմացինին

Ձեռք ես տվել` խաղա՛ եվ մի՛ մեղադրիր դիմացինին

Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատի փլուզման մեջ դեռեւս պատասխանատուներ չկան, եւ եթե իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես վերջին ութ ամիսներին կամ դրան նախորդած երեք տասնամյակներին, պատասխանատուներ եւ իրավական մակարդակում պատասխանատվություն կրողներ այդպես էլ չեն լինի:

Մեկ անգամ արդեն նույն պաշտոնում իրեն ձախողած Երեւանի գլխավոր ճարտարապետը եւ մշակույթի նախարարի պաշտոնում ի սկզբանե ձախողված Մակունցը կարող են շարունակել մեկնաբանություններ թողնել կատարվածի շուրջ` արդարանալ կամ մեղադրել միմյանց: Մշակույթի նախարարության աշխատակիցը կարող է Մեսչյանին անվանել ստախոս, Մեսչյանը` մեղադրել նախարարությանը, վերջինս` կառուցապատողին, եւ այսպես կպտտվի մեղադրանքների ու քննադատությունների անիվը, ու ամեն ինչ կսկսվի նորից` վերադառնալով ի շրջանս յուր: Ոչինչ չի փոխվի: Մակունցն ուրախությամբ կհայտարարի, որ իր գործառույթները մշակույթի նախարարի պաշտոնում արդեն դադարել են, եւ, ըստ էության, այդ շրջանակներում ինքն այլեւս անելիք չունի (հետաքրքիր է` իսկ երբեւէ ունեցե՞լ է), եւ որ իրենք ստացել են «վատ ժառանգություն»: Որպեսզի խուսափենք ցինիզմին ցինիզմով պատասխանելուց, կհարցնենք` օրիորդ Մակունցն իրեն լավ ժառանգ համարո՞ւմ է: Ականատես ենք լինում հերթական կրկեսին, որի արդյունքում, արդեն երեք տասնամյակ, տուժում են ժողովուրդն ու պատմությունը: 

Մեղավորների մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ մեր քաղաքական համակարգում մեղավորին պատասխանատվության ենթարկելու ինստիտուտ գոյություն չունի եւ չի էլ ունեցել: Քաղաքական նոր համակարգում յուրաքանչյուր ձախողում վերագրվում է նախորդին, եւ օգտագործվում են հնարավոր բոլոր միջոցները՝ իրականությունը լղոզելու համար: Իսկ քաղաքական նոր իրավիճակում նախորդ իշխանություններից ժառանգություն ստացած արդարանալու ավանդական մեթոդներին հավելվել է եւս մեկը` թերեւս ամենաարդյունավետն ու արդիականը. այլեւս պետական կառավարման գործիք հանդիսացող Ֆեյսբուքում սանձազերծված հարյուրավոր կեղծ օգտատերերի, իրենց անվամբ հանդես եկող պատրաստակամ օճառների, քծնողների ու նվիրյալ հեղափոխականների միջոցով լղոզվում է ճշմարտությունը, եւ ստեղծված ատելության մթնոլորտում ոտնատակ է արվում ճշմարիտ խոսքն ու մղվում հետին պլան` ստեղծելով «նոր» Հայաստանի թավշյա ու լուսավոր կերպար, որի մասին կերազեր նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ իրավիճակը վարդագույն ակնոցների միջով ներկայացնող Հ1-ը (եւ որովհետեւ «լավագույն ավանդույթները» չեն մոռացվում` Հ1-ը նույն տրամաբանությամբ աշխատում է հօգուտ ՔՊ-ի)։

Յուրաքանչյուր պատեհ ու անպատեհ առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է` սա է Նոր Հայաստանը: Մի կողմ թողնենք այս ձեւակերպման վիճարկելի էությունը եւ հարցնենք` արդյոք «նոր» Հայաստանում պետական պաշտոնյան իր անդառնալի ձախողման համար հրաժարական կտա՞: Պե՛տք է տա, բայց արդյո՞ք կտա: Եվ եթե այո, ապա ինչո՞ւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ով խոստացել էր անել հնարավոր ամեն բան՝ պահպանելու պատմամշակութային արժեք հանդիսացող յուրաքանչյուր շենք, մինչեւ այժմ հրաժարական չի տվել: Տրամաբանական է` ինչու, որովհետեւ այս կադրային քաղաքականության պայմաններում արդեն հրաժարական տված կլիներ վերջին ութ ամիսների ընթացքում ակնհայտ ձախողված հեղափոխական գործիչների մեծ մասը: 

Ձեռք ես տվել` խաղա՛ եւ մի՛ մեղադրիր դիմացինին, որպեսզի կոծկես սեփական ձախողումներդ, ու պարտություններդ որպես հաղթանակ մի՛ ներկայացնի: