Կռապաշտության ևս մի դեպք․ հերթական անզուգականը՝ նվիրված Նիկոլ Փաշինյանին

Կռապաշտության ևս մի դեպք․ հերթական անզուգականը՝  նվիրված Նիկոլ Փաշինյանին

Համացանցում լուսանկար է հրապարակվել Հայաստանի ազգային գրադարանից։ Լուսանկարում պատկերված է գրադարանի ցուցափեղկերից մեկը, որտեղ տեղադրված է «Նիկոլ․ Հայ ազգի հերոսը» գիրքը։ Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել քաղակտիվիստ Գարիկ Միսկարյանը՝ հետևյալ մենաբանությամբ․ ««Նիկոլ հայ ազգի հերոս» գրքի հեղինակին չեմ ճանաչում, բայց գիտեմ մի բան, ազգի հերոսի կոչումը տալիս է ժողովուրդը, որը հաստատվում է ժամանակի կողմից։ Ինձ համար վախեցնողը գիրքը չէ, այլ որ այն նկարել եմ Հայաստանի ազգային գրադարանի ցուցասրահում։ Հուսով եմ, որ այսպիսի քայլեր ազգային գրադարանում այլևս չի լինի, իսկ այդ գիրքը ուղղակի կհեռացվի ցուցասրահից»։

Գիրքն ու գրքի հեղինակը հայտնի չէին նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանին, սակայն նա նշեց, որ որևէ սկզբունք չկա, ըստ որի գրքերը հայտնվում են ցուցափեղկերում, այսինքն՝ գիրքը ցուցադրության համար ընտրված չէ, պարզապես պարբերաբար նոր ստացված գրքերը ցուցադրվում են, որպեսզի ընթերցողը կարողանա ծանոթանալ դրանց։ Զարգարյանը նաև նշեց, որ «գրքի վերնագիրը իրեն էլ հետաքրքրեց և անպայման կծանոթանա դրան»։