Փաշինյանի ինքնախոստովանությունը՝ Վլադիվոստոկում

Փաշինյանի ինքնախոստովանությունը՝ Վլադիվոստոկում

Մանիպուլյատիվ ձև է, երբ Փաշինյանը Վլադիվոստոկի հայ համայնքի գիտակցության մեջ  փորձում է կաթացնել, որ «Կան հայտնի ուժեր, որոնք գալիս են Մոսկվա եւ ասում են, որ Հայաստանի կառավարությունը պրոարևմտյան կառավարություն է»․․․ Իր բառերն են․ «տեսեք տարին քանի անգամ եմ  Պուտինի հետ խոսում հեռախոսով, քանի անգամ եմ հանդիպում և այլն»։ Ենթագիտակցորեն մարդկանց ներարկում է, որ ինքը ռուսամետ է, չնայած Արևմուտքի մասին էլ նույնն է ասում՝ այնտեղ էլ նույն ուժերը  քարոզում են, որ ինքը պրոռուսական է։ 

Մի բան վստահորեն կարելի է ասել․ գերտերությունների համար Նիկոլ Փաշինյանը «չհունցած կավ է»․ ով ոնց ուզում, նրան ,, հունցում է։ Ռուսաստանը իր շահերն ունի Թուրքիայի հետ և այդ կետում, երբ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստան են կանչում, դա չի նշանակում, որ նա ռուսամետ է։ Նա սպասարկում է բոլոր այն տերությունների  շահերը, որոնք  համընկնում են Թուրքիայի շահերի հետ։ Այնպես որ Պուտինի հետ եթե օրումեջ էլ հանդիպի, էլի ռուսամետ չի։ Նույնը արևմուտքի մասին կասեմ։ Թուրքիայի շահերը սպասարկելու համար նա հայտնվել է գերհզոր տերությունների շիկակաթսայում։ Սպասել, որ նրա հանդիպումներից Հայաստանը կշահի, մանկամտություն է։ 

Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանը նոր ինքնախոստովանություն է արել․

«Իշխանության վիճակը ավելի բարդ է։ Գիտե՞ք՝ ինչու․ որովհետև 2018-ին մենք էյֆորիայի պայմաններում եկանք իշխանության․ էյֆորիայի պայմաններում։ Եվ մենք բախվեցինք դաժան իրականության հետ։ Բայց հիմա մենք պետք է ինքներս մեր աշխարհընկալման հետ կապված հետևություններ անենք։ Պետք է չվախենանք նաև որոշումներ կայացնել․ ծանր որոշումներ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ որոշումները պետք է «մեզ առաջ տանեն, նույն կետում մնալ չկա»։

Ի՞նչ է էյֆորիան․ դա այն վիճակն է, որի մեջ մարդը ընկնում է կամ ուղեղում թթվածնի ոչ բավարար քանակից, կամ թմրանյութերի օգտագործումից։ Էյֆորիան համառոտ՝ նաև հատուկ նյարդոլոգիական խանգարումների համախտանիշ է։ Էյֆորիկ վիճակը բացառում է որևէ բացասական ապրում և չի համապատասխանում ոչ շրջակա իրականությանը, ոչ էլ՝ հիվանդի ֆիզիկական վիճակին։ Քննադատությունը սեփական «ես»-ի և իրականության նկատմամբ իջած է։

Ահա թե ինչ պայմաններում է իշխանության եկել Փաշինյանը։ Իր ատելության մորֆիով խաթարել է մարդկանց գիտակցությունը և կեղծ խոստումների ներարկումներով խորացրել էյֆորիկ վիճակը։ Անցել է այդ պրոցեսը, ու մարդիկ տեսնում են, թե ով է նա, ով է իրենց ներարկել էյֆորիկ վիճակում հայտնվելու թմրադեղը ու պատասխան են պահանջում։ Նրա համար հիմա դժվար է «ծանր որոշումներ կայացնել», որի համար նա եկել է ու համապատասխան նշմարներ է տալիս։ Դե օգնեք՝ անեմ։